ՀԱԿ-ը մտահոգություն է հայտնում

ՀԱԿ-ը մտահոգություն է հայտնում
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար` պարոն Վ. Գաբրիելյանին



Հարգելի պարոն Գաբրիելյան,



Հայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:



Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները.



  1. ԱՊՀ 1992թ. մարտի 13-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի սպասարկման սկզբունքների եւ մեխանիզմների մասին» համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ ձեռնարկած միջոցառումները,


  2. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուների թիվը, նրանց կողմից ներդրված դրամական միջոցների ընդհանուր գումարը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ,


  3. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշման կատարման ընթացքի մասին տվյալներն (ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված ու փոխհատուցված գումարները, փոխհատուցում ստացած ավանդատուների թիվը եւ որոշման կատարումը բնութագրող այլ տվյալներ) ըստ տարիների,


  4. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի կողմից տրված 1000 ռուբլիանոց սերտիֆիկատների քանակը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ եւ դրանց մարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները,


  5. նախկին ԽՍՀՄ պետական ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց թիվը, այդ թվում` ապահովագրված անչափահասների թիվը, համապատասխանաբար նրանց համար կատարված ապահովագրավճարների գումարը, վերադարձված ապահովագրական ընդհանուր գումարը եւ դրանք ստացած ապահովագրվածների թիվը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ` ըստ ապահովագրության տեսակների:




Հուսով եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված ժամկետում մեզ կներայացնեք պահանջվող տեղեկությունները:



Հարգանքով,



Լևոն Զուրաբյան



Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող