Ֆաքսակռիվը շարունակվում է

Ֆաքսակռիվը շարունակվում է
ՀՌԱԿ ատենապետ (?) Հարություն Առաքելյանն արդեն չորրորդ անգամ է ֆաքս արել ՀՀ վարչապետին, որ վերջինս նախապատրաստվի առաջիկա հարցաքննություններին: Մազալու մարդ է Առաքելյանը: Լավ չէ՞ր լինի դատախազություն ընդամենը մեկ ֆաքս ուղարկել հետեւյալ բովանդակությամբ ու հարցը փակել. «Ներողություն, այդտեղ՝ դատախազությունում, պատրաստվո՞ւմ եք իմ հայտարարությունների հիման վրա հարցաքննության կանչել վարչապետին, թե՞ ոչ»: Էնքան ֆաքս գրեց Տիգրան Սարգսյանին, որ, ով գիտի, հայրենի կառավարության ֆաքսի ռուլոնը պրծել ա: Թող Հարություն Առաքելյանը չնեղանա մեզնից, բայց այս իրավիճակը հիշեցնում է «Խոշոր շահում» ֆիլմը: Երբ քաղաքացի Գառնիկի ընդամենը 30 կոպեկով շահած «Զապորոժեցը» եւ Գառնիկն ինքը դարձան հասարակական քննարկման առարկա, եւ ոստիկանությունից եկան պարզելու գործի հանգամանքները, չուզող հարեւաններից մեկը բացեց իր գրառումների տետրն ու սկսեց կարդալ.



- Ո՞վ կարող է ասել` այս ժամանակահատվածում քանի՞ կիլոմետր վազք է կատարել քաղաքացի Գառնիկը:



- Է, ես… է, չգիտեմ, ես ի՞նչ իմանամ,- տարակուսում է Գառնիկը:



- Չգիտե՜ե՜եմ… Ես ձեզ կասեմ, հարգելի հարեւաններ: Նա կատարել է 30 հազար կիլոմետր վազք: Ո՞ւր է քշել, ո՞ւմ համար է քշել, ինչո՞ւ է քշել… Ա՜ա՜ա՜, նա լռո՞ւմ է:



Այս «փաստերից» եւ թաղայինի ներկայությունից սահմռկած հարեւանները հազիվ են ուշքի գալիս.



«Այդ ո՞ւմ լավություն չի արել Գառնիկը, ո՞ւմ նեղ օրին չի հասել…»:



Այնքան են աղմկում, որ Գառնիկի ավտոյով մեկ-մեկ գործի գնացող-եկող թաղայինը ձեռքը խփում է սեղանին ու թեման փակում:



Հարություն Առաքելյանի ֆաքսերի հիմքում, թվում է, նույն սցենարն է ընկած: Բերենք մի հատված երրորդ բաց ֆաքսից. «Հարց 1. Որտեղի՞ց  գոյացավ այդ գումարը «Նաիրիտի» հաշվին: Հարց 2. Ինչո՞ւ 35 մլն դոլարից ընդամենը 150 հազար դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու եւ տեխնիկապես  անվտանգ  դարձնելու  գործին»: Նախկին ֆաքսերն էլ նույնանման հարցադրումներ են պարունակում` ինչո՞ւ այսքան բաժնետոմս հայտնվեց այս կազմակերպության ձեռքում, ինչո՞ւ այդ բաժնետոմսերի այսքան մասը գրավ դրվեց այսինչ բանկում, եւ այսպես շարունակ: Նպատակը ո՞րն է: Կատարված հանցագործության բացահայտո՞ւմը: Եղբայր, էս թվին ո՞վ է Fuck-սով հարց լուծում, էն էլ ոչ թե աչքից հեռու  Fuck-սով, այլ բաց, «ափաշկյարա»:



Հիմա` ո՞ւմ լավություն չի արել քաղաքացի Գառնիկը, ներողություն, Տիգրան Սարգսյանը, ո՞ւմ նեղ օրին չի հասել, քանի՞ դատախազի է թողել ճանապարհին ու հետը մինչեւ հրապարակ աշխատանքի չի բերել: Էլ չենք ասում, որ Կենտրոնական բանկի ու դատախազության շենքերն էն գլխից դեմ-դիմաց են:



Չէ՞ր կարող միթե Հարություն Առաքելյանը ռուլոնով ֆաքսը վերցնել, գնալ դատախազություն եւ հաղորդում տալ կատարվածի մասին: Հետո կարելի կլիներ նստել դիմացի այգու մի հարմարավետ նստարանի եւ զմայլվել սեփական հաղորդումից դատախազություն-կառավարություն ակտիվացած «շփումներով»: Չկա, էլի, ֆանտազիա չկա:



Առանց այն էլ արդարադատության նախարարությունն ատենապետությունը չգրանցեց: Ի դեպ, սրանց հրդեհված, կիսաքանդ շենքն էլ է այդ կողմերում: Խնդրեմ, երրորդ Fuck-սից մեկ-երկու օր չանցած` ՀՌԱԿ-ները միավորվեցին` Անտինյանը դաշինք կնքեց Ավետիքյանի հետ: Հիմա ումի՞ց է իր ատենապետությունը պահանջելու պարոն Առաքելյանը, երբ չորրորդ ֆաքսում անդրադառնում է կատարված փաստին: Ճիշտ է, որոշ ՀՌԱԿ-ականներ ՀՌԱԿ տարբեր թեւերի միավորումը բնորոշեցին որպես կուսակցության հանդեպ կատարված թրքաբարո գործողություն, բայց նկատենք, որ Ավետիքյանը դեռ չի խոսել: Որ խոսեց, ինչ է, թրքաբարո գործողությունը կիմանա՞ն որն է:



Օֆ դե, եսիմ: Այս աշխարհում ամեն մարդ իր ճիշտն ունի, իր սերիալը: Պրինցիպի` մի սերիալ ավել, մի սերիալ պակաս` ի՞նչ պիտի փոխի մեր կյանքում: «Աննա»-ով արդեն 300 սերիա է՝ Fuck-ս են անում հայ ժողովրդին, ի՞նչ է պատահել: Թող մի քիչ էլ Հարություն Առաքելյանը ֆաքս անի վարչապետին` 5, 6, 7… Երեւի դատախազությանն էլ է հետաքրքիր` դիվանին նստած` զմայլվում է:



Էդիկ Անդրեասյան