Նորից ուրանի որոնումներ

Նորից ուրանի որոնումներ
Սյունիքի մարզի Լեռնաձորի վարչական տարածքում շարունակվում են ուրանի որոնողական աշխատանքները: Մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, որ հորատման աշխատանքներն իրականացնող «Աբվան» ՍՊԸ տնօրեն Յուրա Գեւորգյանն ասել էր, որ շարունակում են նախորդ տարվա նախագիծը՝ կփորեն, կհետազոտեն ու կգնան: Չնայած քիչ թվով աշխատակիցներին՝ ընդամենը չորս հոգի, արդեն տեխնիկա է բերվել Լեռնաձոր: Սա կրկին անհանգստացրել է բնակիչներին, եւ հնարավոր է, որ հակաուրանյան շարժումը վերսկսվի: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար Լեռնաձոր բերված հորատող մեքենան հրկիզվել էր: Չնայած աշխատակիցները մեղադրեցին հակաուրանյան շարժումը սկսած ՀԿ-ների ներկայացուցիչներին, եւ հարուցվեց քրեական գործ, բայց այդպես էլ մեղավորներ չհայտնաբերվեցին: Իսկ լեռնաձորցիները մինչ օրս էլ պնդում են, որ մեքենան կայծակից ինքնահրդեհվել էր:



Երեկ, երեկոյան կողմ, լրագրողներն ու հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձեցին նկարել նոր բերված տեխնիկան: Սակայն աշխատողները նրանց արգելեցին՝ ասելով, որ սեփական տարածք է, եւ ոստիկանություն ահազանգեցին: Ոստիկանները պարզաբանում ստանալուց հետո հեռացան: Այնուամենայնիվ, լուսանկարել ցանկացողները հեռվից նկարեցին: