Էս էլի լեւոնականնե՞րն են

«Մի աղավաղեք մայրենի լեզուն», «Ոչ օտարալեզու պաստառներին». նմանատիպ կարգախոսներով «Միասինի» երիտասարդները քայլում էին Երեւանի փողոցներով եւ վանկարկում: Երթի մասնակիցները, նկատելով օտարալեզու գովազդներով խանութներ կամ սրճարաններ, կանգնում էին դրանց դիմաց եւ աշխատողներին փոխանցում մի ծրար, որի մեջ նրանց կոչն էր տնտեսվարողներին. կատարել ՀՀ Սահմանադրության պահանջը՝ տեղադրել մայրենի լեզվով ցուցանակներ: Երթի մասնակիցների թիվը բավականին շատ էր, նրանց ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները: Մի քանի անցորդ էլ նրանց կողքից անցնելիս բարձրաձայն հարցնում էին. «Էս լեւոնականնե՞րն են»:
Մեր հարցին, թե ինչու է «Միասին» շարժումը նախընտրական այս թեժ պահին ակտիվացել, շարժման ղեկավարն ասաց, որ իրենք միշտ էլ ակտիվ են եղել, ուղղակի ամռանը ճամբարներ էին կազմակերպում, դրա համար ակցիաներ չեն իրականացրել: Ըստ Հակոբ Հակոբյանի, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն հարում ոչ մի քաղաքական ուժի, սակայն կողմ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած «բարեփոխումների» քաղաքականությանը: Հակոբ Հակոբյանն ասաց, որ իրենք ունեն 2 հազարից ավելի ակտիվ մասնակիցներ:
Երեկվա երթն ավարտվեց կառավարության շենքի մոտ: «Մենք նամակ ենք տալու վարչապետին եւ խնդրելու ենք իրեն, որ ավելի գործուն մասնակցություն ունենա այս հարցում»,- վերջում ասաց Հակոբյանը: «Միասինի» անդամներն ասում էին, որ մայրենի լեզվի անաղարտության թեմայով երեկվա ակցիան հինգերորդն է: Լավ կլիներ արդեն հետաքրքրվեին, թե ինչ արդյունք են տալիս դրանք: Թե չէ անիմաստ ու անհետեւանք փողոց դուրս գալուց ի՞նչ օգուտ:
Հարություն Մկրտչյան
Կարծիքներ