Բարեսրտության կոչ նախարարից

Բարեսրտության կոչ նախարարից
Երեկ մենք լուր էինք տպագրել այն մասին, որ ֆինանսների նախարարը հրահանգել է նախարարության աշխատակիցներին տոնածառի երկուական խաղալիք բերել, որ իրենց ձեռքով զարդարեն նախարարության տոնածառը: Գրել էինք, որ աշխատակիցները զարմացել են այդ տարօրինակ հանձնարարականի վրա եւ ասում են, որ այս տարի ֆիննախի տոնածառը հանրապետության «ամենառաբիզ տոնածառն է» լինելու: Ի պատասխան մեր հրապարակման՝ ֆինանսների նախարարությունը երեկ պարզաբանում է տարածել. «Այսօր մի շարք լրատվամիջոցներում, որպես ուշագրավ նյութ, նշվել էր ՀՀ ֆինանսների նախարարության տոնածառի զարդարման մասին տեղեկատվությունը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել. նախաձեռնությունը եղել է  ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներինը, որի խորհուրդը միասնաբար ամանորյա տոնածառը զարդարելն էր:



ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատում է ավելի քան 650 աշխատակից, ուստի եթե յուրաքանչյուրին պարտադիր հանձնարարվեր բերել երկուական խաղալիք, ապա դրանք կբավականացնեին նաեւ Հանրապետության հրապարակի տոնածառը զարդարելուն: Ցավում ենք, որ նման միասնական ամանորյա խորհուրդ ունեցող նախաձեռնությունը նախարարության մի քանի աշխատակիցների կողմից ընկալվեց, իսկ լրատվամիջոցների կողմից պիտակավորվեց Ամանորին ամենեւին ոչ հարիր բարեսրտությամբ»: