Պատահարներն օր օրի շատանում են

Վերջին շաբաթների ընթացքում «hraparak.am» կայքում մեր ընթերցողների շրջանում հարցում էինք իրականացնում՝ փորձելով տեսնել, թե նրանց կարծիքով ինչու են պատահարներն այդքան շատացել: Հարցը հետեւյալն էր. «Ո՞րն է վերջին շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ ավելացման պատճառը»:
Ընթերցողներին առաջարկվել էր պատասխանների մի քանի տարբերակ՝ Ճանապարհային ոստիկանության վատ աշխատանքը, վարորդների եւ հետիոտների կողմից երթեւեկության կանոնները չպահպանելը, վարորդական իրավունքի տրամադրման կարգի փոփոխումը՝ հեշտացումը, Հայաստանում մեքենաների քանակի շատանալը:
Հարցմանը մասնակցել է 1.503 մարդ: Նրանց մեծ մասի կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման պատճառը վարորդների եւ հետիոտների կողմից երթեւեկության կանոնները չպահպանելն է: Այսպես է կարծում հարցվածների 48 տոկոսը (725 ձայն): Հարցվածների 24 տոկոսը՝ 356 ձայն, կարծում է, որ պատճառը Ճանապարհային ոստիկանության վատ աշխատանքն է: Երրորդ տեղում է Հայաստանում մեքենաների քանակի շատանալու տարբերակը՝ 20 տոկոս (305 ձայն): Եվ միայն հարցվածների 8 տոկոսն է (117 ձայն) կարծում, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացումը վարորդական իրավունքի տրամադրման կարգի փոփոխման՝ հեշտացան հետեւանք է:
Երբ հարցումը նոր էր հայտնվել կայքում, զանգահարեց մեր ընթերցողներից մեկը եւ ասաց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ճանապարհները սխալ են կառուցված եւ բազմաթիվ ավտովթարների պատճառ են դառնում: «Միայն ես չէ, որ այդպես եմ կարծում: Ինձանից բացի, բազմաթիվ այլ վարորդներ էլ են նույնը պնդում»,- ասում էր նա:
Պատճառներն իհարկե տարբեր են: Ցավալին, սակայն, այն է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ են դառնում:
Նատաշա Հարությունյան
Կարծիքներ