Ստորագրիր, թե չէ ոստիկան կբերենք

Ստորագրիր, թե չէ ոստիկան կբերենք
Նոյեմբերի 12-ին մեր հրապարակած «Նորի՞ց վտարում» հոդվածն այն մասին էր, որ Նունե Համբարձումյանն ահազանգել էր խմբագրություն, թե Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ տնօրեն Լեւոն Հակոբյանը տեխնիկա է բերել եւ ուզում է Բուզանդի 83 հասցեում գտնվող՝ իր սեփականությունը հանդիսացող տունը քանդել: Հրապարակման առիթով ԾԻԳ տնօրենն իր դժգոհությունը հայտնեց, ասելով, թե Նունեն փաստերը խեղաթյուրված է ներկայացրել:



«Ինքնակամ շինությունը որպեսզի ճանաչվի սեփականություն, պետք է համապատասխանի քաղաքաշինական նորմերին: Կոնկրետ Բուզանդ 83-ի վերաբերյալ կա քաղաքաշինության վարչության եզրակացություն, որտեղ հստակ նշված է՝ տունը, որ դրված է 2 դյույմանոց խողովակի կամ 40-անոց անկյունակի վրա, որեւէ բալկա կամ կրող պատ չկա, դա հնարավոր չի տուն կոչել: Եթե համապատասխաներ, բազմիցս դիմել է, մենք կօրինականացնեինք: Իսկ օրինական մասն այնպես է գնահատվել, որ իրենք մեկ քմ-ի համար մոտավորապես 1800 դոլար գումար են ստացել: Փաստացի 60 քմ օրինական մասի համար ստացել են 36 մլն դրամ, որից 3 միլիոնը՝ ժառանգությունը չճանաչելու պատճառով, համայնքային բյուջե է փոխանցվել»,- պնդում է ԾԻԳ տնօրեն Լեւոն Հակոբյանը:



Բացի այդ, նշեց, որ առաջարկել են 3 բնակարան, պայմանագրերը ստորագրել են. երկուսը՝ Նունեի սկեսուրը եւ տեգրը, միայն Նունեն չի ստորագրել, որպեսզի կարողանային բոլորին էլ բնակարանով ապահովել: «Նունեն արդեն 21 մլն ստացել է իր ընտանիքով, դրա համար էլ նրան ուրիշ բան չի հետաքրքրում, փորձում է ավելի շատ գումար կորզել»,- ասում է Հակոբյանը:



Իսկ տան մի մասը, որ ինքնակամ շինություն է համարվում եւ, ըստ տնօրենի, չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին, չի օրինականացվել եւ չի փոխհատուցվել: «Համաձայն քաղաքապետի որոշման, ճանաչվել է համայնքի սեփականություն՝ միայն քանդման պայմանով: Ունենք համապատասխան վկայական, Նունեն դիմել է քաղաքապետի որոշման դեմ, ունենք դատարանի վճիռ, որ չի ընդունվել, քանի որ անհիմն են Նունեի բողոքները: Վտարման մասին խոսք չի կարող լինել, ոչ էլ մենք կարող ենք դիմել դատարան՝ վտարման պահանջով, քանի որ այդ գույքն արդեն համայնքի սեփականությունն է: Ինքը ներխուժել է, որը հասարակական կարգի խախտում է, սա արդեն ոստիկանի պարտավորությունն է, որ իրեն հեռացնի տարածքից, որպեսզի կարողանանք քանդման աշխատանքներ կատարել, քանի որ ունենք համապատասխան թույլտվություն: Քաղաքապետարանի հետ դատական վեճ չկա, ինքն այլ դատեր կարող է ունենալ, որը մեր գործին ընդհանրապես չի վերաբերում: Տունը փաստացի վկայական ունի, որը համայնքի սեփականությունն է»,- հավաստիացնում է ԾԻԳ տնօրենը:



Իսկ Նունե Համբարձումյանը հետեւյալը պատմեց. «Ես անձամբ ոչ մի դրամ գումար չեմ ստացել, եւ այն հատվածի համար, որի վրա կռիվ է գնում՝ 64 քմ, մինչեւ հիմա ոչ մի տեղ փոխհատուցում չի եղել, եւ դատական ատյաններում է այդ խնդիրը: Իմ անունով ոչ մի գումար չի եղել, այդ գումարը ստացել է ամուսինս՝ որպես համասեփականատեր, եւ այդ գումարը բաժանվել է: Իսկ կոնկրետ իմ անունով, կոնկրետ այս տան վերաբերյալ ոչ մի կոպեկ չի փոխհատուցվել, չնայած այն բանին, որ ես 20 տարի ապրում եւ օգտագործում եմ տունը: Եթե մարդը մի ամբողջ տուն է ունենում, դրա մի կեսը փոխհատուցվում է, իսկ մյուս կեսն էլ, ասում են՝ խի՞ փոխհատուցենք, քանի որ էն կեսն արդեն տվել ենք: Լինո՞ւմ է այդպես»:



Իսկ համաձայնագրի վերաբերյալ, որ Նունեն սկեսրոջն ու տեգոր ընտանիքին զրկել է տնից, հետեւյալն ասաց. «Նախ իմ անունով ոչ մի փաստաթուղթ չեն բերել, սակայն բերել են այդ համաձայնագիրը, որպեսզի ամուսինս ստորագրի, եւ դրա մեջ մեկ տողով նշված էր, որ սեփական տարածքի հետ հանձնում եմ նաեւ հավելյալ ապօրինի կառույցը: Ամուսինս էլ ասաց՝ մենք այդպես չենք պայմանավորվել, եւ չստորագրեց:



Այդ համաձայնագրով ասվում էր, որ ստորագրի, թե այսքան գումար տալիս ես մորդ, այն դեպքում, երբ այդ գումարից ավել տվել ենք ու տունն էլ ենք առել, ամեն ինչ էլ արել ենք: Իրենք բերում էին՝ որպես փաստաթուղթ դեմ էին տալիս, որ ստորագրեր, որից հետո մնում էր տարածքի հանձնումը: Գիշերը ժամը 8:30-ին եկել էին մեր տուն եւ ստիպում էին ստորագրել: Տեսել էին, որ չի լինում, վերջում էլ ասել էին՝ ստորագրիր, թե չէ ոստիկան կբերենք, ամուսինս էլ ասել էր՝ ես ոչ հանցագործ եմ, ոչ էլ նման մեկը, բերեք տեսնեմ, թե ի՞նչ պետք է անեք ինձ»:



Իսկ որ տունը քանդելու իրավունք չունեն, Նունեն հավաստիացրեց. «Մենք դատարանից վերցրել ենք արգելանքի տակ գտնվելու որոշումը, հանձնել ենք ԴԱՀԿ, մի օրինակն էլ՝ Կենտրոնի իրավապահներին, քանի որ դատական պրոցես է գնում, իրենք իրավունք չունեն քանդելու»:



Ֆելիքս Եղիազարյան