Դիպուկահարի խնդիրը
Եվ նույնկերպ սովետական իշխանությունը հպարտանում էր 309 գերմանացի զինվորի կյանքն ընդհատած ռուս կարմրաթուշ գեղեցկուհի Լյուդմիլա Միխայլովնա Պավլիչենկոյի սխրանքով: Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ մենք շատ էինք լսում «Դիպուկահար ռուս աղջիկներից փրկություն չկա» արտահայտությունը:
Հիմա հրադադարարի անդորրը մերթընդմերթ խախտվում է ադրբեջանական դիպուկահարների ցավալիորեն շատ անգամ դիպուկ կրակոցներով, որոնք խլում են մեր զինվորների երիտասարդ, համարյա դեռ չսկսված կյանքը, եւ այդ դիպուկահարները պարգեւատրվում են շքանշաններով ու շնորհակալագրերով` պետությանն ու ազգին լուրջ ծառայություններ մատուցելու համար:
Շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցը չի խլանում միջազգային կարծիքի ներքո: Բացասական կարծիքները սպանությունների վերաբերյալ միշտ էլ հնչում են, բայց չեն բռնում դիտակետում թաքնված, թիրախ որոնող հրացանի ձգանը սեղմած զինվորի մատը, որ շատ ժամանակ հարվածում է հունձ անող գյուղացուն, նախրապանին:
Դիպուկահարի կրակոցն ասես պատերազմի ներկայությունը, կոնֆլիկտի անլուծելիությունը, դրա ցավալի անժամկետությունը հաստատող տխուր հիշեցում լինի, չմակարդվող արնաքամություն: Ընկերս պատմում էր, որ սերբ դիպուկահարները միտումնաբար կրակել են Կոսովոյի ալբանացիների ազդրերին, որից ցավը կրկնապատկվել է, եւ մահն ավելի տանջալի դարձել: Փաստորեն, դիպուկահարը դառնում է ցավի մետաֆոր. նրա յուրաքանչյուր կրակոց մսի ու արյան միջով ուղղված է հոգեբանական ցավը խորացնելուն` խնդրի կարգավորումն ավելի ու ավելի հեռացնելով ցանկալի հանգրվանային լուծումից:
Խաղաղ պայմաններում դիպուկահարների մենամարտը մեծ կռվից առաջ, թվում է՝ պատերազմը հոգեբանորեն հաղթելու եւս մեկ շահեկան հնարավորություն է: Եթե մեզ չի հաջողվում շփման գծից հեռացնել տալ ադրբեջանական դիպուկահարներին, այլ հաջողվում է պատրաստել ու շփման գծում դիրքավորել մեր դիպուկահարներին, ուրեմն կոնֆլիկտի ողբերգության պատմության մի նոր փուլ է սկիզբ առնում, որովհետեւ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչպես կլուծվի այն, եւ այս դեպքում ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե ինչքան կտեւի զինադադարը:
Դիպուկահարի խնդիրը մեկն է` թիրախը: Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դիպուկահարներին պատիվ էր բերում հակառակորդ կողմի դիպուկահարին կրակելն ու սպանելը, այժմ ադրբեջանցի դիպուկահարին պատիվ է բերում հայ զինվորին, արտում հունձ անող գյուղացուն, չոբանին, նույնիսկ ընտանի կենդանիներին գետնելով սպանելը:
Եվ հայ դիպուկահարը ուշ թե շուտ կարձագանքի նույնկերպ: Դիպուկահարների պատերազմում հաղթող եւ պարտվող կողմեր չկան, եւ չկան անփոխարինելի դիպուկահարներ: Կան «ոչ պատերազմական պայմաններում» խփված բազմաթիվ զինվորներ, անմեղ մարդիկ, ու կա շարունակական վերջ չունեցող աղետ:
Կարծիքներ