«Արամի խաչմերուկ» շարժումը կոչ է անում Երեւանցիների եւ քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով պահպանել Արամի 30 շենքը

«Արամի խաչմերուկ» շարժումը կոչ է անում Երեւանցիների եւ քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով պահպանել Արամի 30 շենքը
Նոյեմբերի 24-ին Երևանի հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց քաղաքի հին ու սիրված անկյուններից մեկը՝ քանդման վտանգի տակ գտնվող Արամի 30 շենքը: Շենքի պահպանությանն ուղղված հախուռն միջոցառմանն այցելեցին նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը եւ Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը:



Դրան հաջորդող օրը քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում շահագրգիռ քաղաքացիների, նախագծող ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի, ինչպես նաև վերոհիշյալ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:



Հանդիպման ընթացքում մանրամասն կերպով ներկայացվեցին բոլոր մասնակիցների փաստարկները: Թե՛ պարոն Գյանջումյանը, թե՛ ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանն ու Հրաչիկ Պողոսյանը սրտացավորեն մոտեցան հարցի քննությանն ու կարծիք հայտնեցին, որ Արամի 30-ը հին Երևանի մնացած արժեքավոր պատմամշակութային շենքերից է:



Կառուցողական քննարկման արդյունքում ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը պատրաստակամություն հայտնեց 7-ից 10-օրյա ժամանակահատվածում ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որի արդյունքում հնարավոր կլինի պահպանել Արամի 30 շենքը: Նախագիծը այնուհետև պետք է քննարկվի Երևանի քաղաքաշինական խորհրդում:



Չնայած որ, ի հեճուկս քաղաքային իշխանությունների և քաղաքացիական շահառու կողմերի միջև ձեռք բերված վերոհիշյալ պայմանավորվածությանը, այսօր Արամի 30 շենքի տարածքի մի մասն արդեն ցանկապատվեց, մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հավատարիմ կմնան իրենց խոստմանը և հանրության առչև հաշվետու վերաբերմունքի սկզբունքներին:



«Արամի խաչմերուկ» շարժումը տեղեկացնում է Երևանի հանրությանն այս պայմանավորվածության մասին և կոչ է անում բոլորիս՝ երևանցիներին, ճարտարապետներին և քաղաքային իշխանություններին համատեղ ջանքերով պահպանել Արամի 30 շենքը: Մենք համոզված ենք, որ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել Երևանի համար դրական լուծման:

Հինը քանդելով՝ նորը անհիմն է: Պահպանենք մեր արժեքները:



«Արամի խաչմերուկ» շարժում