Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Մենք՝ դատապարտյալների հարազատներս, խնդրում ենք տպագրել մեր զայրույթն ու զարմանքը պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի նկատմամբ, որը վերջերս ելույթ էր ունեցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» հաղորդաշարում:



Պարոն Պետրոսյան, ուզում ենք Ձեզ հիշեցնել, որ երբ հինգ հոգուց բաղկացած պատգամավորական խմբով եկաք մահապատժի դատապարտվածների հետ հանդիպման եւ այդ խմբի ղեկավարը Դուք էիք, ծանոթանալով բարձրացված խնդրին, միանշանակ ընդունեցիք եւ հայտարարեցիք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագիրը կազմված է օրենքների կոպիտ խախտմամբ: Այս փաստն ինչպես Դուք, այնպես էլ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն  իր այցելության ժամանակ ընդունեց եւ խոստացավ պարզել, թե ով է կազմել այդ հրամանագիրը: Անվերջանալի խոստումներ, խոստումներ: Նշենք նաեւ, որ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Համարբերգն իր զեկույցներում բազմիցս անդրադարձել է այս խնդրին:



Պարոն Պետրոսյան, այս ամենից հետո պարտավոր եք հրապարակավ ընդունել նախկինում կատարած սխալը եւ ջանալ այդ սխալը շտկել: Եթե ոչ, ապա մենք պետք է հասկանանք՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի՞ պատվերն էինք կատարում հանուն բաղձալի աթոռի, սեփականաշնորհված մանդատի, իսկ այսօ՞ր ում եք ծառայում: Իսկ պարոն Մուրադյանը՝ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը, դատախազի կարգադրությամբ նույնպես այցելել էր հիմնարկ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին, որոնք դատապարտվել են մեկ անձի սպանության համար: Նրանց ցուցակագրել էր եւ ասել, որ օրենքը փոխվելուն պես քրեական գործերը դատական կարգով կվերանայվեն, եւ նրանց պատիժները կփոխարինվեն 16, 17, 18, 19, 20 տարվա ազատազրկման:



Մեծարգո պարոն նախագահ, դիմում ենք Ձեզ մի քանի տասնյակ մահապատժի եւ ցմահ դատապարտված անձանց հարազատների անունից: Խնդրում ենք Ձեզ վերջակետ դնել այս չարկչրկված խնդրին, որն արդեն շուրջ 8 տարի է՝ ձգվում է: 23.05.2011 թվականին ԱԺ-ի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեց, մասնավորապես Քրօր. 104 հոդվածի երկրորդ մասում եւ 59 հոդվածում: Քրեակատարողական հիմնարկը դատարաններից որոշում ստացավ, որ կարող են դիմել դատարան՝ գործերի վերանայման համար: Անգամ առաջարկել էին փաստաբաններ վարձել, գրել էին, որ կարող են դատապարտյալները մասնակցել դատավարություններին: Դատապարտյալների մոտ հույս էր արթնացել, որ ցմահ դատավճիռները կփոխարինվեն համարժեք պատժաչափերով: Դատապարտյալները հավատացել էին օրենքի փոփոխությանը եւ վերահսկող դատախազի խոսքին: Իսկ դատական պրոցեսն սկսվելուն պես դատավորները կուլիսներում ասում էին. «Վերեւներից ասել էին՝ գործերը նայեք, թողեք նույնը, դաբրո չկա»: Մինչդեռ իերնց՝ դատավորների կարծիքով մի շարք գործերով կարելի էր ցմահ ազատազրկումները փոխարինել 16-20 տարի պատժաչափերով:



Հարգարժան պարոն նախագահ, մենք Ձեզ համարում ենք արդար որոշումներ կայացրած մարդ եւ հուսով ենք՝ հուսախաբ չեք անի մեզ:



Մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալների հարազատներ