Առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք

Առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք
Դեռ 1995-96-ական թվականներին էր պարսկական մի ընկերություն ցանկություն հայտնել «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում մոտ 25 հարկանի հյուրանոցային համալիր կառուցելու, գնվել էր այդ տարածքի հողը: Այսօր ահա նույն տեղում 50 հարկանի շինության մասին է խոսվում: Բիզնես նպատակ, այն էլ արագ զարգացող աշխարհում, բոլորն ունեն: Բայց, ինչպես երեւում է, պարսիկների ախորժակը մեծացել է, եւ թվում է՝ եթե հիմա չկառուցեն, վաղն իրենց հավակնոտությունը կհասնի մինչեւ մի 100 հարկի: Եթե նախկինում այս խոսակցությունները սոսկ առաջարկության մակարդակում էին, այսօր ակնհայտ է` թերեւս համաձայնություն է ձեռք բերվել: Կոմպոզիցիայի` տվյալ միջավայրին եւ առհասարակ մայրաքաղաքի ընդհանուր ֆոնին համապատասխանության առումով դժվար է որեւէ բան ասել, որովհետեւ այժմ կարծես անորոշ է, թե Երեւանն իր ճարտարապետական ուղին դեպի ուր է տանում, ինչ ձգտումներ կան, թեպետ ինժեներական լուծումների իմաստով անհնար ոչինչ չկա:



Հիմա նորից բարձրաձայնում են, թե աղավաղվելու է մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը, սակայն քաղաքի տերեր կան, որոնք էլ սահմանում են՝ ինչը ոնց եւ որտեղ արվի: Ավելին, շատ մասնագետներ, որոնք այսօր դեմ են այդպիսի բազմահարկ շինության կառուցմանը, դեռ 60-ականներին իրենք  են քաղաքում նորամուծել 10 հարկանի եւ ավելի շենքերի կառուցումը: Կարճ ասած,  մասնագիտական քննադատությունն անգամ մեր օրերում` ինչու չի կարելի, որտեղ չի կարելի, այսօր մի տեսակ մանկական կապրիզ է հիշեցնում: Այս չի կարելի, այն չի կարելի: Սակայն այդքան «կարելիներ» ինչպե՞ս հայտնվեցին քաղաքում: Եվ, նայելով Երեւանին, թվում է՝ երբեւէ  ոչ քաղաքապետ է ունեցել, ոչ էլ ճարտարապետ: Ինչ-որ մարդկանց ինչ-որ շահերն են այսօր առաջնային: Պարոնյանի հայտնի խոսքերն են այսօր բնորոշ մեր քաղաքի ճարտարապետական դիմագծին` «Առաջ կպոռանք, ետ կերթանք»: Պատճառը թերեւս այն է, որ մենք կենտրոնամետ ժողովուրդ ենք եւ սպառող ու վատնող:



Կարող էինք մյուսների նման բոլոր նորամուծությունները մայրաքաղաքից դուրս կառուցել, բայց սպառողական մեր հոգեբանությունը Երեւանը դարձրեց փորձադաշտ: 50 հարկանի շենքի կառուցումն առավել ուշագրավ է Երեւանում իր եզակիության առումով, եւ թվում է՝ մեր քաղաքը հայտնի է դառնալու հենց այս շինությամբ, բայց ի՞նչ կարող ենք անել: Ժամանակին էլ Մոսկվան էր հզորի պարտադրանքով նախկին սոցլագերում տեղակայում լոմոնոսովյան շենքերը: Ճարտարապետությունը մեր կյանքի, մեր իրականության ամենավառ արտացոլումն է: Այն, ինչ մեր բակերում է, մեր սենյակներում, ընտրություններին, հստակ քարանում եւ մնում  է ճարտարապետության մեջ: Իսկ այսօր ոչ ոք չի ժխտի, որ մեր քաղաքի պատկերը մեր ներքին դիսհարմոնիայի արտացոլումն է, պատկերավոր ասված` երբ երկիրը շուկայական է, գաղափարախոսությունը` կոմունիստական:



Կենտավրի նման է մեր երկիրը. գլուխը՝ սովետական, ոտքերը՝ կապիտալիստական եւ այլն: Չնայած քաղաքներին բնորոշ է տարբեր ժամանակաշրջանների թելադրանքը` բազմաշերտությունը: Իհարկե, մեր մենթալիտետի թելադրմամբ սովոր ենք միայն թամանյանական շնչով արված շինությունների, սակայն ոչ մի նորամուծություն չպետք է թույլ տալ դիսհարմոնիկ  եւ առհասարակ մարդուն նեղելու` «գերակա շահ» կոչվածի հաշվին:



Համլետ Խաչատրյան, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