Ոնց որ խաշն ամռան կեսին

Ոնց որ խաշն ամռան կեսին
Վերջերս Հայաստանի կառավարությունը 10-ական միլիարդ դրամ  հատկացրեց մարզերին՝ համայնքային ճանապարհները վերանորոգելու համար: Առաջին հայացքից թվում է, թե կառավարությունը  դարձյալ դեմքով թեքվել է դեպի գյուղը, մանավանդ ձմռան նախաշեմին: Թվում է, թե մնում է ձմռանը համայնքների ճանապարհներն ասֆալտապատի, որպեսզի հաջորդ գարնանն ավելի հաստատակամ կանգնի հողագործի կողքին: Սակայն համայնքներում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում կառավարության այս քայլին, քանի որ տարիներով կուտակված ու չլուծված խնդիրների կողքին սա եւս համարում են հերթական միջոցառում, որի պտուղները ճաշակելու են ոչ թե համայնքները, այլ ժամանակավրեպ որոշում կայացնողները. պարզ ասած` կառավարությունը:



Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի նախալեռնային գրեթե բոլոր համայնքներում միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհներ կառուցելու անհրաժեշտություն կա, սակայն մարդիկ այս որոշման մասին լսելիս ընդամենը ձեռքը թափ են տալիս եւ ասում` ավելի լուրջ բաներից խոսի:



Շուրջ 50 տարի գյուղատնտեսության ոլորտում աշխատած Գրիգոր Հակոբյանն ասաց. «Կառավարության այս որոշումը ոնց որ հուլիս ամսին Արարատյան  դաշտում  բաց տարածության մեջ խաշ ուտես, հետն էլ 70 աստիճան թնդությամբ թթի արաղ խմես: Էսօր ոչ թե դրա օրն է, այլ պետք է մտածեին հակակարկտային կայաններ տեղադրելու մասին: Խորհրդային Միության ժամանակ ընդամենը մեկ հակակարկտային կայան կար Դավթաշեն գյուղում, եւ այս նախալեռնային բոլոր համայնքները գրեթե լիովին ապահովագրված էին կարկուտից: Ապահովագրված էին անգամ Արտենի եւ Արագած խոշոր այգեգործական համայնքները, որոնք կայանից գտնվում էին շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա: Հիմա Ն. Սասնաշենում մասնավոր մի անձ իր այգում տեղադրել է հակակարկտային մի կայան, ես կասեի՝ խաղալիք, որը հազիվ իր այգու տարածքն է ապահովում կամ չի ապահովում կարկուտից»:



Ինչպես ներկայացրին Կաքավաձոր, Ն. Սասնաշեն, Վ. Սասնաշեն, Վ. Բազմաբերդ համայնքներում, անցած ընտրություններից առաջ էլ կառավարությունն այս համայնքներում ստանձնել էր ասֆալտ վերանորոգելու հայրենանվեր պարտականությունը, սակայն փաստ է, որ նախընտրական գործընթացի հետ ինչ-որ արել՝ արել են: Մնացած կիսատ թողածի մի մասն այս ընտրություններին են ուզում շարունակել: Անցած ընտրությունների ժամանակ Ն. Բազմաբերդում վերանորոգվեց 1.5 կիլոմետր ասֆալտ, սակայն, ինչպես ասում են գյուղում, ասֆալտը պոչեր ունի:



Այն հատվածը, որ միացնում է Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհը, շուրջ 100 մետր բոլորովին չի վերանորոգվել, որովհետեւ մարդիկ չեն կարողացել որոշել՝ դա միջպետական, թե ներհամայնքային  նշանակության հատված է: Ավելին, ճանապարհի այն հատվածը, որը կապում է Երեւանի հետ, ժամանակի ընթացքում ասֆալտի տակից լիցքի քայքայվելու ու փլուզվելու հետեւանքով խորշ է առաջացրել, որն ամեն ակնթարթ պատրաստ է ամենաթեթեւ մեքենայի ծանրությունից անգամ փլուզվել: Սա իր հերթին. նոր ասֆալտը, որպես օրինաչափություն, հասնում է գյուղի սկիզբն ու չի շարունակվում: Նույն վիճակում է Ն. Սասնաշեն, Վ. Բազմաբերդ հատվածում:



Կաքավաձոր, Ն. Բազմաբերդ հատվածն ամենաանմխիթար հատվածներից է: Մարդիկ գերադասում են ոտքով գնալ գյուղից գյուղ: Նույն վիճակում է Ն. Սասնաշեն, Վ. Բազմաբերդ համայնքների կապը: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում հիշվել են նաեւ այս գյուղերը, սակայն իրականացվել են աննշան, գրեթե օգուտ չբերող ծրագրեր, ինչպիսին է Պարտիզակ համայնքում հուսալի երկաթաշարի փոխարինումը պլաստմասսայով: Արդյունքում կա 240 մետր անորակ ջրագիծ` 16.5 միլիոն դրամ արժողությամբ:



Ի դեպ, Կաքավաձորի ներհամայնքային ճանապարհն ընդգրկված է եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը չսկսված՝ դադարել է: Դեռեւս 2007-2008թթ. նախալեռնային համայնքների մի մասն էլ ընդգրկված է եղել գազիֆիկացման մի շարք ծրագրերում: Եթե ձմռան ամիսներին ասֆալտապատումն անհնար է, ապա գազիֆիկացման աշխատանքներ հնարավոր է կատարել: Ճիշտ չէ՞ր լինի այդ գումարների մի մասն ուղղել գազիֆիկացմանը: Ինչպես հայտնի է, այս տարածքում գոյություն չունի անտառ: Անջրդի, կարկտահարվող ու ցրտահարվող մշակաբույսերը գյուղացու համար եկամուտ չեն ապահովում, դրան զուգահեռ՝ տարերային անասնապահությունը չի ապահովում ոչ կաթնամթերք, ոչ էլ ձմռան համար վառելիք: Գաղտնիք չէ, որ հատկացված միջոցների մի մասը ետ կգնա կառավարություն եւ կվերադառնա որպես ընտրակաշառք, որից գայթակղվողներ կլինեն: Այստեղ կիրականանա կառավարության թիվ մեկ ծրագիրը` վերցրել ես, բարի եղիր լռիր: Դրա համար էլ ձմռանը՝ ասֆալտ կամ խաղողի այգու էտ, ամռանը` խաղողենու թաղում:



Նորայր Գրիգորյան