Երեկ բավական զավեշտալի հայտարարություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը՝ հայտարարելով, որ պետք չի մարդկանց տունը կռիվ գցել, հերքել է մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը։ ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ««Lurer.com» էլեկտրոնային լրատվամիջոցի եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հարգելի՛ լրագրողներ. Վաղինակ Ջանազյանի կինը երբեւէ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դուստրը չի եղել (պետք չէ ընտանիքներում կռիվ գցել)»: Սրանից կարելի է ենթադրել, որ Ջանազյանենց տանն այնուամենայնիվ կասկածներ են առաջացել կնոջ ազգուտակի շուրջ, ինչը թերեւս հանգեցրել է վիճաբանության:
ՀՔԾ-ն սրանով չի ավարտել ու շարունակել է մանրամասնել Ջանազյանենց ընտանիքի պատմությունը. «Նրա աները կենսաթոշակառու է եւ պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել: Ընտանիքի անդամները ոչ մի կապ եւ առնչություն չունեն «Անի» կաթնամթերքի գործարանի հետ, տնտեսական գործունեությամբ չեն զբաղվել ու չեն զբաղվում: Վաղինակ Ջանազյանը 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ չի քննել: Թող շատերին հայտնի լինի, որ մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանն անցել է քննչական աշխատանքի մեծ դպրոց»:
Կարծիքներ