Շշիս խի՞ ես ձեռ տվել

Շշիս խի՞ ես ձեռ տվել
Երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության (քրեական գործով՝ ինքնասպանության) գործով դատավարությունը: Ըստ պաշտոնական վարկածի՝ 2010թ. հուլիսի 27-ին, ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի հսկողությանը հանձնված թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանն իր հաստիքային «ԱԿ-74» տեսակի 1093977 համարի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում հրազենային վնասվածք է հասցրել եւ տեղում մահացել: 



Ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հինգ զիծառայողներ ներգրավված են որպես մեղադրյալներ, նրանցից չորսը՝ գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Արտակ Նազարյանի դասակի ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը  կալանավորված են, իսկ մյուս մեղադրյալը՝ Հարութիկ   Կիրակոսյանը, հանձնված է զորամասի պահպանությանը:



Երեկվա դատական նիստում պետք է իր խոսքն ավարտեր տուժողի իրավահաջորդի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն նա խնդրեց իր իրավասությունները հանձնել Արտակի քրոջը՝ Ծովինար Նազարյանին: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որը դատարանի կողմից բավարարվեց՝ փոխվեց ապացույցների հետազոտման կարգը, եւ դատարանում վկաների ցուցմունքներից հետո կլսեն տուժողի իրավահաջորդին:



Դատարան հրավիրված վկան՝ Արման Մնացականյանը, որը ծառայության վերջին օրերն է անցկացնում, չէր կարողանում խոսել, ասում էր՝ ոչինչ չի հիշում: Շուշանյանն էլ միջնորդեց զինծառայողին կանչել դատարան մի քանի օրից, երբ նա ավարտած կլինի ժամկետային զինծառայությունը:



Արտակ Նազարյանին ճանաչել եմ որպես կիրթ ու կարգապահ մարդու



Դատարանում այսպես արտահայտվեց գործով վկա, Արտակ Նազարյանի հրամանատար, ըստ լուրերի՝ «3 աստղանի հրեշ» մականվամբ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը:  Նա պատմեց, որ Արտակը զանգել ու ասել է, որ ուշանալու է, ինքն է, որպես Արտակի հրամանատար, զեկուցել ու միջնորդել, որ մեկ օր ուշ Արտակը ներկայանա պահակակետ:



Արտակը «զամպալիտ» Հակոբ Մանուկյանի ջրի շիշն օգտագործել է, իսկ Հակոբ Մանուկյանը, ըստ Գագիկ Ուդումյանի, ստիպել է Արտակին մինչեւ երեկո շիշը բերել, Արտակն էլ, խախտելով ՀՀ ԶՈՒ կայազորային կանոնագրքի հոդվածները, իջել է Չինարի գյուղ, մի շիշ գնել, ետ է եկել: Վաշտի հրամանատարը պատմեց, որ իրեն զանգահարել են Չինարի գյուղի խանութից եւ հարցրել՝ ճանաչո՞ւմ է լեյտենանտ Նազարյանին, քանի որ Արտակը ցանկացել է պարտքով գնումներ կատարել: Այդ ժամանակ կապիտան Ուդումյանը չի փորձել իմանալ, թե ինչու է Արտակը խախտել ԶՈՒ կանոնագիրքն ու մի քանի ժամով լքել մարտական հերթապահության վայրը:



«Զանգեցին զորամասից դեպքի օրը, ասեցին, որ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, ես էլ զանգել եմ Հակոբին, ասել եմ՝ գրպանները նայի՝ հո բան-ման չկա՞ գրված»,- պատմեց Ուդումյանը: Կապիտանի ինչի՞ն է պետք, թե սպանվածի գրպանում ինչ կար, չէ՞ որ նա ոչ նախաքննական մարմին է, ոչ էլ հետաքննական. այսկերպ արձագանքեցին կողմերը կապիտանի ցուցմունքին: Մի չբացահայտված կետ էլ կա: Արտակ Նազարյանը դեպքից օրեր առաջ զանգահարել է կապիտան Ուդումյանին եւ ասել, որ «զամպալիտի» հետ վեճ է ունեցել, սա էլ թե՝ «ի՞նչ կա, ինչով պետք ա, ասա՝ կլուծենք հարցերը»:



Երբ Ուդումյանը եկել է հենակետ՝ ստուգման, Արտակն ասել է, որ մարմնի ձախ մասում կապտուկ կա: Ըստ Ուդումյանի՝ Արտակը սկզբում ասել է, թե կապտուկն առաջացել է զինծառայակցի հետ կատակ անելու հետեւանքով. «Ես շարեցի ամբողջ անձնակազմին եւ ասացի, որ նման կատակներ եւ առհասարակ կատակներ սպաների հետ անել չի կարելի»: Սակայն հետո Արտակը հրամանատարին ասել է, որ հենակետի զինծառայողներին փոխելու ժամանակ վայր է ընկել, ու կապտուկ է առաջացել: Ինչեւէ, 11 հատորանոց քրեական գործի մանրամասերը դեռ ուսումնասիրվում են: Հաջորդ նիստն այսօր է:



Հարություն Մկրտչյան