Հայ առաքելական եկեղեցուն պատրաստվում են հարկային արտոնություններ շնորհել

Հայ առաքելական եկեղեցուն պատրաստվում են հարկային արտոնություններ շնորհել
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները պնդում են, որ հարկային արտոնությունների տրամադրման պարագայում պետությունը ֆինանսապես չի տուժի, մինչդեռ այլ կրոնական կառույցներն արդեն իսկ նմանօրինակ պահանջներ են ներկայացնում:



Հոկտեմբերին Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ անցած նոր օրինագիծը հարկային արտոնություններ է շնորհում Հայ առաքելական եկեղեցուն, ինչն էլ դժգոհությունների ու քննարկումների առիթ է դարձել հասարակության լայն շրջանակներում: Օրինագծի ընդդիմախոսներն այն խտրականության դրսեւորում են համարում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ եւ կարծում են, որ այն սխալ է տնտեսական առումով, ինչպես նաեւ հակասում է Հայաստանի Սահմանադրությանը:



Օրինագծի կողմնակիցներն  իրենց հերթին նշում են, որ հարկային արտոնություններ ստանալու դեպքում Հայ առաքելական եկեղեցին իր բարեգործական գործունեությունն ընդլայնելու հնարավորություն կստանա:



Հայաստանը Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետությունն է աշխարհում, եւ եկեղեցիները սփռված են երկրի ողջ տարածքում:



Նոր օրինագծով հարկերից ազատվում են սեփականության եւ անհատույց օգտագործման իրավունքով Մայր Աթոռին պատկանող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող այն շենքերը, շինություններն ու հողատարածքները, որոնք օգտագործում է եկեղեցին: Շուրջ 286 շինությունների ցուցակում  նշված էին նաեւ բնակելի տներ, կինոթատրոն, խանութ եւ տաղավար, պուրակ, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, սեղանատուն, սրճարան, պանսիոնատներ, առողջարան, ֆուտբոլի մարզադաշտ եւ այլն:



Պատգամավորներից շատերը կարծում են, որ նոր օրինագծի հեղինակները հաշվի չեն առել հարցի տնտեսական կողմը: Հայ հեղափոխական դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը օրինագիծը համարում է «տնտեսապես ոչ մտածված»:



«Օրենքի ընդունումից հետո եկեղեցին դուրս կմնա Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացից, մինչդեռ պետության հիմնական դերակատարությունը պետք է լինի եկեղեցուն առավելագույնս ներառելը տնտեսական աճի գործընթացում», - ասում է նա:



Տնտեսական մեկ այլ խնդիր է մատնանշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա`երկրում ձեւավորված տեղական ինքնակառավարման համակարգը մինչեւ օրս պատշաճ վիճակում չի գտնվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, իսկ դրանց գոյացման հիմնական միջոցը հողի հարկն է:



Օրինագծի արդեն արտախորհրդարանական քննարկումներին հանդես եկող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները նշում են, որ մի շարք երկրներում, այդ թվում`իսլամական, Հայ առաքելական եկեղեցին ազատված է հարկերից, իսկ հայրենիքում շատերը վիճում են այս թեմայի շուրջ:



Եկեղեցականները մատնանշում են Խորհրդային 70 տարիները, որոնց ընթացքում ամեն ինչ խլեցին Հայ առաքելական եկեղեցուց, եւ այսօր Հայաստանի կառավարությունը, արդարությունը վերականգնելու միտումով, փորձում է շտկել անցյալի սխալները`Մայր աթոռին վերադարձնելու նրանից բռնագրավվածն ու խլվածը:



Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասում է, որ Հայաստանում 1991-ից մինչ օրս 140 եկեղեցիներ են կառուցվել: Եվ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ տարածքներն իրենց առաքելությունն իրականացնելու նպատակով են եղել:



«Այդ տարածքները զբաղեցնում են կարիքավորներին սնունդ ապահովող բարեգործական ճաշարանները, Հայորդաց տները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող`բնակության համար պայմաններ չունեցող եկեղեցականներին տրամադրված բնակելի տները եւ Մայր Աթոռի տարածքում գտնվող Ներսիսյան լիճը», -ասում է դիվանապետը:



Նրա հաշվարկներով`եկեղեցուն հարկային արտոնություններ շնորհելու պարագայում ոչ մի կառույց ֆինանսապես չի տուժի:



«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վճարում է տարեկան 60.000 դրամ գույքահարկ եւ հողահարկ: Միջին հաշվով, եկեղեցիները, զբաղեցնելով 50.000 քմ տարածք, պետք է վճարեն 20.000 դրամ գույքահարկ եւ հողահարկ», - ասում է նա:



