Կամայականության տեղապտույտում

Կամայականության տեղապտույտում
Բացառությամբ Հայաստանի Հանրապետության հռչակման առաջին տարիների, երբ երկիրն իրոք շարժվում էր ժողովրդավարություն տանող ճանապարհով, մենք միշտ էլ ունեցել ենք մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրներ, բայց այն, ինչ ունենք վերջին երեք տարիների ընթացքում` աննախադեպ է:



2008թ. կեղծված նախագահական ընտրություններից հետո իր քվեն պաշտպանելու համար հրապարակ դուրս եկած խաղաղ ցուցարարները գնդակահարվեցին: Ունեցանք տասը զոհ, հարյուրից ավելի քաղբանտարկյալներ: Միմիայն իրենց ունեցած ընդդիմադիր կողմնորոշման համար բազմաթիվ մարդիկ հեռացվեցին աշխատանքից ու զրկվեցին իրենց ունեցած մանր ու մեծ բիզնեսներից, բռնությունների ենթարկվեցին հրապարակային միջոցառումները լուսաբանող լրագրողները:



Ըստ էության այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ` իշխանությամբ օժտվածները ներառյալ, որ պաշտպանված լինեն: Կամայականության այս տեղապտույտում բոլորն էլ հայտնվել են զոհի կարգավիճակում: Եվ կարեւոր չէ, թե ինչ գործունեություն ես ծավալում: Յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական գործիչ, յուրաքանչյուր չինովնիկ, յուրաքանչյուր գործարար կանգնած է երկընտրանքի առաջ: Նա կամ պետք է կանգնի այսօրվա իշխանավորի կողքին՝ արդարացնելով նրա յուրաքանչյուր քայլ, կամ նրա կողքին չկանգնելով` հայտնվի հալածյալի կարգավիճակում:



Ոստիկանությունը վերածվել է իշխանավորի ձեռքի անլեզու մահակի եւ, իր գործառույթները թողած, զբաղված է ընդդիմության դեմ պայքարով:  Դատախազությունը փայլում է շինծու մեղադրանքներ հնչեցնելով եւ դատարաններում դրանք պաշտպանելու ու հիմնավորելու անկարողությամբ: Իսկ դատարանները կտրել են արդարադատության հետ ունեցած բոլոր կապերն ու հանձն են առել իշխանության բարձրագույն օղակներում կայացված վճիռների հրատարակիչների դերը: Նույնիսկ չեն էլ ձգտում անկախ երեւալու ձեւական կողմը պահպանել:  Յուրաքանչյուրի ուղեղում միայն մի սեւեռուն միտք է` ինչ անի, որ ամենավերին իշխանավորի բարձրացրած մահակն այս պահին իր գլխին չիջնի, եւ յուրաքանչյուրն ամեն կերպ փորձում է, ի ցույց  դնելով իր հնազանդությունը եւ ծառայամտությունը, այս պահին փրկվել:  Ցավալի է, բայց այդպես էլ չգտնվեց ու չի գտնվում  մի դատավոր, որ, վեր դասելով դատավորի իր համարումը, կկանգներ ու կհրաժարվեր անթաքույց կերպով իջեցված պատվերի կատարումից:



Օգտագործելով «Զրպարտության մասին» օրենքի ընձեռած՝ մամուլի միջոցին հսկայական ֆինանսական պահանջ ներկայացնելու հնարավորությունը, կազմակերպված լրջագույն արշավ է սկսվել իշխանությանն անհաճո մամուլի միջոցների դեմ: Նպատակն անհնազանդ թերթերն ու լրատվության այլ միջոցները փակելն է:



Այս ամենը հաշվի առնելով՝ այսօր դժվար է առանց քննադատական խոսքերի խոսել Հայաստանում մարդու իրավունքից:



Վարդան Հարությունյան, իրավապաշտպան