Կուռքերի դարը վաղուց է անցել

Կուռքերի դարը վաղուց է անցել
Հոկտեմբերի 25-ի հանրահավաքից հետո մամուլ կարդալ չի լինում: Ցավալիորեն ողջ մամուլը ողողվեց Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան փոխհարաբերությունների «ջերմացման» վարկածի բուռն վերլուծություններով, դրանից բխող վատի, լավի կանխատեսումներով, ու այդպես էլ դեռ շարունակվում է: Իսկ այդ օրվա գլխավոր քաղաքական փաստաթուղթը` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը, այդպես էլ մնում է ստվերում: Մենք ակնկալում էինք, որ հանրության, հատկապես մտավորականության համար հռչակագիրն առաջնային պիտի լիներ, բայց չեղավ:



Առավել եւս, որ աղմուկ հանած այդ «ջերմացումը» Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական տեսակետն էր, եւ, անկեղծանալով հանրության առջեւ, այն ներկայացրեց որպես «քաղաքական վերլուծության կամ խորհելու նյութ»: Այդ «ջերմացման» առիթով մեզ ապշեցրեց գրող Լեւոն Ջավախյանի վրդովմունքը («Հրապարակ», 29.11.2011թ.): Մեկ շաբաթ մտածում էինք` արձագանքե՞նք, թե՞ ոչ: Ասելիքը մեզ հանգիստ չէր տալիս, հատկապես, երբ գրողն իր խոսքը հանգեցրեց կուռքերից ազատվելու հիրավի անհրաժեշտությանը: Ի դեպ, Ջավախյանը ճիշտ էլ գիտակցում է. «Անձամբ ես կարծում եմ, որ իսկական ազատությունը նախեւառաջ կուռքերից ազատվելու մեջ է»:



Եվ եթե վիրավորված տոնով նման կոչ է անում գրող-մտավորականը, ուրեմն Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա համար մինչ հանրահավաքի օրը  իսկապես կուռք էր: Չընդունելով Լեւոն Տեր-Պետրոսյանի «տնային առաջադրանքը», գրողը պարզապես համբերությունից դուրս է եկել, ավելի ճիշտ` հիասթափությունից պայթել: Նույն ճանապարհն է անցել թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, որի կուռքն էլ ժամանակին վարչապետ Վազգեն Մանուկյանն էր: «Ջերմացման» կապակցությամբ իր հիասթափությունն էլ թատերագետը ներկայացրել է «Ես գիտեմ մի կուսակցություն, դա մի մարդու կուսակցություն է» ձեւակերպմամբ, որը մոլորյալ Ջավախյանը, որպես վառված սրտի մխիթարանք, մեջբերում է անում իր վրդովմունքում: Տհաճությամբ հետեւելով նմանատիպ վերլուծություններին՝ մենք էլ ներկայացնում ենք մեր «վառված սրտի» խոսքը:



Զարմանալի բան. ում խելքի բանը չէ, եւ զայրացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «տնային հանձնարարությունը», նա էլ ՀՀ առաջին նախագահին իր կուռքն է համարել (թեկուզ  չհիմնավորված, այսինքն` ենթագիտակցաբար): Փաստորեն, այս խայծով Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն էլ, Կոնգրեսի համակիրների շարքերն էլ մաքրում է կռապաշտներից, միեւնույն ժամանակ նրանց ապահովագրում իր պատճառով կուռքաթափ լինելու հոգեկան նոր ցնցումներից:



Այս երեւույթը բացահայտում է նաեւ մեկ այլ իրողություն, որ, թեեւ «բարձրացել է ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը», այդուհանդերձ, մտավորականության քաղաքացիական գիտակցությունը դեռեւս սովետական է, որովհետեւ առաջնորդին շփոթում է կուռքի հետ: Այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի «թեստն» արդյունավետ էր եւ նրբանկատ:



Երդվյալ կռատյացներ` Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