ԲՀԿ-ն չի՛ կարող մասնակցել ընտրություններին

ԲՀԿ-ն չի՛ կարող մասնակցել ընտրություններին
Սիրելի  «Հրապարակ»



Շնորհակալություն ենք հայտնում  «Անպտուղ  քննարկումներ»  խմբագրականում ներկայացված, ԶԼՄ-ներում  վաղուց անհրաժեշտ տեսակետի համար: Անկասկած, զավեշտի  են  վերածվել ՀՀԿ-ԲՀԿ  հարաբերություններն իբր  սրված  ներկայացնողների փորձերը, որոնք «չեն  նկատում» առնվազն հետեւյալ  երկու   ակնհայտ  փաստերը, այն  է՝



1. Քոչարյան-Սարգսյան   անբաժանելիությունը  ցմահ  է, ավելին՝ հակառակն ինքնասպանություն է  նրանցից յուրաքանչյուրի համար,



2. ԲՀԿ-ն  գլխիկոր  մասնակցում  է  ՀՀԿ-ական բոլոր օրինախախտումներին եւ, առաջին հերթին, ընտրախախտումներին:



Իհարկե, բացառված չէ նաեւ, որ ընտրությունների  շեմին  «պատերազմ» ստացվի ՀՀԿ-ԲՀԿ-ական  միամիտ  բանակների  միջեւ՝ ԲՀԿ-ական ընդդիմադիր  կարգավիճակի  վերջնական հաղթանակի համար, որի ցանկության մասին արդեն չի էլ  թաքցնում ԲՀԿ  ղեկավարը:  Սակայն  այսօրվա  մեր  խնդիրն  այդ  բեմականացման  արձանագրումը  չէ...



Չվերհիշելով ՀՀԿ-ԲՀԿ-ական համագործակցված  ապօրինությունները նախորդ  ընտրություններում, այդ  թվում՝ ԿԸՀ-ում, փորձենք  մի փոքր  առաջ գնալ  եւ  խոսենք  հիշյալ  բեմականացման  նպատակների  իրականացման  կանխման  կամ  հետեւանքների   վերացման  իրավական հիմքերի  մասին, մասնավորապես.



1. ՀՀԿ-ն  ակնհայտորեն  յուրացրել  է  իշխանությունը  եւ պետական հսկայական  միջոցներ  է օգտագործում  հօգուտ  կուսակցական շահերի:



2. ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից կուսակցություն  չի  եղել  եւ  շարունակում է գործել որպես բարեգործական կազմակերպություն, այն  էլ՝ ամենահզոր:



Այդ մասին բոլոր  փաստերն  ու  իրավական հիմքերը՝ առնվազն մեր կողմից,  անարդյունք  շարունակում  են ներկայացվել պետական  իրավասու մարմիններ  եւ  ՀՀ  նախագահին: Ավելի  քան  ակնհայտ է, որ 2012թ.  ԱԺ ընտրությունները  ծրագրավորված կեղծվում  են  այսօր,  եւ ստեղծված  պայմաններում կարող  է  հարկ էլ  չլինի  դրանով զբաղվել  քվեարկության օրը, ինչի  մասին  ոգեւորված  հայտարարում են ՀՀԿ-ԲՀԿ-ականները:



Այս տեսակետն իհարկե լուրջ չեն համարում այն  սոցիոլոգները  եւ  քաղաքագետները, որոնք  իրենց մասնագիտության  հիմքը՝ իրավագիտությունը  մոռացած, ԶԼՄ-ներում  երկարաժամկետ օրոր-շորոր  են գալիս՝   ՀՀԿ-ԲՀԿ-ական  շարքերում  տեղ  զբաղեցնելու համար: Ավելի ծանր վիճակում են գտնվում  քաղաքական ուժերը՝ առանց բացառության, որոնք  իրենց օրն անցկացնում  են   հնամաշ միջոցառումներով, լրջորեն  չանդրադառնալով ընտրական գործընթացներին  առնչվող լրջագույն խնդիրներին, մասնավորապես.



1. Ընտրական օրենսդրությունը գտնվում  է ողորմելի  վիճակում (խոսքն ԸՕ-ի մասին չէ), մասնավորապես՝ դատական, քրեական, վարչական քրեական դատավարության օրենսգրքերը, «Կուսակցությունների մասին», «Բարեգործության մասին», «ՍԴ-ի մասին» (նաեւ ՍԴ  կանոնակարգ), «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքները,



2. ԸՕ-ի  բացերը մեծամասնական համակարգի առկայության կամ ստորագրված ցուցակների «կախել  ու չկախելու» մեջ  չեն, այլ՝ բողոքարկման համակարգի անմխիթար  վիճակի, դիտորդների  եւ վստահված անձանց  իրավունքների սահմանափակման, ընտրական գործընթացներում  կուսակցությունների  «բարեգործության» թույլատրման, մինչնախընտրական  քարոզչության ժամանակահատվածի անկառավարելիության, պետական միջոցների վատնման եւ ամենագլխավորը՝ «խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա» դրույթի  անտեսման  մեջ,



