Կնիկ է ուզում՝ բանով ու չբեր

Կնիկ է ուզում՝ բանով ու չբեր
Միավորված  աշխատանքային կուսակցության նախագահ  Գուրգեն Արսենյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:



ՄԱԿ-ը ՀՀԿ-ի հետ համատեղ նույն ցուցակով չի առաջադրվի, սակայն չի բացառվում իշխանական կուսակցության հետ համագործակցելը, եթե դա բխի մեր պետության շահից:



«Ես քաղաքական դաշինքների կողմնակից եմ, եթե դրանք կնքվում են հայեցակարգային մոտեցումներից եւ աշխարհընկալումներից ելնելով, իսկ եթե դրանք պատեհապաշտական նպատակներ ունեն, ապա չեմ ողջունում»,- միտքը շարունակելով՝ ասաց ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը: Արսենյանը գտնում է, որ քաղաքական դաշտում պետք է լինեն երկխոսություն, բանավեճ, որպեսզի ՀՀ քաղաքացին հասկանա, թե որն է իր համար ավելի հոգեհարազատ: ՄԱԿ նախագահը ներկայացրեց այն չորս կարեւոր բեւեռները, որոնք պետք է ձեւավորվեն Հայաստանի քաղաքական դաշտում, որից հետո ՄԱԿ-ը նոր կմիանա իրեն գաղափարակից ուժին:



Առաջին բեւեռը, ըստ Գուրգեն Արսենյանի, ազգային-պահպանողականն է, որտեղ կարող է համախմբողի տեսքով հանդես գալ իշխող ՀՀԿ-ն, երկրորդը սոցալիստականն է, որը կարող է համակարգել այդ դաշտում 100-ամյա փորձ ունեցող ՀՅԴ-ն, երրորդը բուրժուադեմոկրատականն է, որն, ըստ  Արսենյանի, ներկայացնում են ՄԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Ժառանգությունը», իսկ չորրորդը նույն բուրժուադեմոկրատական եւ ժողովրդավարական գաղափարախոսությունն է, ինչի ներկայացուցիչն էլ, ըստ բանախոսի, Հայ ազգային կոնգրեսն է:



ՀԱԿ-ի հետ կապված՝ Արսենյանն ասաց, որ կա ընտրողների մի ստվար զանգված, որ դժգոհ է գործող իշխանությունից եւ իր ձայնն էլ չի ցանկանում տալ ՀԱԿ-ին, եւ այդ դեպքում ընդդիմադիր այլ ուժ է պետք, որ կարողանա ժողովրդին տալ այն, ինչ նա է ցանկանում:



«Մենք չունենք եւ չենք ստեղծել Հայաստանի քաղաքացիներին երկրում պահելու բարոյական գործիքներ: Այդ պատասխանատվությունն առաջին հերթին կրում են քաղաքական իշխանությունն ու քաղաքական ընդդիմությունը»,- ասաց Արսենյանը, անդրադառնալով արտագաղթին: Բանախոսը գտնում է, որ առաջիկա խորհրդարանում, կլինի ռադիկալ ընդդիմություն, քանի որ ՀԱԿ անդամներից, ովքեր որ լինեն պատգամավոր, նրանք թրծված հռետորներ են, ինչի կարիքն ունի մեր երկրի խորհրդարանը.



«Ազգային ժողովը միայն կոճակ սեղմելու տեղ չէ, այլ երկխոսության ու բանավեճի, իսկ ՀԱԿ-ի հռետորների հետ բանավիճելու դեպքում 6 ամիս հետո խորհրդարանական ամբիոնը կդառնա ՀԱԿ-ի մենաշնորհը: Այդ մասին պետք է մտածել»: Եթե խորհրդարան անցնեն, կյանքն  իրենց համար ավելի կբարդանա, եթե ոչ՝ կշարունակեն ապրել իրենց բնականոն կյանքով, նշանդրեք կգնան, հարսանիք՝ կապրեն այնպես, ինչպես բոլորը, այսպես է կարծում Արսենյանը:



Հարություն Մկրտչյան