Զամպալիտն ու գումարտակի հրամանատարը հետեւիցս են ընկել

Զամպալիտն ու գումարտակի հրամանատարը հետեւիցս են ընկել
Արտակ Նազարյանը սպանվել է 2010 թվականի հուլիսի 27-ին, ըստ մեղադրանքի՝ ինքնասպանություն է կատարել: Լեյտենանտ Նազարյանը երկար ժամանակ աշխատանք չի կարողացել գտնել, հետո պայմանագրային զինծառայության է անցել ՀՀ ԶՈւ «Մեհրաբներ» կոչվող զորամասում՝ որպես դասակի հրամանատար: Մի քանի ամիս անց սպանվել է: Արդեն երկրորդ տարին է, ինչ այս գործը չի բացահայտվում: Երեկ, ժամը 12:00-ին, Շենգավիթ շրջանի առաջին ատյանի դատարանում շարունակվում էր  Արտակ նազարյանի սպանության գործով դատավարությունը: Արտակ Նազարյանը լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: Նշված քրեական գործով Արտակ Նազարյանի հինգ  ծառայակիցները՝ գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Նազարյանի դասակի երեք զինվորներ՝ շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը, մեղադրվում են ինքնասպանության հասցնելու մեջ:



Բացառությամբ Հարութիկ Կիրակոսյանի, մնացածների խափանման միջոցն ընտրվել է կալանքը, իսկ վերջինս հանձնված է զորամասի հսկողությանն ու շարունակում է ծառայությունը: Երեկվա դատավարության ժամանակ ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդը՝ Արտակ Նազարյանի մայրը:



«Մամ ջան, միշտ կհիշես, չմոռանաս՝ ամենաշատը քեզ եմ սիրում»



Վերջին անգամ մոր հետ խոսելիս այսպես էր ասել Արտակը: Մայրն արցունքն աչքերին պատմեց. «Ես մանկավարժի ընտանիքից եմ, իմ երեխաները բոլորն էլ դաստիարակված ու ընտիր երեխեք են եղել, նա այնքան հավատք ուներ, որ ինքնասպան չէր կարող լիներ: Իմ որդուն սպանել են»:



Այդ խոսքին հաջորդեց դահլիճում ներկա մյուս մայրերի անեծքը՝ ուղղված քննիչներին, որոնք գործը կոծկել են, եւ դատախազին, որն ըստ նրանց՝ հանցագործ է ու մասնակից բոլոր ապօրինություններին: Արտակի մայրը, նայելով ամբաստանյալներին, ասաց, որ մինչ այս գործը նրանց երբեք չի տեսել ու չի ճանաչում: Տիկին Հասմիկը հիշեց այն դեպքը, որ երբ Արտակը նոր էր սկսել ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող, մի անգամ հորն ասել է. «Պապ ջան, երկու հոգի հետեւիցս են ընկել՝ մեկը զամպալիտն ա, մյուսը՝ գումարտակի հրամանատարը»:



«Զամպալիտը»՝ նույն ինքը, գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը, գործում ներգրավված է որպես մեղադրյալ, իսկ թե ով է գումարտակի հրամանատարը՝ դեռ պարզ չէ: Երբ որդին մահացել է, մորը նախ զանգել-ասել են, թե Արտակը վիրավոր է, իսկ երբ գնացել է զինկոմիսարիատ, նրան մի աշխատող է մոտեցել ու ասել. «Տիկին, Ձեր որդին ինքնասպան է եղել»: Արտակի մայրը, հանկարծակիի գալով, ասել է՝ ի՞նչ եք ասում: Սա էլ հեգնանքով, թե՝ հա, հենց տենց, ինքնասպան ա եղել:



Տիկին Հասմիկը երկար ու հանգամանալի պատմեց որդու հետ կատարվածն ու իր ապրումները եւ ավելացրեց. «Ես չեմ հավատում, որ դուք եք սպանել իմ որդուն, իմ որդուն սպանողները հիմա չկան՝ նրանք հանգիստ ապրում են, իմ որդուն սպանողներին պարտակել է քննիչը»:



Տիկնոջ այս խոսքին հաջորդեցին դահլիճի բուռն ծափահարությունները: Ի դեպ, դահլիճում գտնվողների մեծ մասն ամբաստանյալների հարազատներն էին: Դատավարությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 29-ը: Հաջորդ նիստում կրկին կխոսի զոհված սպայի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը:



Հարություն Մկրտչյան