Մինչեւ նոր տարի նեղանալ չկա

Մինչեւ նոր տարի նեղանալ չկա
Government-2011



Ասում են, որ այս տարեմուտին հանրահայտ «Ֆորբս» ամսագիրը կազմելու է աշխարհի լավագույն տասը կառավարությունների ցանկը: Government-2011 մրցույթին մասնակցող ՀՀ կառավարությունն արդեն հայտարարել է, որ կազմակերպիչները, թեեւ նախապես հայտարարել էին, որ սա շոու է լինելու, փոխել են իրենց մոտեցումները եւ առաջին հերթին հաշվի են առնում կառավարությունների իրական ձեռքբերումները: Մեր հույսը մնացել է Տիգրան Սարգսյանը, որ հաղթելու մեծ շանսեր ունի «Միստր անկաշկանդ պահվածք» անվանակարգում:



Կոնսոլիդացվել են



Ասում են` հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց տարեմուտի հավաքում բոլոր զենքերը վայր են դրել, երբ առաջարկվել է այսպես խմբով վեր կենալ եւ գնալ Հովիկ Աբրահամյանի Նոր տարին շնորհավորելու: Իմանալով այս մասին` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շտապել է ասել, որ լրագրողները մտադիր են սեղանի շուրջ անկեղծացնել Հովիկ Աբրահամյանին եւ նրանից իմանալ ՀՀԿ նախընտրական շտաբի տեղը:



Էլ չի խառնի



Գալուստ Գրիգորիչը կոալիցիոն գործընկերների մեջ տարբերություն չի դնում: Այնքան չի դնում, որ երբ մի անգամ, մարտի 8-ին, Հեղինե Բիշարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը կատակով փոխանակել են իրենց կրծքանշանները, գլխի չի ընկել: Բայց վերջերս Գրիգորիչի գործը հեշտացավ: Հեղինե Բիշարյանն այսուհետ, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, երկու կրծքանշանով կլինի` ՕԵԿ-ի եւ ԵԺԿ-ի:



Ներխմբակցական ժողովրդավարություն



«Ժառանգությունն» արդեն հասցրեց արդարացնել ԵԺԿ անդամի իր կարգավիճակը` ներքին ժողովրդավարության մասով: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է, որ եթե ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի համար առաջադրվեր ինքը եւ ոչ թե անկուսակցական Լարիսա Ալավերդյանը, ինչը շտապողականության հետեւանք էր, ապա քվեարկության արդյունքներն այլ կլինեին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` չորս ձայն ստացած տիկին Ալավերդյանը, ի պատասխան «Ժառանգության» ղեկավարի, ասել է` համաձայն եմ, նա երկու ձայն կստանար:



Ժողովեց Էդիկ Անդրեասյանը