ՍԴ որոշումները պարտադիր են դատարանների համար

ՍԴ որոշումները պարտադիր են դատարանների համար
«Սահմանադրական դատարանի որոշումները, իրավական դիրքորոշումները պարտադիր են կիրառման համար: Ես կասեի՝ դրանք օրենքից բարձր են: ՍԴ որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն իրավակիրառողի համար: Իրավական ակտերի մասին 9-րդ հոդվածն ամրագրում է ՍԴ որոշումների ավելի բարձր իրավական ուժ ունենալն օրենքների նկատմամբ: Իրավակիրառողը պարտավոր է հետեւելու ՍԴ իրավական դիրքորոշումներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՍԴ նոյեմբերի 15-ի որոշմանը, ասաց Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը:



Նրա խոսքով, ՍԴ այս որոշումը քայլ առաջ էր խոսքի ազատությունը պաշտպանելու ուղղությամբ:  Միեւնույն ժամանակ նա համոզված է, որ եթե իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթներն ընկալվեն եւ կիրառվեն ՍԴ իրավական դիրքորոշումից չբխող, այդ դիրքորոշումներին չհամապատասխանող բովանդակությամբ, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի հակասահմանադրական իրավիճակի եւ «իրավակիրառողը... կխախտի ոչ միայն օրենքը, այլեւ Սահմանադրությունն ու ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասաց Հակոբյանը:



Մեր հարցին՝ եթե դատարաններն այնուամենայնիվ չկիրառեն Սահմանադրականի իրավական դիրքորոշումները, ի՞նչ իրավական հետեւանքներ, «պատժամիջոցներ» կարող են հետեւել դրան: Տիկին Հակոբյանը նկատեց, որ դատարանների նկատմամբ պատժամիջոցների խնդիր չկա, քանի որ այս դեպքում առաջ է գալիս անձի իրավունքների պաշտպանության խնդիր, որը կարելի է բարձրացնել Եվրադատարանում: «Եթե դատարանը խախտեց ՍԴ որոշումը, չկիրառեց, չառաջնորդվեց ՍԴ իրավական դիրքորոշումներով, իրավական հետեւանքները նույնն են, եւ անձի համար ծագում են իրավական պաշտպանության նույն հնարավորությունները, ինչ, եթե դատարանը կխախտեր օրենքը: Այսինքն, ՍԴ որոշումը չկատարելը կարող է հանդիսանալ բողոքարկման հիմք, եւ հետագայում, եթե ներպետական 3 ատյաններում էլ որեւէ հաջողության չհասնի քաղաքացին, գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ էլ կարող է դիմել քաղաքացին»,- ասաց Հակոբյանը:



Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՍԴ որոշումը բնավ ելք չէր ստեղծված իրավիճակից: Ընդամենը քաղաքացիների եւ լրատվամիջոցների համար եւս մեկ գլխացավանք ավելացավ՝ ՄԻԵԴ դիմելու եւս մեկ առիթ ավելացավ, քանի որ բոլորը քաջ ծանոթ են մեր դատական համակարգին: Քանի դեռ չկա քաղաքական կամք, որեւէ բան փոխելու հեռանկար չկա: Չնայած ՍԴ ներկայացուցիչն այլ կարծիքի է: Նրա խոսքով, այն փաստը, որ ՍԴ-ն օրենքը չի ճանաչել հակասահմանադրական, դեռեւս չի կաշկանդում օրենսդիրին փոփոխություններ անելու օրենքում: Սակայն այդ դեպքում էլ երաշխիք չկա, որ օրենքը կբարեփոխվի:



Ի դեպ, նշենք, որ ՍԴ այս իրավական դիրքորոշումները հետադարձ ուժ չունեն եւ չեն կարող տարածվել արդեն իսկ կայացված վճիռների վրա: «Գոյություն ունի ՍԴ որոշումների հիման վրա  դատական ակտերի վերանայման ինստիտուտ: ՍԴ որոշումը դիտվում է որպես վերանայման հիմք, նոր հանգամանք, բայց միայն անհատական դիմումների արդյունքում: Կոնկրետ այս դեպքում դատական ակտերի վերանայման հիմք նախատեսված չէ»,- ասաց Լիանա Հակոբյանը: Վերջինս դժվարացավ ասել՝ ամեն դեպքում կգործի օրենքի ՍԴ մեկնաբանությունը, թե ոչ, սակայն ավելացրեց. «Եկեք կանխատեսումներ չանենք: Ես կարծում եմ, որ եթե պետությունն իրեն հռչակել է իրավական, դատարանները միանշանակ պետք է առաջնորդվեն ՍԴ որոշմամբ, եւ որեւէ մտավախություն չպետք է լինի, որ այդ դիրքորոշումները կյանքի չեն կոչվի»: