Գալուստի որդին անհայր կմեծանա

Գալուստի որդին անհայր կմեծանա
Նոյեմբերի 18-ի գիշերը Էրեբունի վարչական շրջանում կատարված 26-ամյա տաքսիստի սպանությունը շատ արագ բացահայտվեց: Հենց նույն օրը ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ երիտասարդների, որոնցից մեկը՝ Հակոբ Բունիաթյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում խոստովանել էր, որ նոյեմբերի 18-ին, ժամը 02:00-ի սահմաններում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածել է Գալուստ Մելքոնյանին: Վերջինիս տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Դեպքի մանրամասները չհրապարակվեցին, սակայն երեկ խմբագրություն էր զանգահարել Գալուստի մայրը՝ Անահիտ Մելքոնյանը, որը եւ պատմեց եղելությունը: Մոր պատմելով, դեպքը տեղի է ունեցել ընդամենը տաքսու ուղեւորի քմահաճույքը չկատարելու պատճառով: Ուղեւորը ցանկացել է ինչ-որ շինարարական պարագաներ, «կառնիզներ» բեռնել մեքենան, սակայն վարորդը՝ Գալուստը, թույլ չի տվել, պատճառաբանելով, որ տաքսին բեռնատար չէ: Այդ հողի վրա էլ սկսվել է վիճաբանությունը, որն այնուհետեւ տեղափոխվել է Էրեբունու զանգված: «Ասում են, որ իբր իմ որդին է վիճաբանության ժամանակ խփել դիմացինին: Բայց նա է ծալովի դանակը հանել եւ 4 տեղից խփել որդուս»,- պատմեց մայրը: Նրա խոսքով, վեճին ներկա է եղել նաեւ իր փոքր որդին: «Վեճի ընթացքում, երբ նրան խփել են, փոքր տղաս ուշագնաց է եղել, այնուհետեւ, երբ ուշքի է եկել, տեսել է, որ եղբայրն ամբողջությամբ արյան մեջ է: Տաքսիով փորձել է հասցնել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել, ճանապարհին տղաս արյունաքամ է եղել»,- լալով պատմում էր մայրը: Գալուստը «Վարդանանք» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Արծիվ 4-114» գումարտակի հրամանատար, 2-րդ կարգի հաշմանդամ Վանյա Գալստյանի որդին է: «Պատերազմի ժամանակ հայրը միշտ ջոկատին ասում էր՝ եթե թուրք երեխա տեսնեք, չխփեք, խնդրում եմ: Իսկ այսօր հայերը խփում են, սպանում են հայերին, հայի որդիներին»,- հուզված ավելացրեց տիկին Անահիտը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր. 104 հոդվածի հատկանիշներով:



Երեկ ոստիկանության լրատվականից մեզ փոխանցեցին, որ Հակոբ Բունիաթյանը կալանավորված է, իսկ նախաքննությունը շարունակվում է: «Վովա Գասպարյանը գիտի, որ ինքը ՀԱԲ-ի Վանիկի որդին է, պիտի որ հետեւողական լինի: Իմ ամուսինն արյուն է դրել էս ազգի համար, գոնե տղայիս հարցին պետք է արդարացի լուծում տան, եւ մեղավորները պետք է պատժվեն: Գալուստս 3,5 տարեկան երեխա ունի: ...Թոռնիկս որբ մնաց»,-մղկտում էր որդեկորույս մայրը: