Ալիկ Սարգսյանի չունեցած բիզնեսները

Ալիկ Սարգսյանի չունեցած բիզնեսները
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկի թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ ինքը պատրաստվում է իր բիզնեսը տեղափոխել Հայաստանից, պատասխանել է. «Ես բիզնես չունեմ, ես կապ չունեմ ընդհանրապես դրա հետ»: Այն, որ հայ նախարարները, պատգամավորները, պաշտոնյաները, գեներալները եւ նրանց հավասարեցված անձինք ընդհանրապես հեռու են բիզնեսից, հայտնի է հայ հասարակության յուրաքանչյուր անդամի, եւ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում կասկածի տակ դնել այն փաստը, որ այս մարդիկ ապրում են բացառապես իրենց աշխատավարձով, որը երբեմն չի հերիքում անգամ կենցաղային կարիքները հոգալու համար: Այնպես որ մի տեսակ անհեթեթ ու նույնիսկ էթիկայից դուրս է հնչում նման ազնվագույն մարդուն հարցնել, թե իր բիզնեսն ուզո՞ւմ է տեղափոխել Հայաստանից: Ինչ-որ բան տեղափոխելու կամ անշարժ թողնելու համար նախ պետք է ունենալ դա:



Բայց մյուս կողմից ստացվում է, որ Հայաստանում կան հսկայական քանակությամբ տիրազուրկ գույք, աշխատող ռեստորաններ, հանքեր, գազալցակայաններ, հանրախանութներ ու տոնավաճառներ, որոնք ուղղակի տեր չունեն, քանի որ այն մարդիկ, որոնց դրանք ենթադրաբար պատկանում են, ջանք չեն խնայում հայտարարելու, որ իրենք այդ ամենի հետ որեւէ կապ չունեն: Եթե առաջ դա արվում էր՝ ցույց տալու համար, որ իրենք պետական պաշտոնը չեն ծառայեցրել անձնական հարստություն կուտակելու համար, ապա այժմ ունեզուրկ ձեւանալու նոր շարժառիթ է առաջացել. պատգամավոր դառնալու համար պետք է տարանջատվել բիզնեսից:



Օրինակ Արտաշատի «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրը, Արտաշատի շուկան, շուկայի հարեւանությամբ գտնվող հանրախանութը, Կանաչուտ, Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասի, Արտաշատ քաղաքի եւ Մասիս քաղաքի վերջնամասում գտնվող գազալցակայանները, Մասիսի տարածքում գտնվող ձկնաբուծարանները, Արաքս գետի ավազանում գտնվող ավազահանքերը, որոնց շահագործման արդյունքում Հայաստանը հսկայական տարածքային կորուստներ է ունենում, Երեւան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ընդհանուր առմամբ 37 հա հողը, Ջերմուկում կառուցվող հանգստյան տունը. դրանք Ալիկ Սարգսյանի սեփականությունը չեն: Նրանը չեն անգամ իր անունով գրանցված 75 հա տրավերտինի հանքը, իր քրոջորդի Արտակ Մանուկյանի անունով գրանցված 200 հա տրավերտինի հանքը, իր եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի անունով գրանցված 270 հա հանքերը: Նրանը չեն Ծաղկաձորի երեք առանձնատները, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում կառուցվող առանձնատունը: Սրանց հետ Ալիկ Սարգսյանը որեւէ կապ չունի: Մնում է պարզել, թե ումն է այս ամբողջ հարստությունը եւ էլի շատ բաներ, որոնք մենք չգիտենք: Դրանք նույնիսկ տիրազուրկ չի կարելի համարել, քանի որ այդ ամենն ստեղծվել, կառուցվել եւ ձեռք է բերվել մեր ժողովրդի համար: Միայն թե ժողովուրդը դրա մասին դեռ տեղյակ չէ: Հենց որ տեղյակ եղավ, հաստատ Ալիկ Սարգսյանից կպահանջի համապատասխան սեփականության վկայականները՝ դրանք իր անունով ձեւակերպելու համար, որից հետո «Ես բիզնես չունեմ» հայտարարությունն իսկապես կհամապատասխանի իրականությանը:



Ավետիս Բաբաջանյան