Վազգեն Խաչիկյանը հարցաքննվել է

Վազգեն Խաչիկյանը հարցաքննվել է
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  նախկին պետ Վազգեն Խաչիկյանին երեկ մեր թղթակիցը նկատել է  Նալբանդյան փողոցում՝ ոստիկանության քննչական բաժին մտնելիս, ինչից կարելի է ենթադրել, որ նա հարցաքննվել է սոցապծառայությունում հայտնաբերված յուրացումների գործի շրջանակում: Հարցաքննվելու փաստն անձամբ Խաչիկյանից  մեզ չհաջողվեց պարզել:



Հայտնի է, որ Խաչիկյանն աղմկոտ բացահայտումից ու պաշտոնանկ լինելուց հետո ընդհատակ է անցել, միայն երբեմն հայտնվում է քեֆերի սեղանների շուրջ, մասնավորապես՝ վերջին անգամ Ախթալայում խորովածի փառատոնին էր մասնակցում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց ՝ հարցաքննվելու վերաբերյալ մեր տեղեկությունը, միայն նշեց հետեւյալը. «Այդ գործի շրջանակներում բազմաթիվ անձինք են կանչվել ու հարցաքննվել, նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այդ անձանց տվյալները հրապարակելը նպատակահարմար չէ»:



Հիշեցնենք, որ այս գործով հարցաքննվել է 24 հոգի, ստորագրությամբ բաց են թողնվել բոլորը: Կալանավորվել է միայն Նոր Նորքի տարածքային կառույցի պետի տեղակալը՝ Արթուր Սուքիասյանը, որը մեղադրվում է 2008-ին Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնից 17 միլիոն դրամ հափշտակելու մեջ: