Մեկն ասում է թշնամի, մյուսը` բարեկամ

Մեկն ասում է թշնամի, մյուսը` բարեկամ
Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը հանդիպել էր լրագրողների հետ: Բնականաբար, խոսք գնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանն անդրադառնալով: Նա ասաց, որ պարզապես քաղաքագիտական վերլուծություն է կատարվել,  սակայն դա իրականություն դառնալ չի կարող, քանի որ նախ ԲՀԿ-ն դեռ արմատական ընդդիմություն չէ,  իսկ համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ծառուկյանը հրաժարվի Ռոբերտ Քոչարյանից:  Իսկ Հայաստանում պետք է վերացնել քրեաօլիգարխիկ իրավիճակը՝ այն, ինչ այսօր տիրում է մեր երկրում: 



«Այդ ինստիտուտը պետք է  անվերադարձ կազմաքանդել, որովհետեւ դա է այսօրվա իշխանությունը»: Անդրադառնալով ՀԱԿ ներսում առկա խժդժություններին՝  Շահնազարյանն ասաց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի  կողմից  ֆինանսավորվող  ինչ-որ կիսալրատվամիջոցներ փորձում են ցույց տալ, թե ՀԱԿ-ում ինչ-որ խնդիր է ստեղծվել ներսում: ՀԱԿ-ի միասնականությունը երբեւէ այնքան ուժեղ չի եղել, որքան այսօր: Նման հարց գոյություն չունի: ՀԱԿ-ը պատրաստ է եւ կատարելու է այն խնդիրները, որոնք իր վրա վերցրել է: ՀԱԿ-ը որեւէ մեկի դեմ չի պայքարում, ՀԱԿ-ը պայքարում է հանուն Հայաստանի: Շատ հաճախ է պատահում, որ ՀԱԿ-ում կոնսենսուս չի լինում, եւ ՀԱԿ-ի ուժը հենց դրանում է, որ չորս տարուց ավելի տանելով քաղաքական ամենօրյա ակտիվ պայքար՝  ՀԱԿ-ն այսօր մնում է իշխանության միակ այլընտրանքը եւ իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը:



Սա բացառիկ քաղաքական երեւույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին Խորհրդային Միության տարածքում, Արեւելյան Եվրոպայում»:



Առաջիկա խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Բոլոր այն ուժերը, որոնք խոսում են ազատ ընտրությունների մասին, նախեւառաջ թող գնահատական տան 2008 թ. ընտրություններին: Այսօր ազատ, արդար ընտրությունների մասին խոսում են այն ուժերը, որոնք կեղծել են 2008 թ. եւ նախորդ ընտրությունները»:



Մամուլում օրերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Կոնգրեսի տարածքային կառույցի հավաք է եղել, որի ժամանակ ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է նաեւ մամուլին եւ, հրապարակելով 3 թերթերի անուններ, ասել է, թե դրանք «թշնամի թերթեր» են, քանի որ, ըստ նրա, չեն ներկայացնում Կոնգրեսի շահը:  Ի դեպ, Արամ Մանուկյանի նշած թշնամի թերթերի ցանկում է նաեւ «Հրապարակը»:



Երեկ լրագրողները հարց տվեցին Դավիթ Շահնազարյանին՝ կապված Արամ Մանուկյանի նշյալ հայտարարությունների հետ: «ՀԱԿ-ը չի պայքարում դեմ, ՀԱԿ-ը պայքարում է հանուն, եւ բոլոր այն ուժերը, գործիչները, փորձագետները, լրագրողները, ովքեր այդ խնդիրն են դնում, ինչ որ ՀԱԿ-ը, նրանք մեր դաշնակիցներն են եւ մեր գործընկերները»:



Խմբ կողմից - Մնում է պարզել, թե ՀԱԿ-ն ինչ խնդիր է դնում իր առաջ. վերջին երեք տարում Կոնգրեսն ու իր առաջնորդն այնքան հաճախ են փոխել իրենց ծրագրերը, որ այլեւս դժվար է դրանում կողմնորոշվել: Ի վերջո, ինչո՞ւ պետք է լրատվամիջոցն ու քաղաքական  ուժը նույն խնդիրներն ունենան: Մենք հասարակությանը տեղեկացնելու նպատակ ունենք եւ եթե պայքարում ենք, ապա միայն արատավոր երեւույթների դեմ, այլ ոչ թե քաղաքական իշխանություն փոխելու, այս կամ այն ուժին իշխանության բերելու համար: Եվ վերջապես. եթե իրեն դեմոկրատական ուժ հռչակած ընդդիմությունը պայքարում է մամուլի դեմ եւ իր դեմ ուղղված քննադատությունն ընկալում որպես «թշնամություն», ապա ինչո՞ւ ենք զարմանում իշխանության ձեռնարկած միջոցների վրա եւ պահանջում, որ հարգեն ազատ խոսքը: Ի դեպ, թշնամիներ որոնում էին 37 թվին՝ ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Պատկերացնում ենք՝ եթե Արամ Մանուկյանի քաղաքական ուժը գա իշխանության, ինչ կկատարվի մեր երկրում:



Հարություն Մկրտչյան