Այնուամենայնիվ, օրինագծին դեմ արտահայտվողները կարծում են, որ եթե օրենքը ընդունվի, ապա Հայաստանում գործող մյուս կրոնական կառույցները, այդ թվում`եւ աղանդավորական, հանդես կգան նման պահանջով:



«Հակառակ դեպքում կնշանակի, որ մենք Սահմանադրության շրջանակներում արտոնություն ենք վերապահում Մայր Աթոռին`մոռանալով, որ նույն Սահմանադրության համաձայն եւ նաեւ միջազգային փաստաթղթերի հիման վրա երաշխավորել ենք այլ կրոնական կազմակերպությունների իրավունքը Հայաստանում», - ասում է Արծվիկ Մինասյանը:



Արշակ սրբազանն իր հերթին պահանջում է չնույնականացնել Հայ առաքելական եկեղեցին երկրում գրանցված այլ կրոնական կազմակերպությունների հետ: Նա ներկայացնում է Հունաստանի, Անգլիայի օրինակը, որտեղ գործում է խղճի ազատության օրենքը, սակայն Հունաստանում հույն ուղղափառ եկեղեցին, Անգլիայում Անգլիկան եկեղեցին, պետական եկեղեցու կարգավիճակ ունեն:



Օրինագծին դեմ են նաեւ Հայ ավետարանական մկրտական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիները: Նրանք պահանջում են, որ օրինագիծը տարածվի նաեւ իրենց եկեղեցիների սեփականությունների վրա:



Գյումրիի Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Գրիգոր քահանա Մկրտչյանը ասում է, որ դեմ չէ Հայ առաքելական եկեղեցուն, սակայն դեմ է պետության իրականացրած քաղաքականությանը:



«Ինչո՞ւ պետք է խտրականություն դրվի: Կաթողիկե դավանանք ունեցողների իրավունքները չեն հարգվում, իսկ մենք գրեթե 150 հազար հետեւորդ ունենք: Տարեկան իրականացնում ենք 1 միլիոն 900 հազար եվրոյի չափով բարեգործական ծրագրեր, եւ այդ ամենի համար մուծում հարկեր եւ տուրքեր», - ասում է նա:



Կաթողիկե եկեղեցին բարեգործական /սոցիալական/ ծրագրեր է իրականացնում Հայաստանի չորս մարզերում` Գյումրի, Լոռի, Երեւան, Գեղարքունիք:



«Ինչո՞վ կբացատրեն մեր կառավարական այրերն այն, որ Կեչառիսի վանքի հողատարածքի վրա կառուցված ռեստորանային համալիրը պետք է ազատվի հարկերից, իսկ օրինակ Պողոսյան կրթահամալիրի որբանոցը, որը Կաթողիկե եկեղեցունն է, եւ որը պետության փոխարեն խնամում է գյումրեցի որբ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, պիտի գործի հարկային դաշտում», - դժգոհում է  Տեր-Գրիգոր քահանան:



Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, սակայն, նշում է, որ ԱԺ ներկայացված ցուցակը նախնական է եւ ենթակա փոփոխության: Նա հավելել է, որ Կեչառիսի եկեղեցու հարեւանությամբ կառուցվող ռեստորանային համալիրը չի ընդգրկվի հաջորդ ցուցակում:



Արշակ սրբազանը հերքում է, որ եկեղեցին ունի այլ նպատակներով օգտագործվող շենքեր, շինություններ եւ առանձնատներ:



«Կադաստրում գրանցված է, որ Շիրակի թեմին պատկանում է սրճարան, սակայն այն այսօր գործում է որպես Հայորդաց տուն: Եկեղեցին չունի վիլլաներ: Դրանք գյուղերում ճաքճքած պատերով տներ են, որտեղ ապրում են հոգեւորականները, չունի ձեռնարկատիրական որեւէ կառույց», - ասում է դիվանապետը:



Նա նշում է, որ ԱԺ ներկայացված ցուցակը նախնական է եւ ենթակա փոփոխության: Օրինակ է բերում Կեչառիսի եկեղեցու հարեւանությամբ կառուցվող ռեստորանը, որը չի ընդգրկվի հաջորդ ցուցակում:



Արշակ սրբազանն ասում է, որ Մայր աթոռի բյուջեի 1/3-ն ուղղվում է կրթադաստիարակչական աշխատանքներին, իսկ հարկեր վճարելու դեպքում նրա բարեգործական ծրագրերից մի քանիսն ուղղակի կփակվեն:



Գայանե Մկրտչյան



Կովկասյան լրատու