Իրավապաշտպանները չեն հավատում իշխանության կամքին

Իրավապաշտպանները չեն հավատում իշխանության կամքին
Ժամանակ առ ժամանակ ՀՀ իշխանությունը սիրում է զբաղվել մարդու իրավունքներով: Երեկ խորհրդարանում լսումներ էին կազմակերպվել Ազգային անվտանգության խորհրդի հեղինակած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շուրջ: Թվում է՝ կարեւոր հարց է, սակայն պատգամավորներին նման խնդիրները չեն հետաքրքրում, անգամ ՄԻՊ-ը մի կարճ ժամանակով ներկա գտնվեց ու հեռացավ. երեւի ավելի կարեւոր գործեր ուներ: Փոխարենը ներկա էին իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ ու տարբեր եվրոպացիներ:



ՀՀ իշխանությունն ընտրություններից առաջ որոշել է կատարել ԵՄ գործողությունների ծրագրի պահանջը եւ մարդու իրավունքների ռազմավարություն մշակել: Ըստ այդմ` սահմանվում է, թե ինչ են  մարդու իրավունքները, եւ հատկապես որ ոլորտում պետք է դրանք պաշտպանվեն: «Փառք Աստծուն, որ այս փաստաթուղթն արդեն կա»,- հայտարարեց ԱԺ ՄԻ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը:



Ռազմավարությունը ներկայացնող ԱԱԽ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանին հարցրինք, թե, փաստորեն, ռազմավարության պակա՞սն էր պատճառը, որ մեր երկրում մարդու իրավունքների վիճակը բարվոք չէ, եւ դրա ընդունումը կփոխի՞ ՀՀ իշխանության վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: «Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր հիմնարար արժեքներից է, որն ամրագրված է Սահմանադրության, գործող օրենսդրության մեջ: Այսինքն` անկախ ամեն ինչից, մենք դա ստանձնել ենք եւ մենք դա իրականացնում ենք: Պարզապես այս ռազմավարությունը պետք է ավելի արագացնի գործընթացը, ցույց տա, թե մենք որ ուղղությամբ ենք գնում: Սա մեր ազգային առաջնահերթությունն է, մեզ որեւէ մեկը չի պարտադրել»,- վստահեցրեց ԱԱԽ ներկայացուցիչը:



Հետաքրքրվեցինք, թե սա Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությո՞ւնն է: «Սա երկրի ղեկավարի նախաձեռնությունն է»,- հայտարարեց Թանանյանը: Հարցին՝ եթե այս ռազմավարությունն ընդունվի, Հայաստանում էլ ընտրություններ չե՞ն կեղծվի, «մարտի մեկ» չի՞ լինի: Արամ Թանանյանը պատասխանեց.  «Ընտրակեղծիքներ ընդհանրապես չպետք է լինեն, որովհետեւ կա Ընտրական նոր օրենսգիրք, որտեղ ամեն ինչ մանրամասն գրված է: Այլ բան է, եթե օրենքը չեն կատարում, խախտում են, դա արդեն այլ հարց է»:



«Կարծում եմ` անպայման չէր ռազմավարություն մշակել եւ ընդունելը, որ մարդու իրավունքների վիճակը բարելավվեր երկրում, կարծում եմ՝ դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ»,- մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն ռազմավարական կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը: «Միգուցե կարելի է ունենալ նման փաստաթուղթ, որն ավելի համապարփակ մոտեցում տա մարդու իրավունքների խնդիրներին տարբեր ոլորտներում եւ ուղղություն տա կառավարությանը, իրականացնի ինչ-որ բարեփոխումներ, սակայն այսօր էլ կան բազմաթիվ ռազմավարություններ` սկսած կայուն զարգացման ռազմավարությունից, հակակոռուպցիոն ռազմավարությունից, բայց դրանից ոչ կայուն զարգացումն է լավ վիճակում, ոչ կոռուպցիայի դեմ պայքարը»: Սոնա Այվազյանի խոսքով` ընտրություններին մոտենալով կտեսնենք, թե որքանով են իրականացվում այս ռազմավարության դրույթները:



Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով` ռազմավարությունն ավելի դեկլարատիվ բնույթ է կրելու` միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե Հայաստանը ջանքեր է գործադրում մարդու իրավունքների պաշտպանության համար: Հատկապես 2008 թվականի ճգմաժամից հետո: «Որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն՝ երկրում առաջին պայմանն անկախ դատական իշխանությունն է: Իսկ համապատասխան սահմանադրական փոփոխության անհրաժեշտությունը, որով դատարանը պետք է դե յուրե անջատված լինի գործադիր իշխանությունից, այս ռազմավարությունում չկա»: «Ես մեծ պատրանքներ չունեմ, որ առաջիկա ընտրություններն էապես տարբերվելու են նախորդ ընտրություններից, որովհետեւ Հայաստանում ամենակարեւոր խնդիրը լուծված չէ: Դա իշխանությունների եւ բիզնեսի սերտաճումն է, եւ ամեն անգամ ընտրությունների ժամանակ հարց է գնում ոչ միայն իշխանությունը, այլեւ սեփականությունը եւ բիզնեսը պահելու: Եվ կա սարսափ, որ իշխանությունը կորցնելու դեպքում իրենց բիզնեսը կարող է վերաբաշխվել: Ինչ-որ ձեւով գուցե այս ընտրությունները տարբերվեն նախորդ ընտրություններից, բայց որ կեղծիքները լինելու են, եւ իշխանությունն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, ես կասկած չունեմ: Թե ինչ կլինի դրանից հետո, ես սարսափով եմ սպասում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ հերթական անգամ ականատես ենք լինում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, եւ ոչ մի ռազմավարություն այստեղ չի փրկի»: