Ո՞ւմ համար ենք կառուցում

Ինչեւէ, բարի երթ մաղթելով մարաթոնին, գումարը, որը հավաքվում է հանգանակության միջոցով, գոնե ծառայի ճիշտ նպատակին: Քանի որ գաղտնիք չէ` այս իշխանությունները սոսկ սեփական գրպանի եւ սեփական բարեկեցության մասին մտածողներ են, դրանում մենք բազմիցս ենք համոզվել: Մյուս կողմից, մենք ի սկզբանե պետք է համոզված լինենք, որ ոչ մի թիզ հող չպետք է տրվի թշնամուն: Դժբախտաբար, այդ համոզմունքը ոչ այս պետության մեջ, ոչ քաղաքական ուժերի եւ ոչ էլ բուն ղարաբաղցիների մեջ չկա: Այսօր, ցավոք, իշխանության ղեկին են կանգնած ղարաբաղցիներ, որոնք որեւէ վստահություն չեն տվել, որ իրենց ներկայությունն իշխանության մեջ կարդարացնի այս հարցում հայանպաստ լուծումներ ունենալու շատերիս ակնկալիքները: Իսկ Ղարաբաղն այսօր իրոք վտանգված է:
Թերեւս ամենակարեւոր հանգամանքը. հայտնի չէ՝ ղարաբաղցին հինգ տարի հետո արդյո՞ք ապրելու է իր հողում: Ավելին՝ ո՞ւմ համար ենք կառուցում այդ ճանապարհներն ու դպրոցները, եթե ղարաբաղցին Ղարաբաղում ապրելու այլեւս ցանկություն չունի: Այդ օրինակն իրականում շարքային ղարաբաղցուն տվել են այնտեղի բարձրաստիճան իշխանավորները, որոնց մեծ մասը հետո տեղափոխվել է Երեւան: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերաբնակեցնում էր սահմանային հողերը` Ղարաբաղն անկախ տեսնելու հեռանկարով:
Այս իշխանությունների հիմնական նպատակն էլ պետք է լիներ սահմանամերձ գյուղերի վերաբնակեցումը, սահմանների ամրացումը: Մեր հոգեբանությունից ընդհանրապես պետք է բացակայի, որ կարելի է որեւէ գործարքի մեջ մտնել Ադրբեջանի իշխանությունների հետ կամ էլ տեղի տալ միջազգային հանրության պարտադրանքներին: Այսօր, դժբախտաբար, այդ վստահությունը չկա:
Լյուդմիլա Սարգսյան, ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ
Կարծիքներ