ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պայմանավորվել են մեծամասնականի շուրջ

ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պայմանավորվել են մեծամասնականի շուրջ
ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ հակամարտության տեւական շրջանին  կրկին փոխարինելու է գալիս պասիվ համագործակցության շրջանը: Սա նշանակում է, որ իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, որոշ ժամանակ ձեռնպահ կմնա ԲՀԿ-ականների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաներից, իսկ նրանք, ովքեր արդեն դրանց զոհն են դարձել, թեեւ չեն արդարացվի, բայց հնարավոր է, որ ավելի մեղմ պատժի արժանանան, կարելի է ասել` սիմվոլիկ պատժի: Մենք արդեն գրել ենք, որ ազատ է արձակվել Մասիսի քաղաքապետարանի նախկին աշխատակից, ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանը: Սա այս պայմանավորվածության կոնտեքստում է: Բայց միայն սրանով պայմանավորվածությունը չի սպառվում: Մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկե՞լ է իր տան մոտ տեղի ունեցած կրակոցի պատվիրատուների հարցը, պատասխանել է. «Իհարկե, հանդիպել եմ: Եվ եկել ենք համոզման, որ սա քաղաքական որեւէ ենթատեքստ չունի»: Նման համոզումն ինչ-որ տեղ զարմանալի էր, եթե նկատի ունենանք, որ միայն կրակոցներով Ռուստամ Գասպարյանի դեմ սկսված արշավը չէր սահմանափակվում:



Ռուստամ Գասպարյանին վստահեցրել են, որ իր եւ իր շրջապատի դեմ սկսված արշավը եւս կդադարեցվի: Ինչպես արդեն նշել էինք, Գասպարյանի մերձավոր շրջապատի 6 ներկայացուցիչներ գտնվում էին հետախուզման մեջ: Արդեն ոստիկանությանը ցուցում է տրված դադարեցնել հետախուզումը, որից հետո նրանք կարող են դուրս գալ թաքստոցներից: Մոտ ապագայում ազատ կարձակվեն ԲՀԿ-ական մյուս ձերբակալվածները, ուղղակի դա կարվի ոչ միանգամից, որպեսզի չստացվի, թե նրանք կալանավորվել էին առանց իրավական հիմքերի, զուտ քաղաքական պատվերի շրջանակներում եւ հիմա նույն պատվերի արդյունքում էլ ազատ են արձակվում:



ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության նոր ռաունդը կարող էր կայացած լինել մեծամասնական ընտրատարածքների շուրջ կայացած պայմանավորվածությամբ: ԱԺ պատգամավորները հավաստիացնում են, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք, լինելով կոալիցիոն գործընկերներ, մեծամասնական ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ չեն առաջադրի, եւ արդեն որոշված է, թե որ ընտրատարածքում կոնկրետ ով է առաջադրվելու: Սա ըստ էության բխում է կոալիցիոն նոր հռչակագրից, որտեղ ասվում է. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Իրար դեմ պայքար չծավալելու հանձնառությունը վերաբերում է հատկապես մեծամասնական ընտրատարածքներին: Եվ, մեր տեղեկություններով, ՀՀԿ ղեկավարի բարեհաճությունը շահելու եւ իր կողմնակիցներին հետագա բռնաճնշումներից զերծ պահելու համար Ծառուկյանը համաձայնել է ավելի քիչ թվով ընտրատարածքներում պատգամավորության թեկնածուներ առաջադրել: Ավելի քիչ, քան ԲՀԿ-ն ունի ներկա խորհրդարանում:  Պարզ է, որ եթե կուսակցությունը տվյալ ընտրատարածքում չունի մեծամասնական թեկնածու, չի կարող ակնկալել զգալի ձայներ համամասնական ցուցակի համար: Մեծամասնական ընտրատարածքի պատգամավորը, աշխատելով իր ընտրության համար, միաժամանակ աշխատում է կուսակցության համամասնական ցուցակի օգտին: Արդյոք այս պայմանավորվածությունը կպահպանվի՞, թե՞ Ծառուկյանը հերթական քայլն է կատարում, որի նպատակը ժամանակ շահելն է՝ առայժմ դժվար է ասել: Բայց եթե այս պայմանավորվածությունն իրապես կայանա, ապա ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալու անհրաժեշտությունը կվերանա: Եթե ԲՀԿ-ն ունենալու է խիստ սահմանափակ թվով մեծամասնական թեկնածուներ, ապա պարզ է, որ ունենալու է սահմանափակ թվով ձայներ համամասնական ցուցակի համար:



Ավետիս Բաբաջանյան