Դժբախտ կնոջ ոդիսականը (Տեսանյութ)

Դժբախտ կնոջ ոդիսականը (Տեսանյութ)
«Ես Մկրտչյան Սիլվան եմ». այսպես ներկայացավ տիկինն ու սկսեց պատմել. «12 տարի է՝ ապրում եմ հորս ավտոտնակում, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում: Մի քանի ամիս հետո մայրս էդ ավտոտնակի լույսերն անջատել ու ասել ա, որ էդ հազար դրամը, որ քո լույսն ենք մուծում, իմ երեխեքս կուտեն: Բա ես  ո՞ւմ երեխեն եմ»: Հուզված պատմում էր կինն ու մտածում ինքնասպան լինելու մասին:



Հարազատ ընտանիքից մերժված Սիլվան արտասվում էր ու հարց տալիս՝ ի՞նչն է պատճառը, որ իր հետ այդպես են վարվում, չէ՞ որ ինքն էլ է մարդ: Կինը պնդում էր, որ իրեն մի քանի անգամ փորձել են ավտովթարի ենթարկել:



«Հալալ  ախպերս ու հարեւանս ամենաշատն են նեղացնում: Մի անգամ կռվի մեջ ասեցի՝ ինչի՞ ես տղուդ բանակից ազատել, ու էդ եղավ պատճառը: Էդ մարդն անընդհատ իմ հետեւից  ընկած ա: Գյուղապետն էլ ինձ կթույնի՝ իրան հանկարծ բան չասեք: Դոմիկիս լույսն էլ անջատել են՝ մնացել եմ անլույս էս ցրտին»,- պատմում էր վախից կծկված կինը:



Մենք կապվեցինք Աղավնատուն գյուղի համայնքի ղեկավար Աբիսողոմ Մաթեւոսյանի հետ:



- Պարոն Մաթեւոսյան, մեզ մի կին է դիմել, նա իր կյանքի վատ պայմաններից պատմեց, ասաց նաեւ, որ Ձեզնից է վախենում: Դուք ճանաչո՞ւմ եք Սիլվա Մկրտչյանին:



- Երեկ եթերում մի հաղորդում էին ցույց տվել էդ նույն անձի վերաբերյալ: Ես զարմանում եմ՝ առանց իմ հետ խոսելու, իմ կարծիքն առանց իմանալու հաղորդման հյուր են տանում: Էդ կինն էլ ինչ պատմել ա, սխալ ա պատմել: Հարկ եղած դեպքում ես միշտ փորձել եմ օգնել նրան, ինքն ինձ բարեկամ էլ ա գալիս, ես ո՞նց կարամ իրան թունավորեմ, ես ի՞նչ գործ ունեմ իրա հետ:



- Պարոն Մաթեւոսյան, տիկինն այնքան ընկճված էր եւ հուսալքված, որ ինքնասպանության մասին էր խոսում:



- Ցավդ տանեմ, ինձ ճիշտ հասկացիր՝ նա իր ընտանիքում, իր ընտանիքի անդամների հետ խնդիրներ ունի: Գյուղապետարանն ի՞նչ կապ ունի, կամ գյուղապետն էդտեղ ի՞նչ կապ ունի՝ ես չեմ հասկանում: Երեկ էդ հաղորդման ժամանակ խոսացել ա, սաղիս խայտառակ ա արել, հիմա ինչի՞ ա եկել ձեր մոտ, ի՞նչ ա իր ուզածը, հաջորդն ո՞ւր ա գնալու: Տենաս դրան ո՞վ ա ֆինանսավորում:



- Ինքը հողատարածք ունի՞ ձեր գյուղում:



- Այո, ինքը մեզ մոտ հողատարածք ունի, բայց ապրում ա իր հորական էդ տան ավտոտնակում: Երկու տարի ա՝ մեզ մոտ գրանցված ա: Թոշակ ստանում ա, նպաստ ստանում ա, էս տարի 50 հազար դրամ մենակ օգնություն ա ստացել: Էլի եմ ասում՝ ինչով կարողանում, օգնում ենք իրան: Ասում եմ, չէ՞, ինձ էլ ա ազգական:



Երկու կողմերին լսելուց հետո պարզ դարձավ, որ անօգնական կնոջը միայնակ են թողել հարազատ մայրն ու ընտանիքի մյուս անդամները:



Հարություն Մկրտչյան