Հայտնաբերվել է 7 տարվա հետախուզումից հետո

Հայտնաբերվել է 7 տարվա հետախուզումից հետո
Երեկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի Լեդի Հակոբի (Հակոբ Հակոբյան) եղբոր՝ Սիմոնի որդի Ստեփանին:  Վերջինիս ձերբակալել են Կիեւյան կամրջի վրա: Նրան ուղեկցող երկու թիկնապահներին եւս տեղափոխել են ոստիկանություն: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, սպանության գործով մեղադրվող եւ գրեթե 7 տարի հետախուզման մեջ գտնվող Ստեփան Հակոբյանը ջերմ հարաբերություններ ուներ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու հետ:



Հավանաբար սրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ հետախուզման մեջ գտնվող անձը հանգիստ կյանք է վարել, հաճախակի խնջույքների մասնակցել եւ մշտապես հայտնվել աղմկոտ պատմությունների կենտրոնում:



Մեր տեղեկություններով, իրավապահները վերջին շրջանում հետեւել են Ստեփան Հակոբյանին, որի անվան հետ կապվող ամենավերջին աղմկահարույց դեպքն այն է, որ Ստեփանը ծեծի է ենթարկել իր խանութի աշխատակցին՝ նրա վրա բաց թողնելով կատաղած շների:



Նշենք, որ Ստեփան Հակոբյանի անունը շջանառվում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործի հետ կապված: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: