Նեմեցը, Զապը, Սուրոն ու «Բջնին»

Նեմեցը, Զապը, Սուրոն ու «Բջնին»
«Այ խելոք, ուզում ես ձրի տուր՝ չեն առնելու, անեծք կա էդ ջրի վրա, էլ սրան-նրան մի խառնի էդ գործին»: Այս խոսքերն են ուղղել ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ «Բջնի» հանքային ջրերի ներկայիս սեփականատիրոջը, մեր գյումրեցի նամակագիրները, որոնք մեզ ուղարկելուց բացի այն տարածել են նաեւ «Ֆեյսբուքով»: Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 2008-2009թթ. գնեց  Սուքիասյաններին պատկանող եւ վերջիններիս ջանքերի շնորհիվ բրենդ դարձած «Բջնին»:  Խաչատուր Սուքիասյանին որոշեցին զրկել իր բիզնեսից, երբ նա 2008-ին համարձակվեց կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:



Եվ ահա մի քանի տարի անց Գյումրիից որոշ խանութների սեփականատերեր նամակով հայտնում են, որ «Բջնի» հանքային ջրի «վատ» իրացման պատճառով գործին արդեն խառնվում են տեղի թաղային հեղինակությունները, գյումրեցոնց խոսքով՝ «Գյումրու ավտարետիտները»: «Օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, եւ Պաշի տղա Սուրոն գլխով մտել են Նեմեցի կոմերցիայի մեջ  ու հավանաբար մեծ սպասելիքներ ունեն, որ սաղին իրար են խառնել: Ճշտով տղերքը մտել են տակը, սրան-նրան կանչում-վախեցնում են, թե՝ «Բջնին» ծախեք, թե չէ վատ կեղնի»,- գրված է նամակում: Փաստորեն, գյումրեցիները կարծում են, որ մարդիկ չեն ներել այն, որ ուրիշի կայացրած բիզնեսը բաժին է հասել մեկ այլ անձի:  Մենք այցելեցինք մայրաքաղաքի մի քանի խանութներ՝ պարզելու, թե ինչպես է վաճառվում «Բջնին»: Մեր այցելած խանութների վաճառողները հիմնականում խուսափում էին պատասխանել: Նախ ճշտում էին, թե դա մեր ինչին է պետք, ապա իմանալով լրագրող եմ, բոլորովին հրաժարվում էին. «Աղջիկ ջան, էդքան գրեցիք, որ մի բան չլիներ՝ այդպիսի աղմուկ չէր բարձրանա, կարող եմ միայն այսքանն ասել: Ես հավես չունեմ իմ անդարդ գլուխը ցավի տակ դնեմ»: Միայն երեք «համարձակներ» կցկտուր պատասխաններ տվեցին՝ չցանկանալով իրենց անունը թերթում տեսնել: «Առաջ վատ էր, հիմա համեմատած ավելի լավ է ծախվում»,- ասաց Կենտրոնի խանութներից մեկի վաճառողը: «Իսկ մի քանի տարի առաջվա հետ համեմատած՝ շատ վատ է ծախվում հիմա: …Ինձ թվում է, անձնական բան կա, պատճառը դա է»,- ասաց մյուսը: Իսկ անձնական պատճառ ասելով ի՞նչ նկատի ունեք: «Դուրդ կգա՞, որ շորերդ զոռով հանեն վրիցդ, …նույնն էլ ըստեղ եղավ, մարդկանց մեջ էդ ամեն ինչը նստած ա,  գիտեն էդ ոնց ա եղել ու…: Իսկ որ վաճառքը պակասել է՝ ինչ խոսք, միանշանակ, շատ-շատ է վատացել: Բացի դրանից, ինքը շուկայից որ մի պահ բացակայեց, այդ ժամանակվանից դիրքերը թուլացան»: Մյուսն էլ ասաց. «Դե իհարկե, առաջվա հետ չես կարող համեմատել: …Հիմա էս սիգարետն էլ որ կտրվի, հետո հետ գա՝ ըտենց չի ծախվի, ոնց որ հիմա…»:



Իսկ նամակագիրները գրում են. «Ամենանախալ ձեւով խլեցիր «Բջնին»՝ ազգի պարծանքը, բարերար հայտնի բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանից ու էսօր իբր չես հասկանում, թե ինչու չի ծախվում «Բջնին»:…Մեր ժողովուրդն ուրիշի ձեռքից չի առնում, էդ ջրի մեջ դավաճանություն կա, ուրիշի քրտինք կա»: Նախօրեին ցանկացանք զրուցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Նախեւառաջ փորձեցի ճշտել՝ Գյումրիում «Բջնիի» իրացումն ինչպես է ընթանում, մենք տեղեկություն ենք ստացել… Սակայն, «Բջնիի» անունը լսելով, պատգամավորն անմիջապես բղավեց. «Ձեր քաղաքական ինտրիգներով գնացեք ինքներդ զբաղվեք, դա ուղղակի կլոունություն ա», ապա անջատեց հեռախոսը: Փորձեցինք Գյումրիի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պատասխանատուներից տեղեկություն ստանալ՝ ստացե՞լ են արդյոք խնդրո առարկայի վերաբերյալ դժգոհություններ: Լրատվական ծառայության ղեկավարը, սակայն, տեղեկացրեց, որ պետին ինսուլտ է խփել, հիվանդանոցում պառկած է, իսկ այլ իրավասու անձինք չկան, որ պատասխանեն մեր հարցերին: Ի դեպ, քաղաքապետարանի մամլո խոսնակը, ի պատասխան մեր հարցի, նշեց, թե լսել է մականունավոր գողերի մասին, բայց մանրամասներ չգիտի:



 



ՀԳ 1 - Երբ նյութն արդեն պատրաստ էր, մեզ զանգահարեց Ռուբեն Հայրապետյանը եւ մի շարք սպառնալիքներ նետեց: «Ես ձեզ զգուշացնում եմ, որ «Բջնիի» մասին նման հերյուրանքներ գրելու համար ես ձեզ դատի եմ տալու՝ իմ անձին, իմ գործարար համբավին վնաս հասցնելու համար: Էն, ինչ որ դուք պատրաստվում եք անեք, էն պատվերը, որ պատրաստվում եք տպեք, որ ինչ-որ մարդիկ վաճառել են տալիս, էդ սաղ ինֆորմացիան արդեն ինձ հասել ա: Ես հիմա ձեզ նախազգուշացնում եմ, հետո չասեք՝ ինչի դատի տվեցիք, ինչի նման կոմպենսացիաներ պահանջեցիք, ես ձեզ զգուշացնում եմ՝ դուք ուղղակի ինձ վարկաբեկող եւ իմ բիզնեսը փչացնող հերթական ակցիա ա»: Ավելորդ է նշել, որ Ռ. Հայրապետյանի բիզնեսին վնասելու ծրագիր, առավել եւս նրա թշնամիներից որեւէ «պատվեր» մենք չենք ստացել եւ մենք ընդամենը բարձրաձայնում  ենք մեր ընթերցողներին հուզող խնդիրը:



Իսկ Դուք ճանաչո՞ւմ եք այդ անձանց` քրեական հեղինակություններին, հարցրինք Ռ. Հայրապետյանին: «Ես չգիտեմ ում մասին է խոսքը, ես գիտեմ, որ դուք ընդամենը վատ բան եք անում, շատ վատ բան…»:



- Ամեն դեպքում, Դուք ճանաչո՞ւմ եք Զապին եւ Պաշի տղային:



- Ես նորից կրկնում եմ եւ տաս անգամ կարող եմ կրկնել՝ դուք ոտնահարում եք բիզնես եւ մարդու անձ: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ազնվորեն եմ ասում` դուք փոշմանելու եք ձեր արածի համար:



- Բայց խնդրում եմ իմ հարցերին պատասխանեք…



- Ես ձեզ զգուշացնում եմ, ես ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու, դուք պատվիրատու եք:



ՀԳ 2 - Ի դեպ, Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Զապը երկու ամիս առաջ դեռ Չեխոսլովակիայի բանտերից  մեկում «փակված» է եղել մի շարք գործերով, որին ընտրությունների նախաշեմին ազատել եւ Հայաստան է բերել մեկ այլ պատգամավոր: