Խորհրդարանի եւ կառավարության վախճանը

Խորհրդարանի եւ կառավարության վախճանը
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած օրենքի խախտումներն ու զավեշտալի իրադարձություններն այնքան շատ էին, որ դժվար է կողմնորոշվել, թե հատկապես որի նկարագրությունից սկսել: Բայց թերեւս ճիշտը օրենքի խախտումներից սկսելն է, քանի որ օրենքի կիրառումը այն ընդունողների կողմից ամենակարեւոր նախապայմանն է՝ դրա կատարումը հանրության այլ անդամների մոտ ապահովելու համար:



Նախ հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ փոխնախագահ  Սամվել Բալասանյանը քվեարկության դրեց ««Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի» նախագիծը: Այն չընդունվեց, քանի որ դահլիճում օրենքին կողմ քվեարկելու համար բավարար թվով պատգամավորներ չկային:



ԱԺ փոխնախագահը, խախտելով օրենքը, այն երկու անգամ վերաքվեարկության դրեց, բայց, տեսնելով, որ միեւնույն է՝ հնարավոր չէ անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել, հայտարարեց, որ դահլիճում բավարար թվով պատգամավոր չկա, քանի որ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար մեկնել են Գյումրի: Նման պատճառաբանությունն արդարացում չի կարող լինել, քանի որ օրենքը համարվում է չընդունված՝ անկախ հիմնավորումներից:



Երեկ, շարունակելով Սամվել Բալասանյանի կիսատ թողած գործը, նույն օրինախախտումը կրկնեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Նախօրեին մի քանի անգամ մերժված օրենքի նախագիծը կրկին դրեց վերաքվեարկության, ինչի իրավունքը Նիկոյանը չուներ: Ի վերջո բազմաչարչար օրենքի նախագիծը մի կերպ ընդունվեց՝ 67 կողմ ձայնով, չնայած բազմաթիվ պատգամավորներ քվեարկեցին իրենց գործընկերների փոխարեն: Բայց Նիկոյանն «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտեց նաեւ նախքան նիստը սկսելը: Ըստ օրենքի՝ նիստերը պետք է սկսվեն 12:00-ին, բայց Նիկոյանը նիստերի դահլիճ մտավ միայն 12:02-ին՝ իր հովանավոր վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ:



Տիգրան Սարգսյանը խորհրդարան էր եկել 2012թ. բյուջեի նախագծի քվեարկությանը մասնակցելու համար: Բայց Նիկոյանը հենց առաջին վճռական պահին չարդարացրեց իր հետ կապված հույսերը: Երեկ գրանցվեց ռեկորդային ցուցանիշ՝ բյուջեին կողմ քվեարկեց ընդամենը 66 պատգամավոր, դեմ էին երկուսը՝ «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՅԴ-ից Գագիկ Գեւորգյանը:



Այսպիսի խայտառակ քվեարկություն չէր եղել բյուջեի եւ ոչ մի քվեարկության ժամանակ: Տեսեք, թե ինչպիսին է եղել պատկերը նախորդ տարիներին: Անցյալ տարի՝ 2010-ին, երբ քվեարկվում էր այս տարվա բյուջեի նախագիծը, կողմ է քվեարկել 80 պատգամավոր, 14-ը՝ դեմ եւ 2-ը՝ ձեռնպահ, 2009-ին կողմ՝ 82 պատգամավոր, դեմ՝ 16 եւ ձեռնպահ՝ 1, 2007-ին, երբ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, եւ խորհրդարանն ընդունում էր 2008թ. բյուջեն, կողմ էին 87 պատգամավոր, դեմ՝ երկուսը, ձեռնպահ՝ 8-ը: 2006թ., Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ, երբ խորհրդարանում կար ընդդիմադիր երկու խմբակցություն՝ «Ազգային միաբանությունը» եւ «Արդարություն դաշինքը», բյուջեին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, եղել են 3 «դեմ» եւ 6 «ձեռնպահ»:



Երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նկատմամբ վստահությունն ամենացածրն է, որից այն կողմ ուղղակի տապալումն է: Բյուջեի երեկվա քվեարկությունը կարելի է համարել որպես խորհրդարանի կողմից կառավարությանը տրված գնահատական, եւ այդ գնահատականը ոչ թե վատ է, այլ՝ խայտառակ վատ:



Մինչեւ երեկ խորհրդարանական երկու խմբակցություններ՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, ակտիվորեն մրցակցում էին իրար հետ այն հարցում, թե իրենցից ով է ավելի ընդդիմադիր, իսկ ով ումից շատ է ծառայում իշխանությանը: Բյուջեի երեկվա քվեարկությունը կարելի է համարել այս վեճի ավարտը: Այդ կուսակցություններից որեւէ մեկն ընդդիմադիր չէ, եւ նրանք երկուսն էլ անմնացորդ ծառայում են իշխանությանը: Արմեն Մարտիրոսյանը եւ Գագիկ Գեւորգյանը դեմ քվեարկեցին բյուջեին, թեեւ նախապես որոշել էին բոյկոտել քվեարկությունը, որպեսզի այն քվորում չապահովի: Եթե նրանք չքվեարկեին, միեւնույն է՝ բյուջեն 66 կողմ ձայնով կանցներ, բայց դահլիճում 66 պատգամավոր չկար, եւ ՀՀԿ-ականներից ոմանք քվեարկում էին իրենց գործընկերների փոխարեն:



Այսինքն՝ դժվար էր պատկերացնել, թե արդյոք նրանք կկարողանա՞ն 66 ձայն հավաքել: Եթե 65 կողմ ձայն լիներ եւ ոչ մի «դեմ», ապա քվորումի բացակայության պատճառով բյուջեն կտապալվեր, դրա համար Մարտիրոսյանը եւ Գեւորգյանը ստուգողական «դեմ» էին քվեարկել, եւ նրանց «դեմ» ձայները կօգնեին նույնիսկ 64 «կողմ» ձայնի դեպքում բյուջեն ընդունված համարել:



Իշխանությանը ծառայելն ամենեւին էլ վատ բան չէ, դրանից պետք չէ կոմպլեքսավորվել կամ ամաչել: Ուղղակի պետք է բավարար պարկեշտություն եւ ազնվություն ունենալ դրա մասին հրապարակային հայտարարելու համար: Երեկ տեղի ունեցավ մեկ այլ քվեարկություն եւս: ՀՅԴ-ն առաջարկում էր հարցապնդումով դիմել նախագահ Սարգսյանին՝ անվստահություն հայտնելու ՀՀ կառավարությանը: Այս հարցապնդմանը կողմ էին քվեարկել 13 պատգամավոր, 48-ը՝ դեմ, իսկ 4-ը՝ ձեռնպահ: Հետաքրքիր է, որ ձեռնպահները ՀՀԿ եւ ԲՀԿ անդամներ էին, այսինքն՝ նրանք դեմ չեն եղել կառավարությանն անվստահություն հայտնելուն: Նախօրեին Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտարարում էր. «Մենք խորհրդարանում ունենք մեծամասնություն»: Ուր է այդ մեծամասնությունը, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելուն դեմ է ընդամենը պատգամավորների 1/3-ը:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Նիկոյանն ԱԺ դահլիճից հեռացան միասին: Սարգսյանը խորհրդարանում վերջապես ունեցավ իր համար ընդունելի ղեկավար, որը պատրաստ է հնազանդ ծառայել իրեն, բայց Նիկոյանը ցույց տվեց, որ չի կարողանում անել այն, ինչի համար հայտնվել է ԱԺ նախագահի պաշտոնում: Ինչպես ասում են՝ ցանկություն կա, հնարավորություն չկա: Հայաստանի իշխանության երկու կարեւորագույն մարմինները՝ օրենսդիրն ու գործադիրը, հայտնվել են պարալիզված վիճակում: Նրանց գործողությունները միայն ծիծաղ են առաջացնում, իսկ անգործությունը բերում է բացառապես ողբալի հետեւանքների: Ստացվում է, որ միայն Հայաստանում չէ, որ ուզում են լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ:



Ավետիս Բաբաջանյան