Վովա Գասպարյանն արդեն ներել է

Վովա Գասպարյանն արդեն ներել է
Դեռեւս պաշտպանության փոխնախարարի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանը «Հրապարակին» տված հարցազրույցում եւ «Զինուժ»-ում խիստ որակումներով քննադատել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին եւ մի շարք ակտիվիստների՝ բանակում տիրող իրավիճակի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ ղեկավարության հասցեին անվայել արտահայտություններ անելու համար:  Հելսինկյանի Վանաձորի գրասենյակը դատի է տվել Գասպարյանին, ինչի համար հիմք են ծառայել հարցազրույցում հնչած մի շարք մտքեր: 



Կազմակերպությունը դատարանից պահանջում է իրենց եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած՝ ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել պատասխանող Վլադիմիր Գասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից, հօգուտ կազմակերպության, բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:



Երեկ լրագրողները Գասպարյանից մեկնաբանություն են խնդրել այս առնչությամբ: Վերջինս մեծահոգաբար հայտարարել է. «Ես ներել եմ Սաքունցին վաղուց: Ես անցած էտապ եմ համարում էդ ժամանակվա հատվածը եւ կարծում եմ, որ Սաքունցն էլ պետք է հետեւություն անի: Լավ չի, որ մարդիկ չեն ընկալում խնդիրը եւ վերածում են ձեւի: Եվ շատ հասկանալի է, որ գրանտակերները գրանտները ստանում են մի նպատակի համար եւ օգտագործում այլ նպատակի համար: Նրանք խաբում են, գրանտակերներ են եւ խաբում են դրանք հատկացնողներին ու այն հասարակությանը, որի համար տրված է»:



Ապա հավելել. «Ես կարծում եմ, որ ցանկացած միջոցառման կազմակերպիչ պետք է պատասխանատվություն կրի իր ենթակաների, իր կազմակերպած միջոցառման մասնակիցների բարքի, վարքի համար: Իսկ այն պարագայում, երբ մարդիկ անձնական վիրավորանքներ են հասցնում, իսկ կյանքից թանկ միայն պատիվն է»: