«Բարգավաճի» անունը տալու հատվածը սխալ թարգմանվեց

«Բարգավաճի» անունը տալու հատվածը սխալ թարգմանվեց
Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նախօրեին հայտարարեց, որ իրենց անդամակցելու համար դիմած հայաստանյան երեք կուսակցություններ` Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն», մոտ ապագայում կդառնան ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: «Մենք կասկած չունենք, որ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ»,- ասել է նա: Ինչպես հայտնի է՝ այս երեք կուսակցությունները եւ ԲՀԿ-ն հայտ են ներկայացրել ԵԺԿ-ին անդամակցության համար:



Մարտենսը, սակայն, չի տվել ԲՀԿ-ի անունը, ինչն էլ քաղաքական եւ լրագրողական շրջանակներին առիթ է տվել ենթադրելու, որ ԲՀԿ-ի անդամությունը կմերժեն: Չնայած անդամակցության հարցը որոշվելու է հաջորդ տարվա փետրվարին, այդուհանդերձ, երեկ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ իրենց հայտնի՞ է, թե ինչ պատճառով է ԵԺԿ ղեկավարն անտեսել ԲՀԿ-ին: Վրիպո՞ւմ է եղել, թե՞ դա նշանակում է, որ ԲՀԿ-ն չունի մյուս երեք կուսակցությունների՝  եվրոպական ստանդարտներին «համապատասխանող» չափանիշները:



- Ճիշտն ասած՝ ես էլ կոնկրետ չհասկացա: Ես ամեն պարագայում մտածում եմ՝ կարծես թե կոնգրեսում անընդհատ նշվեց չորս կուսակցությունների ընդունելության հարցը ու հետո մի տեղ մենակ չնշվեց:



- Բայց երբ ԵԺԿ ղեկավարն իր ելույթի ըստ էության ամենակարեւոր հատվածում հայտնեց, թե կասկած չունի, որ հայաստանյան երեք կուսակցությունները կինտեգրվեն եվրոպական ամենաազդեցիկ պահպանողական կուսակցության ընտանիք, չարտասանեց ԲՀԿ-ի անունը:



- Էդ հատվածի թարգմանությունը սխալ կատարվեց: Այդպես եմ կարծում, որովհետեւ բոլորի մոտ էլ էդ պահը կա:



- Այսինքն մտահոգություն չունեք, որ սա զգուշացում էր ԲՀԿ-ի անդամակցությունը մերժելու վերաբերյալ:



- Ես չեմ կարծում, թեպետ վատագույն դեպքում ես հակված չեմ շատ հուզվելու այդ առումով: Մի բան ակնհայտ է, որ հանկարծ  եթե հակառակն էլ լինի, ես չեմ կարծում, որ դա սարսափելի դժբախտություն կլինի:



- Բայց այդ դեպքում կնշանակի, որ մյուս  կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը», ձեր կուսակցության նկատմամբ առավելություններ ունեն, եւ նրանց մոտ են առկա ԵԺԿ-ի բարձր չափանիշները: Այդպես չէ՞:



- Ի՞նչ է նշանակում՝ առավելություն ունեն:



- Խոսքը եվրոպական ամենաազդեցիկ կուսակցության ընտանիքին անդամագրվելու մասին է, ինչի համար բարձր չափանիշներ են պահանջվում:



- Եթե Դուք կմտածեք, որ դա առավելություն է, ոնց ուզում եք՝ ըտենց հասկացեք: ...Կուսակցությունների առավելությունները որոշվում են, թե ինչքան զանգված է այդ կուսակցությանը լավ նայում եւ դրական նայում կամ ոչ:



- Ամեն դեպքում, ԵԺԿ չափանիշներն իրոք բարձր են, չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն չի համապատասխանում դրանց:



- Ես չեմ ուզում առաջ անցնել եւ ինչ-որ բաներ ասել, երբ դա մեր կուսակցության հետ չի կարող ոչ ուղիղ, ոչ անուղղակի առնչություն ունենալ: Երբ դեռ ոչինչ հայտնի չէ, թե ովքեր կանդամակցեն, «գուցե»-ներով խոսելը դառնում է անիմաստ մի բան:



- Դեռ հույս ունե՞ք, որ ԲՀԿ-ն էլ կանդամագրվի, երբ կարծես նշմարվեց, որ վերջինիս անտեսեցին:



- Բայց ինչի՞ վերաբերյալ պետք է հուզվեինք: Նման բան չի նշմարվել, բայց որ նշմարվի էլ, իմ խորին համոզմամբ՝ բացարձակապես որեւէ դժբախտություն չկա: Եվ հետո, եկեք դուզը խոսանք՝ ինչի՞ պիտի չհամապատասխանի կոնկրետ ԲՀԿ-ն:



- Հենց միայն այն բանի համար, որ ԲՀԿ-ն, ըստ էության, օլիգարխների, գործարարների կուսակցություն է, որտեղ չկա ներքին ժողովրդավարական կառուցվածք, ինչն էլ ԵԺԿ չափանիշներից մեկն է:



- Իսկ ո՞վ է դա ասում, ըտենց բան են ասում, հա՞: Ա՜յ դժբախտություն. չէի էլ իմանում:



- Պարոն Բոստանջյան, ԶԼՄ-ներում մի վարկած էլ է շրջանառվում՝ չի բացառվում, որ երկրի ղեկավարը ԵԺԿ-ում հավաստիացումներ է տվել, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրություններին միասնական ցուցակով են մասնակցելու, ասել է թե սրանց կարելի է մեկ կուսակցության տեղ անցկացնել:



- Ես չեմ կարծում, որ երկրի ղեկավարն էդքան էդ հարցը պետք է բան հարց լինի իր համար... էլ բան ու գործ չկա՞, որ դրանով պետք է զբաղվի: