Տարոն Մարգարյանն էլ է կրկես սիրում

Տարոն Մարգարյանն էլ է կրկես սիրում
Կրկեսի վերանորոգման, մոդեռնիզացման հարցն իր գերակա նպատակներից մեկը հայտարարեց դեռ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ «Տաշիր գրուպ» ընկերության ջանքերով  կվերանորոգվի ու կվերազինվի կրկեսը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ կրկեսի վերանորոգման աշխատանքների համար «Տաշիր գրուպը» 8 միլիոն դոլար է հատկացնելու, սակայն թե մինչ այս պահն արդեն ինչքան ներդրում է կատարել ընկերությունը՝ կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը չմանրամասնեց. «Աշխատանքի ընթացքում կերեւա, Մոսկվայից մասնագետներ պիտի գան: Որպես կրկեսի ստեղծագործական ղեկավար, կարծում եմ՝ 10 միլիոնը կանցնի»:



Բայց քաղաքապետերի փոփոխությունից Սոս Պետրոսյանը չի վախենում, հակառակը՝ «Տարոն Մարգարյանը կրկես սիրում է, ես մոտ եմ իր հետ, նա միշտ կրկես էր գալիս, օգնում էր որոշ բաներով՝ մի 5-6 տարի առաջվա բան եմ ասում: Ինքը, ընդհակառակը, ավելի շատ մեզ կօգնի»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունն ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի կողմից իրականացվող ծրագրերի վրա, նշեց, որ այդ հանգամանքը ոչ մի բանով չի խանգարի:



««Տաշիր գրուպը» շատ լուրջ կազմակերպություն է, եւ առայժմ մենք աշխատում ենք, ամեն ինչ նորմալ կլինի, եւ ես խոսելուց զգում եմ, որ իրենք մտածում են կրկեսի մասին»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ կրկեսի տարածքում «Տաշիր պիցցայի» մասնաճյուղ նախատեսված չէ. «Շատերը գրում են՝ «Տաշիր պիցցա» կլինի, էս կլինի, էն կլինի. դրանք լրիվ սուտ բաներ են, նման բան նախագծված չէ, բայց կարող է սննդի օբյեկտ լինի: Սպասարկման ձեւերի վրա մտածենք՝ իրենք մեծ փորձ ունեն այդ հարցում»: Կրկեսի աշխատակիցները վերանորոգման ողջ ընթացքում «Տաշիր գրուպի» կողմից կստանան նաեւ իրենց հասանելիք աշխատավարձը:



Կրկեսի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռ օգոստոսից եւ շարունակվելու են մինչեւ 2013թ. հոկտեմբերը: Վերանորոգումը՝ վերանորոգում, բայց կրկեսի աշխատակազմը նույնպես պարապ չի մնում: Ոմանք ներգրավված են վերանորոգման աշխատանքներում, որոշները ստեղծագործական մասն են առաջ տանում, իսկ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն արդեն այսօրվանից է աշխատում 2013թ. կրկեսային ծրագրի վրա, միաժամանակ պատրաստելով նաեւ 2013-ի ամանորյա ծրագիրը.



«Մենք վարձակալել ենք նախկին Առեւտրի տան դահլիճը ու մեր ստեղծագործական բոլոր աշխատանքներն այնտեղ ենք տանում: Եվ պրոֆեսիոնալ դերասանների, եւ Լեոնիդ Ենգիբարյանի ստուդիայի աշխատանքները տեղի են ունենալու այդտեղ: Մեր առաջվա շենքը, բացի նրանից, որ ինժեներական իմաստով վատն էր, նաեւ չկային տեխնիկական միջոցներ: Բեմի փոփոխություն պետք է լինի, էլ չեմ ասում, որ գրիմանոցներից ոչ մեկը չէր համապատասխանում իրականությանը: Շենքի միայն սյուներն են մնալու, մնացած բոլորը մոդեռնիզացվելու է հանդերձարաններով, կենդանիների տեղերով, դահլիճներով, լինելու են պարի դահլիճ, հատուկ կրկեսային ժանրերի համար նախատեսված դահլիճ»:



Հիմնական վերանորոգումից բացի, կրկեսի ներկա շենքին ավելանալու է մեկ հարկ եւս, որտեղ կառուցվելու է 5 աստղանի հյուրանոց՝ կրկեսի դերասանների համար: Ճիշտ է, կրկեսի կենդանիների առանձնավանդակները չեն հավակնում լինել 5 աստղանի, սակայն լինելու են առավելագույնս հարմարավետ: Իսկ մինչ այդ նրանց տեղափոխելու են Դավիթաշենի ձիարշավարան, որտեղ էլ կազմակերպվելու են կենդանիների վարժանքները, իսկ կենդանաբանական այգի չեն տեղափոխել կենդանիներին՝ իրենց գործից չկտրելու եւ մարդկանց ուշադրությունը չշեղելու համար: