ԵԺԿ 4-1 բանաձեւը

ԵԺԿ 4-1 բանաձեւը
Դե ինչ, «Ժառանգությունը» ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ կլրացնի Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում Հայաստանը ներկայացնող ծաղկեփունջը: Հետաքրքիր է, որ այդ կտավի վրա չտեղավորվեցին ԲՀԿ-ի գույները: Այսինքն` ԵԺԿ-ն գտավ, որ ԲՀԿ-ում ինչ-որ բան այն չէ: Իսկ ԵԺԿ-ն ինչի՞ց իմացավ: Իսկ գուցե ԲՀԿ-ին ոտգցողները տնի՞ց էին` Հայաստանից:



Չգիտեմ, եղբայր: Ես մի բան գիտեմ միայն, որ էդ անտեր արտասահմանների հետ կապված ինչ լինում-չի լինում՝ մեր գլխին խաթա է դառնում: Էն է, կայքերն արդեն գրել են, թե ԲՀԿ-ին ԵԺԿ անդամությունից զրկելը Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է: Սուտ: Ինչ է, Սերժ Սարգսյանն է՞լ է առաջնորդվում «ով մեզ հետ է` լավ, ով չէ` կոտրած տաշտակ» սկզբունքով: Այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկասեցրեց «Ժառանգության» անդամակցության հարցը: «Ժառանգությունը» նրա հե՞տ է: Յա՜ա՜ա՜… Որ ձեր աչքով էլ տեսնեք` չհավատաք: Այս դեպքից երկու օր առաջ ժառանգականներն ի՜նչ կռիվ էին տալիս ԱԺ-ում: Ճիշտ է, Նիկոյանի դեմ, բայց՝ ամեն դեպքում: Ճիշտն ասած` այդ օրերին, երբ Նիկոյանն ու Շմայսը մի երկու բառ ասացին Արմեն Մարտիրոսյանին, ես ակամա հիշեցի պատգամավոր Արզաքանցյանին: Դեռեւս ոչ մի ընդդիմադիր պատգամավորի թթու խոսք ասած չկա այս մարդը: Տեսնես լուր տվե՞լ են, որ ԱԺ նախագահ է փոխվել, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է դարձել:



Կարծես թեմայից շեղվեցինք:



Հա: Ինձ թվում է` ԶԼՄ-ները շտապել են եզրակացություններ անել: Եթե նրանց տեսակետները ճիշտ լինեին, ԲՀԿ-ն հիմա խիստ վիրավորված տոնով մի հայտարարություն կաներ` ուղղված ԵԺԿ ղեկավարությանը եւ ոչ միայն: Բայց չէ, Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին ընդամենը ասել է` շատ էլ պետքներս ա, մենք էլ մեր գործով, այն է` ԱԺ ընտրություններին նախապատրաստվելով կզբաղվենք:



Ինչեւէ` ԵԺԿ արժեքները Հայաստան ներկրելու հարցում տենդերը շահեցին հայկական երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»: Շնորհավորելով նրանց` ասենք, որ դա պատվից բացի նաեւ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Մանավանդ հիմա, երբ արդեն հայտնի են եվրոպաներից լավ-լավ բաներ Հայաստան ներկրողների անունները: Թեկուզ այդ բաները կոչեք արժեքներ, միեւնույն է, արժեքի լավնուվատն էլ կա` ինչպես կարագի լավնուվատը: Ինձ թվում է` ընթերցողը լավ հասկացավ, թե եվրոպական ինչ արժեքների մասին մենք կարող ենք ասել վատ: Նորմալ հասարակությունների դիմագծին անհարիր լիքը կոնվենցիաներ կան, որոնցով մատնանշված նորմերն այսուհետ Հայաստան կարող են ներկրվել միայն այս երեք կուսակցությունների ճանապարհով: Դե, մենք էլ կիմանանք ում դիմում գրել այդ դեպքերում:



Ընթերցողի մեջ երեւի հարց առաջացավ` լավ, ի՞նչ կարիք կա այս իրադարձությանը խորությամբ անդրադառնալու: Ի վերջո, ի՞նչ է պատահել. իրենց կուսակցությունն է` ում կուզեն, թող անդամակցեն: Համաձայն ենք` կուսակցությունն իրենցն է, բայց երկիրն է մերը: ՀՀԿ-ն, օրինակ, որ իրենով նաեւ երկիր է (իրենով օրենքներ է ընդունում, իրենով ԱԺ նախագահ նշանակում, իրենով կառավարություն ձեւավորում, իրենով հայ-թուրքական ֆուտբոլ խաղում, Երեւանի քաղաքապետ նշանակում, բյուջե ընդունում եւ այլն), առանց մեզ հարցնելու, գնացել-մտել է ԵԺԿ: Բավական չէ ինքն է գնացել, ՕԵԿ-ին ու «Ժառանգությանն» էլ հետն է տարել: Հիմա արդեն եվրոպական ճոխ սրահներում երկուական կրծքանշաններով են ճեմելու, եվրոպացիների հետ են տալու-առնելու: Իսկ եվրոպացիների հատկապես ԵԺԿ-ական տեսակը, համաձայնեք, այնքան էլ ծանոթ չէ հայ հասարակությանը: Ինչե՞ր կարող է անցնել սրանց մտքով՝ ո՞վ գիտի: Դիցուք Արթուր Բաղդասարյանն իր «ընդունելության քննության» ժամանակ հայտարարել էր, որ ինքը (ի՞նչ կապ ունի այստեղ ՕԵԿ-ը) մի քանի համալսարանների տեր է Հայաստանում, որոնցում եվրոպական կրթության ու դաստիարակության առաջավոր փորձ է ներդրել: ԵԺԿ-ի տեղն ո՞վ լիներ, որ այդքանից հետո ՕԵԿ-ին գրկաբաց չընդուներ: Մի՞թե եվրոպացին այնքան հիմար կլիներ ու չէր հասկանա, որ Հայաստանից հայկական մտածողության դուրսմղման հարցում Արթուր Բաղդասարյանն իսկական գանձ է:



Հասկանալի է, եվրոպական արժեքներին իրենց նվիրվածության մասին բրյուսելներում ու Երեւանում երդումներ տվել են նաեւ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը», բայց, կրկնում ենք, դրանով միայն ավելացրել են մեր անհանգստությունը: Ինձ ճիշտ հասկացեք, խնդրում եմ, ես նախանձ մարդ չեմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ՀՀԿ-ն անդամակցել մի կառույցի, որի համար գերագույն արժեք է ներկուսակցական ժողովրդավարությունը: Ես ներողություն եմ խնդրում հայ հասարակությունից այն բանի համար, որ չեմ կարողանալու լուսավորել նրան այս նրբին հարցում: Ստացվում է, որ ԲՀԿ-ի ներսում ավելի քիչ ժողովրդավարություն կա, քան ՀՀԿ-ի, մի բան, որ խիստ վիճելի է. մեկում Գագիկ Ծառուկյանն է, մյուսում` Սերժ Սարգսյանը: Բայց եթե եվրոպացիներին այնքան էլ տեսանելի չէ ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի թագավորական ծիրանին, ապա Սերժ Սարգսյանի միանձնյա տիրապետությունը ՀՀԿ-ում աշխարհի աչքի առաջ է: Վկան` մեր նախորդ քաղաքական շաբաթը, որի վերլուծության համար այլեւս տեղ ու ժամանակ չմնաց: Համ էլ ի՞նչ վերլուծես: Սերժ Սարգսյանն առաջադրեց, ՀՀԿ-ն միաձայն պաշտպանեց, ԱԺ-ն էլ, Հայաստանում ի՞նչն է շատ` թատրոնը, «Ժառանգության» հետ թունդ մրցակցության պայմաններում օրինականացրեց Սերժ Սարգսյանի առաջարկը: Իսկ այդ նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» անցնում էին ԵԺԿ շարքերը:



Էդիկ Անդրեասյան