O,my god

O,my god
ԱՄՆ նորանշանակ դեսպանը, որ սկսել է ջանադրաբար հայերեն սովորել, գործնական պարապմունքների նպատակով միացրել է հեռուստացույցն ու թարսի պես ականատես-ունկնդիր եղել «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության դեմ շմայսա-նիկոյանական արշավանքին: Հայերեն դեռեւս լավ չհասկացող դեսպանն անմիջապես որսացել է ամերիկյան մարտաֆիլմերի հերոսներին վայել խոսելաոճը, բայց որոշ արտահայտություններ դժվարացել է ընկալել: Անմիջապես դիմել է իր հայերենի ուսուցչուհուն, որ համատեղության կարգով նաեւ թարգմանչուհի է.



- Ի՞նչ ասաց այն պարոնը:



- Ո՞ր մեկը:



- Այն մեկը, որ միայնակ նստած է նախագահությունում:



- Ասաց` fuck you!



Դեսպանը պայծառացել է.



- Իսկ այն մյո՞ւսը, որ դահլիճում է նստած:



- Նա նույնպես ասաց` fuck you…



- O my God!!!, շատ հետաքրքիր լեզու է այս հայերենը,- զարմացել է դեսպանը,- ճիշտ անգլերենի հակառակը: Մենք այդ բառն արտասանելիս հազար ու մի բան ենք հասկանում, իսկ դուք նույն բանն ասելու համար գործածում եք տարբեր բառեր: Հարուստ, շատ հարուստ լեզու է հայերենը:



Հետո իր աշխատանքային տետրում նա անվարժ գրել է.



«Ականջներդ լվացրու- fuck you, հայվան- fuck you»:



«Ամեն դեպքում, առաջին արտահայտությունը մի փոքր տարբեր է երկրորդից,- միջամտել է ուսուցչուհին,- առաջինի դիմաց գրեք fuck it…»:



Ես տեխնիկա ստեղծողի…



Լուրը, թե ՀՀ ԱԺ համակարգիչները ոչ մի կերպ չեն կարողանում հաշվել նիստին մասնակցող պատգամավորներին, կայծակի արագությամբ է տարածվել աշխարհով մեկ: Համակարգիչներ թողարկող հանրահայտ այնպիսի ֆիրմաներ, ինչպիսիք են «Սամսունգը», «Դիլը» «Էփլը» եւ էլի ուրիշներ, փորձելով խուսափել խայտառակվելուց, արդեն սկսել են Հայաստանից իրենց արտադրանքի հետկանչը:



Լրագրողները դիմել են ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին.



- Բա հիմա ի՞նչ ենք անելու…



- Գլուխներով կհաշվենք,-  պատասխանել է տիկինը:



Լրագրողներին երես են տալիս



Այսուհետ հայրենի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ԱԺ կարող են մտնել ոչ միայն հատուկ օրերի, այլեւ սրտներն ուզածի չափ, չնայելով՝ միջոցառումներ (նիստ, բրիֆինգ եւ այլն) կա՞ն այնտեղ, թե՞ ոչ: Որոշ վերլուծաբաններ պնդում են, թե դա Հովիկ Աբրահամյանի համեմատությամբ Նիկոյանին բարձրացնելու համար է արվել: Իրենք` լրագրողներն այլ կարծիքի են:



«Ընտրություններին ընդառաջ,- ասում են նրանք,- ԱԺ մեծամասնությունը մի լավ PR-վելու պահանջ է զգում, իսկ դա անելու լավագույն վայրերը խորհրդարանի միջանցքներն են, պատգամավորական աշխատասենյակները եւ, իհարկե, բուֆետը, որտեղ որոշ պատգամավորներ եւ լրագրողներ անկեղծանում են մինչեւ վերջ»:



Խիստ ամաչել է



BBC-ն տեղեկացնում է, որ, ի տարբերություն ՌԴ Պետդումայի ընտրությունների, միջազգային դիտորդական առաքելությունները հավանություն են տվել ՀՀ ԱԺ խոսնակի եւ փոխխոսնակի ընտրություններին: Այնպիսի ընտրախախտումներ, որ կարող էին ազդել ընտրության ելքի վրա, չեն եղել` նշված է համապատասխան զեկույցում: Ապահովված է եղել ընտրողների մեծ ակտիվություն, ինչպես նաեւ մրցակցային ֆոն: Պարտված թեկնածուները հաղթողներին զիջել են, համապատասխանաբար, 102 եւ 90 ձայնով:



Այս տեղեկությունն անակնկալի է բերել ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին, որն այս օրերին գտնվում է Վիլնյուսում եւ մասնակցում հետխորհրդային տարածքում ժողովրդավարության մակարդակի հարցերով մի համաժողովի:



Նա ասել է, թե այս տարածքում խիստ ցածր է ժողովրդավարության մակարդակը, եւ հարկ կա այն բարձրացնելու: BBC-ն նաեւ փոխանցում է, որ, լսելով ՀՀ ԱԺ խոսնակի եւ փոխխոսնակի ընտրություններում աննախադեպ թափանցիկության ապահովման լուրը, Քլինթոնը հիշել է Երեւանում անցկացրած աննման գիշերները եւ իր ասածներից խիստ ամաչել:



Փիս խասյաթ



Իր գլխավորած կառավարության հրաժարականի պահանջը, որ առաջ է քաշել ՀՅԴ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը բնորոշել է որպես ընդդիմադիր ուժի փիս խասյաթ: Իսկ թե որ ուժի փիս խասյաթն է իշխանությունն իրենով անելն ու էշը ցեխը կոխելը, Տիգրան Սարգսյանը չի մանրամասնել: Նա միայն հայտարարել է, որ կառավարության հրաժարականի պահանջը քաղաքական քայլ է, բայց իր կառավարությունը մեծամասնություն ունի ԱԺ-ում, եւ քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող: Լրագրողներն իսկույն որսացել են վարչապետին.



«Պարոն վարչապետ, Ձեզ համար կամ ճգնաժամ չկա, կամ մենք այն հաջողությամբ շրջանցում ենք: Կարո՞ղ է դա էլ է խասյաթ»:



«Դա աշխարհի բոլոր կառավարությունների խասյաթն է»,- հանպատրաստից իմաստախոսել է վարչապետը:



Նոր դարաշրջան



Եվ այսպես, արձանագրենք` 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Սամվել Նիկոյանը նստեց ԱԺ նախագահի աթոռին: Սկսվեց ՀՀ ԱԺ սամվելնիկոյանական դարաշրջանը:



Այս ճշմարտության հետ մրցակցել կարող է միայն դարաշրջանը Ռուբեն Հայրապետյանի անվամբ կոչելու առաջարկը, այսինքն` ռուբենհայրապետյանական դարաշրջան: Այս կարծիքը հետաքրքիր է այնքանով, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե այլեւս իրեն չի տեսնում խորհրդարանում, իսկ որ մեկ ամիս է, ինչ գալիս է խորհրդարան, պայմանավորված է ընդամենը տրանսֆերային պատուհանով:



Որոշ լրատվամիջոցներ շտապեցին պարոն Հայրապետյանի ակտիվությունը բացատրել Հովիկ Աբրահամյանի պասիվությամբ, բայց դա անհավանական է, քանզի Ռուբեն Հայրապետյանը, գիտենք, ՀՀԿ շտաբի հիմնական կազմի խաղացողներից է:



Արզաքանցյանի խիղճը



Ոչ ԱԺ խոսնակ է ընտրել, ոչ ԱԺ փոխխոսնակ: Խիղճը մաքո՜ւր, մաքուր…



Էդիկ Անդրեասյան