Շներն այստեղ տեր ու տիրական են

Մենք փորձեցինք կազմակերպությունից ճշտել, թե ինչով է զբաղված «Յունիգրաֆ-X» կազմակերպությունը եւ տեղյա՞կ է արդյոք Սեւանի փողոցում գտնվող ավտոկայանի վիճակից: Աշնան կեսերին շների բեղմնավորման շրջանն է, եւ, դրանով պայմանավորված, հնարավոր է կենդանիների ակտիվացում, ու նաեւ թվաքանակի աճ է նկատվում: Բացի դա, կայարաններում եւ մարդաշատ վայրերում, որտեղ սննդի մնացորդներ կան, կենդանիների թիվը մեծ է լինում: «Նախկին կայանատեղին էլ մարդաշատ էր, բայց շներ բացակայում էին» դիտարկմանը կազմակերպության աշխատակիցն ասաց. «Վերջին մեկ ամսվա ընթացքում Սեւանի փողոցից ահազանգ չի գրանցվել»:
Վերջերս «Կենդանիների պաշտպանություն» ՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը ներկայացրել է իր փաստարկները. «Քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-X»-ը պայքար է իրականացնում թափառող շների դեմ, ինչի համար այդ կազմակերպությանն ամեն տարի պետբյուջեից 180 միլիոն դրամ է հատկացվում: Սա, ի դեպ, պաշտոնական թիվ է:
Սակայն պետք է նշեմ, որ Երեւանում ոչնչացվող եւ ստերջացվող շների նման քանակություն չի կարող լինել, ինչպիսին ներկայացնում է «Յունիգրաֆ-X»-ը: Կենդանիների ստերջացման մասին խոսք լինել չի կարող, եւ փորձը ցույց է տալիս, որ քաղաքային իշխանություններն ընդհանրապես մտահոգված չեն հարցը պրոֆեսիոնալ կերպով եւ գիտականորեն լուծելու ուղղությամբ: Նրանց իրականացրած ծրագրերի արդյունքում կրկին առկա է ոչ մի փոփոխություն չկրող շների թվաքանակ»:
Ուղեւորների ահազանգի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության «Հայ ավտոկայան» ՓԲԸ-ից: Կառույցի պատասխանատու Վարդան Սաղաթելյանն ասաց. «Քաղաքապետարան ենք ուղարկել նախագիծ-նախահաշիվ՝ շինարարության թույլտվություն ստանալու համար: «Երեւանջուր» եւ ՀԷՑ կազմակերպությունների հետ պայմանագիր ենք կնքել. մեկ շաբաթից ավտոկայանատեղիի լուսավորության հարցը կլուծվի»: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավտոկայանատեղին մինչեւ տարեվերջ կունենա նոր մասնաշենք, իսկ ծրագիրն իրագործելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կարինե Սարգսյան
Կարծիքներ