Նախարարը չի հիշում ում է զրկել լիցենզիայից

Նախարարը չի հիշում ում է զրկել լիցենզիայից
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի ընդունում, որ խլել է օրերս Սյունիքի մարզպետի կողմից հարձակման ենթարկված կին գործարար Սիլվա Համբարձումյանի հանքը` Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքավայրը, եւ տվել մանկապիղծ մեծահարուստ Սերոբ Տեր-Պողոսյանին: Հիշեցնենք, որ իր ասուլիսում այս մասին ասել էր կին գործարարը` հայտարարելով, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր 3,5 մլն ներդրումը հետ բերելու նպատակով: «Ես արել եմ այն, ինչ օրենքը նախատեսում է: Դրա համար ինքը դիմել է դատարան, դատարանը լսել է այդ հարցը, համապատասխան վերաբերմունք է ցուցաբերել: Դրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել»,- մեր հարցին ի պատասխան հայտարարեց նախարարը` հավելելով. «Ովքեր որ օրենքով նախատեսված իրենց գործառույթը չեն կատարել, զրկվել են լիցենզիայից, անկախ, թե ով է դրա սեփականատերը»:



Նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է, օրինակ, նշել մի բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի անուն, որի հանքի շահագործման լիցենզիան դադարեցրել է: «Այո, շատերին կարող եմ ասել: Անուններ չեմ տա, բայց կարող եմ»,- պնդեց նախարարը: Մենք էլ պնդեցինք, որ մի երկու անուն նշի: «Բայց ինչի՞ պիտի ասեմ: Մարդը կոմերցիոն գործունեություն է իրականացրել, լիցենզիա է ստացել, դա տվյալ անձնավորության կոմերցիոն գաղտնիքն է, կամ ի՞նչ իրավունք ունեմ հրապարակելու: Կան, այո, շատ-շատ մարդիկ կան, որոնք ունեցել են հանքի շահագործման լիցենզիա: Ոչ թե խլել ենք, այլ օրենքով դադարեցրել ենք լիցենզիայի գործունեությունը»,- հայտարարեց նախարարը:



Հարցրինք նաեւ՝ մեր հասարակությունը պիտի չիմանա՞, թե ում են պատկանում պետական հանքերը: «Հանքերը պետական են, շահագործման իրավունքն է տրվում մասնավորին, մասնավոր հանք գոյություն չունի»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Այսինքն, ըստ նրա, հասարակության համար բավարար է իմանալ, որ հանքերը պետական են եւ վերջ, իսկ թե ով է շահագործում դրանք, պարտադիր չէ իմանալ: «Ինչո՞ւ եք Սիլվա Համբարձումյանից վերցրել եւ տվել մեծահարուստ Սերոբ Տեր-Պողոսյանին» հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանեց.



«Նախ` Սերոբ Տեր-Պողոսյանին տրված չի, աճուրդի է հանվել: Ով որ գնել է, նրան էլ տրվել է: Թե ով է գնել՝ չեմ հիշում, չեմ էլ կարող ասել, բայց հաստատ կարող եմ ասել` Սերոբ Տեր-Պողոսյանը չի դա: Այո, ավելի թանկ ենք վաճառել, քան էն, ինչ որ տրված էր, եւ գնորդն էլ Սերոբ Տեր-Պողոսյանը չի, հաստատ եմ ասում: Ով է՝ չեմ կարող հիշել»: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ հանքն աճուրդով տրվել է «Սագամար» ընկերությանը, որը, ըստ նրա, պատկանում է Սերոբ Տեր-Պողոսյանին:



Վերահսկիչ պալատը մոտ մեկ տարի առաջ աղաղակող խախտումներ հայտնաբերեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ոսկու շահագործման հանքավայրում, որը շահագործել էր ոսկին, սակայն որեւէ դրամ չէր վճարել պետական բյուջե: Ռուսներին պատկանող այս ընկերությունը մինչ օրս չի զրկվել լիցենզիայից, թեեւ, ըստ Վերահսկիչի տվյալների, դրա հիմքերը կային: «Ինչո՞ւ չեք զրկում լիցենզիայից» մեր հարցին նախարարը պատասխանեց. «Ով որ խախտել է պայմանները, բոլորին զրկում ենք, մի քանի օր առաջ 12 հանքի շահագործման լիցենզիայից զրկելու թուղթ եմ գրել-ստորագրել, որոնք որ խախտել են լիցենզիայի պայմանները»: Թե որ ընկերություններին է մի քանի օր առաջ զրկել լիցենզիայից, նախարարը չի հիշում. «Այն ընկերություններին, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել: Հո բոլորին հիշել չի՞ լինի: Էս ամբողջ դաշտի մեջ մեկ-երկու անուն հիշել, դրա վրա սեւեռվել չի լինի»: Ի դեպ, ըստ նրա, Հայաստանում ռուսներին պատկանող 15-20 հանք կա:



Հիշեցնենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար-Սիլվա Համբարձումյան դատական վեճը սկսվել է անցյալ տարի. «Սիփան 1» ընկերությունը, որին պատկանում է Մեղրու Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան, դատի է տվել նախարարությանը` պահանջելով չեղյալ համարել նախարար Արմեն Մովսիսյանի որոշումն իր ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին: Օրերս կին գործարարը հայտարարեց, որ նախարար Արմեն Մովսիսյանն է մեղավոր, որ ինքը զրկվել է Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման լիցենզիայից, եւ որ հանքավայրը շահագործող «Սիփան 1» ընկերությունը 3 միլիարդ 400 միլիոն դրամի ներդրում է կատարել` հանքը շահագործելու նպատակով, սակայն վերալիցենզավորվելու հնարավորություն չի ունեցել։ «2010-ի հունիսին դատը շահեցինք, 2010-ի հոկտեմբերին նախարարն անվավեր ճանաչեց մեր իրավունքը, աճուրդով հանքը վաճառեց «Սագամար» ընկերությանը։ Միայն այս մի ընկերությունն էր մասնակցում աճուրդին: Հիմա դատարան ենք մտել` նախարարի հրամանը չեղյալ հայտարարելու համար, իսկ հետո դատարան կմտնենք` իմ ներդրումները հանքում փոխհատուցելու համար»,- հայտարարել էր կին գործարարը` հավելելով, որ դիմելու է ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: