Սովետը քայլ առ քայլ տուն է մտնում

Սովետը քայլ առ քայլ տուն է մտնում
Մեզնից այն ո՞ր միամիտն էր, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին քվեաթերթիկի «այո»-ն նշելով՝ համոզվեց, որ իսկապես ազատ է ու անկախ, որ վերջապես մեր ուսերից թոթափում ենք ռուսական կայսրության լուծը: Սկզբում անկախության այդ տեսլականն ունեինք, բայց հետո եկավ ռուսական իրականությունը եւ քայլ առ քայլ տուն մտավ: Նախ տնտեսությունը տվեցինք՝ գույք պարտքի դիմաց, հետո ռազմական պայմանագիր կնքեցինք, այսինքն՝ ռուսական զորքի ներկայությունը կա եւ լինելու է Հայաստանում, եւ անկախության 20-ամյակի տոնակատարության ժամանակ էլ աշխարհի աչքի առաջ Հանրապետության հրապարակով անցան ռուսական զինվորները: Հաճախ ենք կուլիսային խոսակցություններ լսում, որ իշխանությունները Մոսկվայի «դաբրոն» ունեն եւ գործում են ապահովագրված կամ նշանակվում են կոնկրետ պաշտոնի:



Հաջորդ եւ ամենավտանգավոր քայլը ռուսական դպրոցների վերաբացումն էր՝ վերջնականապես Հայաստանը ռուսական ազդեցության գոտի դարձնելու եւ ռուսական կողմնորոշում ունենալու համար: Մեզ թվում է, թե պայքարում ենք այդ չարիքի դեմ եւ արդյունքի ենք հասնում, սակայն Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ քննարկվել է Երեւանում ռուսական գիմնազիա եւ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացելու հարցը: «Դուք տեղյակ եք կրթական օրենքում կառավարության կողմից կատարված փոփոխության մասին, թե ինչ ընթացակարգով կարող է բացվել Հայաստանում օտարալեզու դպրոց»,- տեղեկացնում են կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Այո, ռուսական կողմի պահանջը բավարարելու համար օրենքում փոփոխություն կատարվեց եւ օտարալեզու դպրոցներ բացելու կետը մտցվեց, ինչն էլ ենթադրում է այդ անվան տակ ռուսական դպրոցները վերաբացել: Ասել է թե օրենքը թույլ է տալիս, մենք էլ բացում ենք, գործում ենք բաց եւ թափանցիկ: Նախ օրենքն ընդունեցինք, հիմա էլ կիրառում ենք եւ անօրինական որեւէ քայլ չենք անում:



«Մենք աստիճանաբար խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում նաեւ կրթության ոլորտում, եւ համագործակցության հերթական փուլերից մեկն էլ նաեւ խորը հարաբերություններ ունենալն է՝ գիմնազիա, բուհեր եւ մասնաճյուղեր բացելՀայաստանում: Մենք արդեն համագործակցության արդյունքում ստեղծել ենք Սլավոնական համալսարանը, երեւի թե պահանջարկը կա ունենալ հատկապես այդպիսի մեծ, հեղինակավոր՝ Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղ: Համալսարանն ինքն է ուզում իր մասնաճյուղը բացել Հայաստանում: Քննարկման փուլում է գիմնազիայի բացման հնարավորությունը»,- տեղեկացրեց կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: Արդյո՞ք պահանջարկ կա մեր երկրում ռուսական դպրոցների, կոնկրետ Հայաստանում բնակվող ռուս երեխաների՞ համար է բացվում... «Կոնկրետ թիրախային խումբ չկա, որի համար պետք է բացվի, երեւի հաշվի առնելով հայ հասարակության հետաքրքրությունը ռուսական կրթական համակարգի նկատմամբ: Կրթական հաստատություն է լինելու, որտեղ ցանկացողները կարող են սովորել»: Այսինքն՝ հայազգի երեխաները:



Ըստ վարչության պետի՝ Լոմոնոսովի անվան համալսարանը համարվում է լավագույն բուհ, առաջարկ է եղել նման մասնաճյուղ բացել, եւ դեռ գտնվում է քննարկման փուլում, նախ պետք է ուսումնասիրվի եւ օրենքով սահմանված գործընթացներին համապատասխան բացվի. «Չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կբացվի, գործընթաց պետք է տեղի ունենա, նախ պետք է հասկանանք՝ ինչ ձեւով է բացվում, որտեղ է բացվում, դեռ պետք է ռուսական կողմն ուսումնասիրի մեր կրթական շուկան: Եվ գիմնազիայի, եւ համալսարանի բացելու հետ կապված՝ երբ քաղաքական որոշում լինի, գործընթացները կսկսվեն եւ իրենց հունով կընթանան»:



Նախ ռուսները փորձում էին Կապանում բացել ռուսական գիմնազիա՝ մարզպետի մակարդակով, չստացվեց, հիմա էլ ավելի վերեւից բռնացրին, արդեն նախարարի մակարդակով՝ Երեւանում: «Չեմ կարծում, որ դրա շարունակությունն է լինելու, սա ավելի լուրջ եւ հիմնավոր գործընթաց է՝ օրենքով սահմանված կարգով, հետագան ցույց կտա՝ նորերը կբացվեն, թե ոչ, պահանջարկը կորոշի»,- նշում է Սահակյանը: Այսինքն՝ հաստատ նորերը բացելու ծրագիր էլ ունեն:



Պուտինի՝ սովետը վերականգնելու ծրագիրն արդեն գործընթացի մեջ է, մինչեւ կհասցնի իշխանության գալ: Դե, մենք էլ ազատ ու անկախ ենք Ռուսաստանի իշխանության տակ:



Ֆելիքս Եղիազարյան