Լոռիում անասուններ են սատկում

Լոռիում անասուններ են սատկում
Լոռու մարզի Լորուտ համայնքում նոյեմբերի 28-ին նկատվել է «խոզերի աֆրիկյան ժանտախտ» հիվանդություն: Գյուղում գրանցված է 450 խոզ, որոնք թեպետ չեն սատկել, սակայն 2 խոզ հարկադիր մորթի է ենթարկվել: Լորուտի բնակիչ Հրաչիկ Բախչյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր 6 խոզերից 2-ին հարկադիր մորթի է ենթարկել, երբ նկատել է, որ նրանք հրաժարվում են կերից: «Տեսանք, որ կեր չեն ուտում, հիվանդ են, ստիպված մորթեցինք»,- պատմեց  զրուցակիցս՝ հավելելով,  որ ինքը չի կարող հաստատ ասել, թե հիվանդությունն աֆրիկյան ժանտախտ է, բայց միեւնույն ժամանակ չի էլ բացառում հիվանդության առկայությունը:



Հարկադիր մորթված երկու խոզերը մոտ 300 հազար դրամի վնաս են պատճառել նրան:



Հիվանդության մասին անմիջապես ահազանգել են գյուղի անասնաբույժ Լյովա Այրինյանին, որն էլ նախնական եզրակացությամբ հիվանդությունը համարել է աֆրիկյան ժանտախտ. «Իմ կարծիքով՝ հնարավոր է, որ դա ժանտախտ է, քանի որ 2007-ին եւս գյուղում հիվանդության բռնկում կար, որի ժամանակ սատկեց խոզերի գրեթե 99 տոկոսը»:



Անասնաբույժի վստահեցմամբ, վիճակը վերահսկելի է, կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ: Դեպքի հենց նույն օրը համայնք է այցելել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Սպանդի ենթարկված խոզերից վերցվել են նմուշառումներ եւ ուղարկվել լաբորատորիա: Արդյունքները պարզ դառնալուց հետո միայն հայտնի կդառնա հիվանդության տեսակը: Անասնաբույժը եւս ոչ հերքեց, ոչ հաստատեց հիվանդության աֆրիկյան ժանտախտ լինելու հանգամանքը: Խնդրին տեղում ծանոթանալու համար գյուղ են այցելել նաեւ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական տեսչության աշխատակիցներ:



Անասնաբուծության, սննդի անվտանգության տեսչության եւ բուժասանիտարիայի ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հովհաննես Հակոբյանը «Հրապարակին» հայտնեց, որ դեռեւս անհանգստանալու կարիք չկա. ««Աֆրիկյան ժանտախտ» դիագնոզը տվել է տեղի անասնաբույժը, նույն գոմում կան եւս 3 կենդանի, որոնց ջերմաչափել ենք, ու որեւիցե վտանգավոր բան չկա… Այս պահի դրությամբ ոչինչ հստակ ասել չենք կարող, քանի որ անկված կենդանի չի եղել»:



Հակոբյանի խոսքով, փորձաքննության պատասխանները կստանան մեկ շաբաթից, իսկ մինչ այդ շարունակվելու է կարանտինային վիճակը տվյալ տնտեսության վրա: Մեր այն դիտարկմանը, որ նման դեպքերում շատ հաճախ միսը գյուղից դուրս է բերվում առանց համապատասխան թույլտվության, Հակոբյանը նշեց. «Օրենքով հստակ ասվում է, որ միսը դուրս բերելու համար ինչպես գյուղապետից, այնպես էլ անասնաբույժից պետք է լինեն համապատասխան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ պետք է նշվի, որ կենդանին հանված է առողջ տնտեսությունից, ու նոր միայն իրավունք ունեն վաճառել միսը, սակայն դեռեւս այդ վերահսկողությունը բարձր մակարդակի վրա չէ»: Նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ գյուղից միջնորդներն ավելի էժան գներով վերցնում են միսը ու հասցնում քաղաք:



Փորձեցինք պարզել նաեւ՝ եթե հաստատվի հիվանդության տեսակը, գյուղացիներն արդյոք կստանա՞ն վնասի փոխհատուցում: Հովհաննես Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, կարծում եմ, որ չի լինի»:



Ի դեպ, գյուղացիների փոխանցմամբ՝ 2007-ին բռնկված ժանտախտի դիմաց իրենք փոխհատուցում ստացել են: Հիշեցնենք, որ այս ամիս անասունների հիվանդության եւս մեկ դեպք էլ բռնկվել էր Կաթնառատ համայնքում, որտեղ սատկել էին 3, իսկ հարկադիր սպանդի ենթարկվել 10 խոշոր եղջերավոր անասուններ, որոնց միսը, ի տարբերություն այս դեպքի, առանց որեւէ փաստաթղթի վաճառքի էր հանվել, վտանգելով մարդկանց կյանքը: