Լեւոն Հայրապետյանի հարցազրույցը «Չենք լռելու»-ին (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է սփյուռքահայ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցը:
Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը մի շարք բավականին կոշտ հայտարարություններով է հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության և ձևավորված օլիգարխիայի հետ` համարելով այդ երևույթները Հայաստանի գլխավոր չարիքներ:
Հայրապետյանը պատասխանել է նաև Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի, ինչպես նաև Գանձասարի պատի սալիկապատման հետ կապված հարցերին:
Բարերարն անդրադարձել է նաև Հայաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի հղփացած ապրելակերպին` անվանելով այդպիսի զինվորականներին «թերարժեքության բարդույթ ունեցողներ»:
Հայրապետյանը դատապարտել է առավոտից երեկո հեռուստատեսությամբ գովազդվող «բարեգործ» օլիգարխներին` նշելով, որ նրանք իրենց քաղաքական ապագան են կերտում` վերադարձնելով միայն գրոշներ ժողովրդից գողացած փողերից և չմուծած հարկերից: Բարերարը նաև ցավ է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանում ամենալավ բիզնեսը ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնելն է:
Վերջում Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է Հայաստանի արտաքին անվտանգության վրա որևէ կերպ չազդող որակյալ հեղափոխություն տեսնել մեր երկրում: «Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»,- ասել է Հայրապետյանը:
Ֆրանսիայում գտնվելու պատճառով Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցն անց է կացվել հեռախոսի միջոցով:
Կարծիքներ