Վարորդներ, դիմեք դատարան

Վարորդներ, դիմեք դատարան
Ցրտերն ընկնելուն պես Վանաձորի ներքաղաքային շատ փողոցներ վարորդների համար դառնում են անանցանելի: Թեպետ քաղաքապետարանը մինչ ձյան տեղումները պահեստավորում է անհրաժեշտ աղն ու ավազը, սակայն կան փողոցներ, որոնք, վարորդների խոսքով, սատանի երես են դառնում: Այս ամենի պատճառը, թերեւս, ինչպես քաղաքում գործող անձրեւաջրատարների բացակայությունն է, այնպես էլ հաճախակի դարձած ջրագծերի վթարները, որոնց պատճառով մի շարք փողոցներ պարզապես դառնում են անանցանելի: Ջրագծերի վթարների պատճառով ջուրը լցվում է ճանապարհները, իսկ երբ ջերմաստիճանը զրոյից ցածր է, այդ փողոցներով երթեւեկելը դառնում է անհնար: Նման օրինակ է Վանաձորի Նարեկացի փողոցը, որը Մ-6 միջպետական ճանապարհի հատվածն է (երրորդ մասի տրաս), եւ որով օրական երթեւեկում են հազարավոր մեքենաներ: Սակայն  արդեն մեկ տարուց ավելի է, ինչ փողոցի մի հատվածում խոր ջրափոսեր են առաջացել, վարորդներն էլ, որպեսզի խուսափեն մեքենան ջարդելուց, դուրս են գալիս հանդիպակաց գոտի, ինչի արդյունքում էլ, խնդրեմ՝ ճանապարհատրանսպորտային պատահար՝ մի քանի ժամ տեւող խցանմամբ: 



Պատճառը, ըստ Վանաձորի քաղաքապետարանի, սելավատարների բացակայությունն է նշված հատվածում, իսկ հոսող ջրերը սարից են իջնում: «Եթե ամառը մենակ զգուշանում էինք, որ ավտոն փոսը չգցենք, որ տակը չխփի-ջարդի, հիմա արդեն սառածից ենք վախենում»,- մեզ դժգոհեց տաքսու վարորդ Գեւորգը, որի պնդմամբ՝ խնդիրը դեռ մեկ տարուց ավելի է, ինչ կա. «Մի՞թե մի անգամ մեր պարոն քաղաքապետը կամ մարզպետը էս ճամփով չեն անցել, էդքան պաշտոնյաներ են գալիս-գնում, բա չեն ասո՞ւմ՝ էս ի՞նչ ա ձեր տրասի վիճակը»:



Ի դեպ, նշված հատվածում եղել են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնք, ըստ վարորդների, միայն համապատասխան մարմինների անգործության  հետեւանք են:  Նման դեպքերում  փաստաբան Կարեն Թումանյանը վարորդներին խորհուրդ է տալիս  դիմել դատարան` վնասի փոխհատուցման պահանջով. «Ես կոնկրետ նման գործ չեմ ունեցել, այստեղ ուղղակի պետք է կարողանալ ապացուցել, որ վնասը սառցակալած ճանապարհի հետեւանքով է եղել»:



Փաստաբանը վարորդներին առաջարկում է չվախենալ եւ դիմել, ու, ըստ նրա, քանի որ նման հայցեր չեն եղել, արժե նախադեպ ստեղծել, այդկերպ վարորդները կկարողանան տեր կանգնել իրենց իրավունքներին: Իսկ թե երբ վերջապես կլուծվի Մ-6 միջպետական ճանապարհի խնդիրը, եւ ով կհամարձակվի դիմել դատարան, համապատասխան մարմիններից պահանջելով վնասի փոխհատուցում, որն առաջացել է իրենց իսկ անգործության հետեւանքով, ցույց կտա ժամանակը: