ՀՀԿ-ն դեռ ժամանակ ունի

ՀՀԿ-ն դեռ ժամանակ ունի
Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գրանցված արդյունքների դեմ զանգվածային ցույցերը թեպետ չեն դադարում, սակայն պետք է նկատել, որ, հակառակ որոշ փորձագետների կանխատեսման, այստեղ հեղափոխական վիճակ դժվար է պատկերացնել: Իսկ գլխավոր պատճառն այն է, որ  Պետդումա անցած կուսակցություններն ըստ էության չեն բողոքարկում այդ արդյունքները: Իհարկե, չի բացառվում, որ առաջիկայում զարգացումներն ավելի սրվեն, այդուհանդերձ չեն հասնի այն մակարդակին, որ իշխանություններն ստիպված լինեն հայտարարել, թե ընտրությունները չեն կայացել:



Եվ հակված չեմ մտածելու, որ կիրագործվեն բողոքավոր զանգվածի առաջադրած պահանջները, երբ փաստեր էլ չկան, որ ընտրախախտումներն ազդել են պրոցեսի արդյունքների վրա:



Թերեւս գլխավորն այն է, որ այս ամենից իշխանություններն անհրաժեշտ է, որ դասեր քաղեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ հանրապետություններում եւ հատկապես Հայաստանում, որովհետեւ սա ցույց տվեց, որ դիցուք Ռուսաստանում էլ պատրաստ չէին նման իրավիճակի… Իրականում տեղի իշխանությունների ստացած անակնկալ արդյունքները թելադրված էին հենց իշխող կուսակցության վարած քաղաքականությամբ: Եվ փաստ է, որ ժողովուրդն այլեւս մտադիր չէ հավերժ հանդուրժել անարդարությունը: Միանշանակ, նման պայմաններում քաղաքական կուրսի փոփոխություն պետք է իրականացվի, մանավանդ այն դեպքում, երբ Վլադիմիր Պուտինն ուզում է ընտրվել նախագահ, ընդ որում՝ առաջին փուլով: Նույն բանն էլ պետք է մեզ մոտ հասկանա իշխող կուսակցությունը եւ հատկապես նախագահը, քանի որ ավելի վատ վիճակ կարող է լինել Հայաստանում, որովհետեւ սոցիալական արդարությունը մեզանում իսպառ բացակայում է:



Սա լավ դաս է, ու եթե այս կարճ ժամանակահատվածում այս իշխանությունները հետեւություն չանեն, ապա թող չկասկածեն, որ ժողովուրդը կգնա ձախ ուժերի հետեւից:



Արամ Սարգսյան, Դեմկուսի նախագահ