3. ՀՀԿ-ԲՀԿ-ական   ներկայիս  ապօրինությունները,



4. օրենքին հակասող կուսակցությունների  գործունեությունը, իրավասու  պետական մարմինների  բացարձակ  անգործությունը  եւ այլն:



Օրինական ընտրությունների  անցկացման  դեմ լրջագույն մարտահրավեր  է դարձել  նաեւ եվրոպական  կառույցների  օրեցօր  աճող աջակցությունը հայաստանյան կոալիցիոն    ուժերին, որի  գլուխգործոցն  էր  Եվրոպայի  ժողովրդական  կուսակցության   կողմից  ԲՀԿ-ին  անուշադրության մատնելը: Այսինքն հասկացրին, որ  ԲՀԿ-ն  էլ  է ընդդիմություն, եւ  ԵԺԿ-ին  հայաստանյան  մեկ ընդդիմությունն  առայժմ բավարար  է:



Որեւէ  նախընտրական տարում  իշխանություններն իրենց վերարտադրման համար այս  աստիճանի  պատրաստված չեն  եղել, իհարկե՝ շնորհիվ զանգվածային  օրինախախտումների, որոնցում  յուրահատուկ դեր  ունի թերեւս ԲՀԿ-ն՝ իր  բարեգործական բռնություններով եւ այդ իմաստով՝  նենգ գործելաոճով՝  շնորհիվ  ժողովրդի  աղքատության  ու  պետական  իրավասու մարմինների  կոալիցիոն  անգործության:  Դա պետք է հասկանան  նաեւ  ԲՀԿ-ական մտավորականները, որոնք ակտիվորեն  գովաբանում  են  մարդկանց  պատիվն ու  արժանապատվությունը  նսեմացնող     գավառական  միջոցառումները: Այդ  իմաստով  վատ  չէր  լինի, վերջապես, պարզաբանեին  նաեւ, թե ինչու են  կուսակցությանը  մասնակից  դարձնում  բարեգործություններին  եւ    զանգվածային  ձեւով  ցուցադրում  հեռուստաընկերություններով:  Ավելին, եթե  ՀՀԿ-ԲՀԿ  իբր սրված հարաբերությունները «թատրոն»  չեն, ապա  ինչո՞ւ ՀՀ նախագահի պաշտոն  զբաղեցնող  ՀՀԿ-ականը  միջոցներ  չի ձեռնարկում  ԲՀԿ անթաքույց  հակասահմանադրական գործունեության  կանխման ուղղությամբ:



Ինչեւէ, ըստ մեր գնահատականների, մյուս մրցակիցների  հանդեպ ստարտային այս ծայրահեղ անհավասար  պայմաններում իշխանական կոալիցիան  լիովին  պատրաստ  է  «օրինական» ընտրությունների (այսինքն՝  քվեարկության):   Մնում  է միայն, որ  ընդդիմադիր  տեսախցիկները  եւ  եվրոպական դիտորդներն  արձանագրեն  կոալիցիոն վերարտադրությունը:



Թերեւս անհույս այս իրավիճակում 2012թ. ԱԺ օրինական ընտրությունների  անցկացման  համար անհրաժեշտ  են  կտրուկ (ծայրահեղ) միջոցներ, մասնավորապես  կոալիցիոն  ապօրինությունների  իրավական  գնահատականները  հիմք ընդունելով.



1. լայնածավալ  շարժում  սկսել  եվրոպական  կառույցների  կողմից  իրենց  պարտավորությունների  չկատարման  եւ  մեր երկրի ներքին գործերին միջամտության դեմ: Հավանաբար, դա  խթան կհանդիսանա նաեւ  Սփյուռքի՝ այս հարցում  այդքան անհրաժեշտ  աջակցությանը:



2. անհապաղ  քննարկումներ  սկսել  ՀՀԿ  կողմից  իշխանության  յուրացման, պետական միջոցների  զանգվածային  վատնման, ինչպես նաեւ ԱԺ  ընտրություններին  ԲՀԿ  մասնակցության հակաօրինականության խնդիրների շուրջ:



Իսկ ԲՀԿ-ի մասնակցությունն  ԱԺ  առաջիկա ընտրություններին, համաձայն  ՀՀ օրենսդրության պահանջների, արդեն  իսկ  կնշանակի  ապօրինի  ընտրություններ:



Ամեն  դեպքում, ՀՀԿ-ԲՀԿ-ական ապօրինությունների  դեմ պայքարը պետք է տանել այսօր. ընտրական գործընթացներում  դա  ոչ միայն ուշ  կլինի, այլեւ՝ անիմաստ:



Ռուբեն Թորոսյան, ՀՊԱԿ  նախագահ