Մի քանի օր առաջ կարագ էր, այսօր արդեն` սփրեդ

Մի քանի օր առաջ կարագ էր, այսօր արդեն` սփրեդ
Կարագի փոխարեն վաճառվել է սփրեդ: Սփրեդը տնային տնտեսուհիներին քաջածանոթ մարգարինի որակյալ տեսակն է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 21-ին 3-ական միլիոն դրամով տուգանել է մի շարք ընկերությունների՝ նշված ապրանքանիշը կարագի անվան տակ ներկրելու եւ վաճառելու համար: Ծանոթս փոքրիկ մի խանութ ունի եւ երեկ  պատմեց, որ կիլոգրամով կարագ չի ստանում, քանի որ «մաքուր» կարագի գինը շատ թանկ է եւ սպառողին անմատչելի, իսկ մյուս տեսակի «կարագներից» էլ հեռու է մնում, քանի որ չգիտի, թե ինչ որակ ու ծագում ունեն: Շատերին քաջ հայտնի «Երեւան սիթիում» երեկ արդեն բոլոր կեղծ կարագների վրա գրված էր՝ սփրեդ: Նախկինում, մինչ կտուգանվեին, գրված է եղել՝ սերուցքային կարագ: Գնային տարբերությունն էլ սփրեդի եւ կարագի միջեւ ահռելի է:



Եթե, օրինակ, նորզելանդական  կարագն արժե 2 հազար 400-ից 2 հազար 800 դրամ, ապա սփրեդի գինը 1000-1.300 դրամ է: Երբ «Երեւան սիթի» ցանցի մենեջերներից մեկից ցանկացա իմանալ, թե երբ են ապրանքատեսակների վրայից հանել «սերուցքային կարագ» նշումն ու գրել «սփրեդ», վերջինս խիստ զբաղված ձեւացավ:



«Զբաղված եմ, չեմ կարող խոսել»,- ասաց մենեջերը: «Ոչինչ, ինչքան հարկավոր լինի՝ կսպասեմ, դժվար չէ»: «Ոչ, հետո թող մնա, շատ զբաղված եմ»: «Ալեքս Գրիգ»-ից բացի, 3-ական միլիոն դրամով տուգանվել են նաեւ «Սթար» սուպերմարկետների ցանցը եւ մի քանի այլ սուպերմարկետներ եւս: Իսկ «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենի խոսքով, իրենք ներկայումս սկսել են համագործակցել անկախ զննող լաբորատորիաների հետ, որի միջոցով նպատակ ունեն  սահմանել հավելյալ վերահսկում իրենց մատակարարվող ապրանքների` հատկապես թարմ սննդի համար, պարտադրելով իրենց մատակարարներին ներկայացնել համապատասխան լաբորատոր զննման հավաստիացում:



Դրանով կկարողանան լիարժեքորեն վերահսկել եւ ապահովել խանութների դարակաշարերին հայտնվող ապրանքների որակի համապատասխանությունն ապրանքի անվանը եւ դրա վրա նշած ինֆորմացիային:



Չնայած խաբեության համար վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են, սակայն շահածն այս խաբեությունից ավելի շատ է, քան այդ տուգանքները:



Հարություն Մկրտչյան