ՔԱՆ-ում քննարկվեց գաղտնազերծման (լուստրացիայի) մասին օրենքի նախագիծը

ՔԱՆ-ում քննարկվեց գաղտնազերծման (լուստրացիայի) մասին օրենքի նախագիծը
Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի թեման էր «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը` իբրեւ սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման միջոց»: Բանախոսներն էին օրենքը հեղինակած եւ ԱԺ-ում շրջանառության մեջ դրած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ ԽՍՀՄ տարիներին բռնադատված, քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:



Բացելով սեմինարը, ՔԱՆ անդամ եւ նշված օրենքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի ներկայացուցիչ, ԱԺ փորձագետ Արմեն Թորոսյանը կարեւորեց օրենքի` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելուն զուգահեռ դրա վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը, ինչը թույլ կտա օրենքն ընդունելիս հաշվի առնել առավել լայն տեսակետների տարրապատկերը:



Առաջին բանախոս Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց օրենքի համատեքստը, դրա իրավական եւ քաղաքական հետեւանքները: Մասնավորապես նշվեց, որ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել համանման օրենք ընդունած երկրների` Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ալբանիայի, Վրաստանի, մերձբալթյան երկրների փորձը, որի արդյունքում այս նախագծում ներառված մեխանիզմները թույլ են տալիս մի կողմից առավել լիարժեքորեն ապահովել մեզանում օտարերկրյա գործակալական ցանցին վերաբերող եւ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների չեզոքացումը, մյուս կողմից խուսափել այն բացասական հետեւանքներից, որոնք տեղ են գտել որոշ երկրներում դրա կիրառման արդյունքում, օրինակ` այն որեւէ քաղաքական գաղափարախոսության դեմ ուղղելը: Հատուկ նշվեց, որ լուստրացիան վերաբերելու է միայն մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ համագործակցած այն անձանց, ովքեր ներկայում ՀՀ-ում զբաղեցնում են հատկապես քաղաքական եւ իրավական բարձր պաշտոններ: Ընդ որում` նրանց ով լինելու մասին կհրապարակվի միայն այն դեպքում, եթե այդ անձինք հրաժարվեն թողնել պաշտոնները կամ դադարեցնել նման պաշտոնների հանդեպ իրենց հավակնությունները: Փաստացի խոսքը միայն մասնակի լուստրացիայի մասին է:



Ազատ Արշակյանն իր ելույթը սկսեց ականավոր ազգային գործիչներից ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հետ կատարված մի դրվագից, երբ նրան ԿԳԲ-ի նկուղում հարցաքննող մի չեկիստ` չբավարարվելով նրանից տարբեր երկրների լրտես լինելու մասին «ինքնախոստովանություն» կորզելով, ապտակում է այդ փոքրամարմին, կիսով չափ կուրացած հանճարին: Ապշած չեկիստի լկտիությունից` Աճառյանը հարցնում է. «Մի՞թե դուք չեք վախենում պատմությունից»: Եվ ամբարտավան չեկիստն այսպիսի պատասխան է տալիս. «Քանի մենք կանք` չկա պատմությունը, երբ կլինի պատմությունը` չենք լինի մենք»:



Ապա նա մատնանշեց օրենքի ընդունմանը վերաբերող մի քանի դիտանկյուններ` անվտանգություն, կանխարգելում, քաղաքակրթական, զղջում եւ ներում: Նա նաեւ նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ԽՍՀՄ կոմունիստական վարչախմբին ճանաչել է հանցավոր, ինչպես նացիստական վարչախմբին: Եվ մենք, եթե իհարկե մեր երկրի ապագան տեսնում ենք քաղաքակրթական այդ բեւեռում, եթե մեր կուսակցությունները Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը` քրիստոնեական եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված այդ քաղաքական միավորմանն անդամագրվելու հայտ են ներկայացնում, պետք է ընդունենք լուստրացիայի մասին օրենքը:



«Ես ներում եմ ինձ մատնողներին ու ինձ դատողներին` նաեւ իրենց զավակներին ազատ ապրելու հնարավորություն տալու համար»,- ասաց Արշակյանը` հավելելով, սակայն, որ նրանք պետք է անցնեն գաղտնազերծման ճանապարհը (Ազատ Արշակյանի ելույթն ամբողջությամբ կտարածվի հաջորդիվ):



Քննարկման ընթացքում «3Ա» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը հարցադրում արեց, թե արդյոք օրենքը հավասարության նշան է դնում այն մարդկանց միջեւ, ովքեր կամավոր կինքնագաղտնազերծվեն եւ նրանց, ովքեր դա կանեն պարտադրանքի ներքո: Մասնավորապես նա նշեց, որ իր տեղեկություններով, որոնք ինքը չի կարողանա ապացուցել, «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության վաղ շրջանում նրա անդամներն իրենց ներսում դրել են լուստրացիայի խնդիրը, որի արդյունքում մի քանի հոգի խոստովանել են նախկինում ունեցած իրենց կապը հատուկ ծառայությունների հետ: Դրանից հետո «գիծ է քաշվել» եւ համարվել, որ այսուհետ կոմիտեն կարող է բնականոն հունով աշխատել: Սակայն հետագայում այդ անձինք զբաղեցրել են բարձր պաշտոններ:



Օրենքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Սերինե Խաչատրյանը պարզաբանեց, որ ըստ նոր օրենքի` բարձր պաշտոններ զբաղեցնող այն անձանց համար, ովքեր կթաքցնեն իրենց գաղտնազերծմանը վերաբերող տեղեկությունները կամ գաղտնազերծվելուց հետո կհրաժարվեն ազատել զբաղեցրած պաշտոնները, նախատեսվում է քրեական պատասխանատվություն:



Խոսելով լուստրացիայի կարեւորության մասին, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը մատնանշեց այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին է նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում այդ հանրապետության գաղտնի ծառայությունների հետ համագործակցած, իսկ այժմ Հայաստան տեղափոխված անձանց հանդեպ ներկայիս Ադրբեջանի հատուկ ծառայությունների հնարավոր շանտաժի միջոցով նրանց ՀՀ շահերի դեմ օգտագործելու հեռանկարը: Մասնավորապես նա նշեց, որ անգամ Արցախում այսօր կան մարդիկ, ովքեր քարոզչություն են իրականացնում Արցախի անկախության դեմ եւ ովքեր կարող են կապ ունենալ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Բանախոսները համաձայնեցին այդ մտքի հետ, ավելին` Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ նույն կապերը կարող են գործուն ազդեցություն ունենալ անգամ ՀՀ անկախության եւ ինքնիշխանության դեմ աշխատելու, ԽՍՀՄ վերականգնելու կամ Ռուսաստանին միանալու քարոզչություն վարելու գործում: Մանվել Սարգսյանը մատնանշեց նաեւ մեկ բարդություն լուստրացիայի օրենքի ընդունման ճանապարհին, այն է` ի տարբերություն այն երկրների, որոնք ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո հայտարարել են խորհրդային շրջանն իրենց օկուպացիայի շրջան եւ դրա հիմքով կարող են ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց համարել օտարերկրյա գործակալներ` Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է ՀԽՍՀ իրավահաջորդությունը:



ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարող է լակմուսի թուղթ հանդիսանալ բոլոր քաղաքական ուժերի ու գործիչների համար եւ անգամ չընդունված` արդեն բազմաթիվ «ինքնաբացահայտումների» պատճառ է դարձել: Նա նաեւ ասեց, որ միայն մասնակիորեն է կիսում «Ժառանգության» քարտուղար Կարինե Հակոբյանի հոռետեսությունը` իշխող մեծամասնության կողմից օրենքի ընդունմանը համաձայնելու մասով: Մասնավորապես, ի տարբերություն ՀԱԿ-ի, որի քաղաքական ղեկավարների կողմից առայժմ հնչել են միայն բացասական եւ խիստ քննադատական ելույթներ օրենքի դեմ` ՀՀԿ-ի այնպիսի ազդեցիկ ներկայացուցիչներ ինչպիսիք են Ռաֆիկ Պետրոսյանը եւ Հովհաննես Սահակյանը, ընդհանուր առմամբ, դրական են արտահայտվել օրենքի նախագծի հանդեպ: Եվ դա տրամաբանական է, քանի որ 90-ականների սկզբներին ՀՀ առաջին գումարման խորհրդարանում լուստրացիայի մասին օրենքի համահեղինակ Պարույր Հայրիկյանի հետ մեկտեղ եղել է այն ժամանակվա Հանրապետական կուսակցության ղեկավար եւ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը: Եվ այդ կուսակցության քաղաքական ժառանգության ընդունումը այլ ճանապարհ չի թողնում մերօրյա հանրապետականներին, քան համաձայնել օրենքի ընդունմանը: Հովսեփ Խուրշուդյանը նաեւ առաջարկեց «Ժառանգության» պատգամավորներին օրենքի քննարկման ժամանակ կոչ անել ԱԺ մեծամասնությանը համաձայնել ԱԺ դահլիճ հրավիրելու ու ելույթի իրավունք տալու ՀՀ անկախության ակունքներում կանգնած եւ խորհրդային վարչակարգի կողմից բռնադատված այնպիսի ազգային գործիչների, ինչպիսիք են Պարույր Հայրիկյանն ու Ազատ Արշակյանը, ինչպես դա տեղի կունենար նաեւ Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի դեպքում, եթե նրանք այժմ ողջ լինեին:



Ծավալված շահագրգիռ քննարկմանը մասնակցեցին նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավթանդիլյանը, վերլուծաբան Սուրեն Մանուկյանը, ՀԱՀ իրավաբան Արմեն Մազմանյանը, ՌԱՀՀԿ փորձագետներ Էդգար Վարդանյանը եւ Սարո Սարոյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ ուրիշներ: Մարինե Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ օրենքի ընդունումը պետք է դիտարկել ՀՀ ազգային անվտանգության եւ Ռուսաստանից կախվածության նվազեցման համատեքստում:



Օրենքի նախագիծը ԱԺ շրջանառության մեջ դրած «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը վերջում նշեց, որ օրենքի` նման բարձր պրոֆեսիոնալ մակարդակով քննարկումը շատ օգտակար էր եւ հիմք կհանդիսանա դրանում որոշակի շտկումներ մտցնելու եւ այն ուժեղացնելու համար: 



Քաղաքացիական ազգային նախաձեռնություն  ՀԿ լրատվական ծառայություն