ՀՀԿ որ «թեւը» կջարդվի

ՀՀԿ որ «թեւը» կջարդվի
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ի ներսում պայքար է, թե ում թիմը, ում բերած մարդիկ ավելի շատ կընդգրկվեն ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Այդ առթիվ ՀՀԿ-ում մրցում են Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանն ու Միքայել Մինասյանը: Ճիշտ է՝ համամասնական ցուցակի շուրջ վերջնական համաձայնություն չկա, սակայն, քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկություններով, ընտրացուցակների շուրջ աշխատանքները մեկնարկել են: Նախագահականում գծագրեր են ուրվագծում: Ընդ որում՝ ՀՀԿ ամեն թեւ աշխատում է իր մարդկանց տեղավորել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջնային դիրքերում: Հայտնի են մեծամասնականով ընտրվող պատգամավորները: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը փորձում է ՀՀԿ-ում իր ազդեցության տակ եղած մարդկանց պահել ցուցակի առաջնային դիրքերում: Ինչպես հայտնի է՝ ՄԻԱԿ-ի մի քանի ջահելների ուզում է տեղավորել Միքայել Մինասյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը համառորեն ցանկություն ունի ՀՀԿ համամասնական ցուցակում տեսնել նախկին քաղաքական գործիչներին՝ Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան:



Մեծամասնականով ընտրվող ՀՀԿ-ականներն արդեն գիտեն՝ իրենք առաջադրվելու են, թե ոչ, թեեւ պաշտոնապես հայտարարում են՝ կուսակցությունը ոնց կորոշի, էդպես կանեմ: ՀՀԿ մեծամասնական ցուցակը կթարմանա, սակայն բովանդակային փոփոխություն չի կրի, օլիգարխներն ու գործարարները կրկին կառաջադրվեն մեծամասնականով: Այս անգամ մեծամասնականով չի առաջադրվի ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը, որը 2007-ին հենց մեծամասնականով էր ընտրվել պատգամավոր՝  նախկին թաղապետ որդու ջանքերով: Ինչպես հայտնի է, չեն առաջադրվելու Ռուբեն Հայրապետյանը, Հարություն Փամբուկյանը, որը փաստացի հեռացել է Հայաստանից: Մնացածները համենայնդեպս չեն հայտարարում, թե չեն ուզում առաջադրվել:



«Ենթադրյալ թեւերի հետ կապված՝ ընդամենը կարող եմ ասել, որ մեզ մոտ թեւեր չեն կարող լինել, որովհետեւ եթե կա հստակ ղեկավար, եթե կա հստակ քաղաքականություն, բոլոր թեւերի գործունեությունը եթե չի նպաստում այդ ղեկավար մարմնի եւ կուսակցության հզորացմանը, կարող է ջարդվել»,-երեկ մեր հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ փոխնախագահ դարձած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե հատկապես ՀՀԿ որ թեւերին է սպառնում ջարդվելու վտանգը, ի պատասխան, ՀՀԿ խոսնակը հայտարարեց.



«Մեզ մոտ թեւեր չկան, մեզ մոտ կա մեկ ղեկավար, եւ բոլորն իրականացնում են քաղաքականություն, որը բխում է նախագահի նախընտրական ծրագրից եւ նրա քաղաքականությունից, ինչպես նաեւ կուսակցության գաղափարախոսությունից: Կուսակցությունը համախմբված է նախագահի շուրջ, եւ ինչպիսի հանձնարարական, ինչպիսի քաղաքականություն իրականացնի նախագահ Սերժ Սարգսյանը, բոլորը պետք է իրականացնեն այդ քաղաքականությունը»: Այսինքն՝ ՀՀԿ-ն մոտավորապես խորհրդային տարիների պարտկոմ է, այլակարծություն կամ այլադավանություն չի հանդուրժում: Դիտարկմանը, թե ասվում էր՝ օլիգարխները, գործարարները չեն լինելու խորհրդարանում, հիմա, փաստորեն, մեծամասնականով նորից լինելու են, ՀՀԿ խոսնակը հայտարարեց.



«Կուսակցությունը պարզապես չի քննարկել ոչ համամասնական եւ ոչ էլ մեծամասնական պատգամավորների ցուցակը եւ այն, թե ովքեր կարող են լինել եւ ովքեր չեն կարող լինել: Ընդամենը կարող եմ ասել, որ երկրի նախագահը դեռեւս մեկ տարի առաջ՝ կուսակցության 20-ամյակի միջոցառումների ժամանակ, ներկայացրել է չինովնիկի կերպարը, թե ինչպիսի պետական գործիչ պետք է լինեն: Այդ բոլոր մարդիկ, որոնք չեն համապատասխանի այդ չափանիշներին, չեն աշխատի այդ մարմիններում»:



ՀՀԿ մամուլի խոսնակը, հավաստիացրեց, որ մեծամասնական ու համամասնական ցուցակները քննարկվելու են մեկ փաթեթով: Ասել է թե՝ չնայած հատկապես մեծամասնականով ընտրվող գործարարներն ու օլիգարխներն արդեն տարատեսակ բարեգործություններ են անում իրենց ընտրատարածքներում, նրանց հետ պայմանավորվածությունները դեռ վերջնական չեն համարվում, կամ պարզապես չի հայտարարվում այդ մասին: