Երբ պետք է` դահլիճը լիքն ենք պահում

Երբ պետք է` դահլիճը լիքն ենք պահում
Երեկ Ազգային ժողովը պետք է քվեարկության դներ ներքաղաքական քննարկումների առարկա դարձած կարեւոր հարց` կառավարության ներկայացրած 2012 թվականի բյուջեն, սակայն պատգամավորների բացակայության պատճառով քվեարկությունը տեղի չունեցավ: Փոխարենը ԱԺ-ն քննարկեց ՀՅԴ առաջարկը` կառավարությանն անվստահություն հայտնելու համար Սերժ Սարգսյանին դիմելու մասին, որը կրկին հետաձգվեց նույն պատճառով: Ընդհանրապես երեկ քվեարկություններ գրեթե տեղի չունեցան` պատգամավորների քչության պատճառով: Նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցությունից Անահիտ Բախշյանը նկատեց, որ, չնայած 70-ից ավելի պատգամավոր կողմ է քվեարկել, դահլիճում կա 68 պատգամավոր: «Քվեարկել ու դուրս են եկել»,- վրա եկավ Սամվել Նիկոյանը: Ի վերջո, երբ պարզվեց, որ քվեարկությունները շարունակել հնարավոր չէ, լուծումը գտնվեց. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեգ Ղուկասյանն առաջարկեց օրինագծերի քվեարկությունը հետաձգել մեկ օրով, քանի որ դեկտեմբերի 7-ն է, եւ պատգամավորները գտնվում են աղետի գոտում: Թեեւ դժվար է պատկերացնել, որ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչների կեսից ավելին գնացած լիներ աղետի գոտի, սակայն նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը միանգամից հավանության արժանացրեց առաջարկը:



ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրինք, թե արդյոք սա որոշակի մոտեցում չէ՞ կառավարության հանդեպ, երբ բյուջեի քվեարկության օրը դահլիճը գրեթե դատարկ է: «Ոչ, որոշակի մոտեցում է մեր ազգի հետ կատարվածի հետ: Մեր պատգամավորներից շատերը գտնվում են այսօր աղետի գոտում»,- հայտարարեց ՀՀԿ-ականը: Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ կարող է ընկալվել, որ ԱԺ-ն տապալեց կառավարության ներկայացրած բյուջեի քվեարկությունը, Սահակյանը խորհրդավոր պատասխան տվեց. «Դա ոչ թե վերաբերմունք է բյուջեի նկատմամբ, այլ մեր արժեհամակարգում կան օրեր, երբ ամբողջ ազգն իր ավելի բարձր իրողություն է համարում եղելությունները, եւ ես ողջունում եմ, որ մեր ազգը հավատարիմ է իր արժեհամակարգին: ...Երբ քաղաքական թիմը գտնում է, որ դահլիճը լիքը պետք է լինի, այդ պահին էլ լիքն է լինում: Որեւէ խնդիր չկա ԱԺ դահլիճն անընդհատ լիքը պահելու»: «Ինչու լիքը չե՞ք պահում» մեր զարմանքին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց. «Որովհետեւ դա պատգամավորների լիազորությունների շրջանակում է: Եթե պատգամավորը լիագումար նիստում չունի հարցեր, չունի առաջարկություններ, մասնակցել է իր թիմի քննարկումներին, ես չեմ կարծում, որ պիտի նստի էնտեղ եւ ելույթներ լսի, ոչ թե լսի, այլ նայելով՝ որեւէ բան ոչ փորձի ընկալել, ոչ էլ փորձի խոսել»: Մեր դիտարկմանը, թե օրենքն այլ բան է ասում՝ որ պարտավոր են մասնակցել նիստերին, ՀՀԿ-ականը հակադարձեց. «Օրենքը երբեք չի ասում, որ պարտավոր են մասնակցել նիստերին: Օրենքն ասում է, որ պատգամավորը լրիվ ազատ է իր գործողությունների մեջ, եւ օրենքը նաեւ ասում է, որ եթե նիստի կեսից ավելին չի մասնակցում, ապա օրենսդիրը որոշակի նաեւ գործողություններ է սահմանում: Մնացած բոլորում պատգամավորն ազատ է: Ես երբեք չեմ ստիպի իմ պատգամավորին, որ ստիպված լինի նստել եւ սպասի, թե երբ կավարտվի քաղաքական ելույթը, որ դուրս գա»:



Ապա ՀՀԿ փոխնախագահը կիսվեց իր միջազգային փորձից. «Ես եղել եմ եվրոպական պառլամենտներում, ասիական պառլամետներում եւ երբեք չեմ տեսել, որ պատգամավորը պետք է նստի դահլիճում եւ էնպիսի պոզա ընդունի, որ հաճույք պատճառի լրագրողներին: Որեւէ պառլամենտում այնքան մարդ չի նստում, ինչքան մեզանում է նստում»: Երբ հիշեցրինք, որ պատգամավորներն աշխատավարձ են ստանում նաեւ նիստերին մասնակցելու համար, Գալուստ Սահակյանն ամենայն լրջությամբ հակադարձեց. «Պատգամավորն աշխատավարձ չի ստանում լիագումար նիստերին նստելու համար: Պատգամավորն աշխատավարձ է ստանում իր քաղաքական գործունեության համար եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար»: