Ինչու են վերադարձնում բողոքները

Ինչու են վերադարձնում բողոքները
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանից: Ըստ պալատի գիտավերլուծական կենտրոնի, որի ղեկավարն է փաստաբան Արա Զոհրաբյանը, վճռաբեկ դատարանի կողմից բողոքներ վերադարձվում են՝ առանց օբյեկտիվ բացատրությունների:



«Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները չեն պատճառաբանվում, ինչի հետեւանքով փաստաբանները եւ այլ իրավաբաններ չեն կարողանում հասկանալ, թե որ ծանրակշիռ փաստարկն է հիմք հանդիսացել բողոքը վարույթ ընդունելու համար, կամ օրենքի միատեսակ կիրառության համար հարցն ինչ խորությամբ է բարձրացվել, կամ ՀՀ վճռաբեկ դատարանի որ որոշմանն է հակասել ստորադաս դատարանի որոշումը, ինչ փաստական հանգամանքների նույնությամբ կամ նմանությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ ավելացնելով, որ վճռաբեկ դատարանի այս հայեցողական լայն հնարավորությունը  կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում:



Ըստ գիտավերլուծական կենտրոնի, անհանգստացնող են նաեւ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վերադարձնելիս օգտագործած ձեւակերպումները: «Օրինակ, նշվում է, որ բողոք բերողը խախտել է դատավարական կանոնը, քանի որ բավարար չափով չի պատճառաբանել վարույթ ընդունելու հիմքերը: Ստացվում է, որ փաստաբանը, օգտվելով բողոք բերելու իր իրավունքից, արդեն օրենք է խախտում»,- նշված է եզրակացության մեջ:



Եվ ամփոփված է, որ սա պատճառներից մեկն է, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին: Պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնն առաջիկայում պատրաստվում է մշակել օրենսդրական նախագծեր՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այս լիազորությունների հստակեցման եւ հասարակության համար հասանելի դարձնելու ուղղությամբ: